Եթե ուզում եք կռիվ գցել ընդդիմադիր որեւէ շարժման մեջ, հարցրեք՝ «իսկ ո՞վ է վարչապետի ձեր թեկնածուն»: Գրեթե անվրեպ աշխատող գործիք է. մի 10-20 հոգու մեջ արթնանում է «էգո»-ն, եւ նրանք կա՛մ բարձրաձայն, կա՛մ հոգու խորքում հարց են տալիս՝ «իսկ ինչո՞ւ ոչ ես»: Ճիշտ նույն պատճառով, ի դեպ, մեզանում բազմաթիվ են մարդ-կուսակցությունները. նույնիսկ մեկ «Զապորոժեցի» թվաքանակ ունեցող կուսակցության մեջ ոչ ոք չի ուզում լինել «երկրորդ դեմք» կամ, առավել եւս, «վարչության անդամ»: Եվ սովորաբար 4 հոգանոց կուսակցությունները բաժանվում են 4 մասի:
«Ո՞վ է վարչապետի ձեր թեկնածուն» հարցն ունի եւս մեկ հետեւանք: Եթե ընդդիմադիրները սխալվեն եւ որեւէ անուն տան (ինչպես 2020 թվականին եղավ Վազգեն Մանուկյանի դեպքում), այդ անձնավորության դեմ սկսվում է վայրագ հակաքարոզչությունը: Դրա ամենաարդյունավետ ձեւերից մեկը հետեւյալն է. «Ես, իհարկե, Նիկոլին չեմ ընդունում, բայց Վազգեն Մանուկյանը…» (կարող է լինել ցանկացած անուն-ազգանուն): Չկա թեկնածություն, որը բոլորին դուր գա, հետեւաբար, միշտ կարելի է պատճառաբանություն բերել՝ «քանի որ ինքը կա, ես այդ գործում չկամ»:
Մյուս կողմից, սակայն, եթե ընդդիմադիր շարժումն ուզում է հաջողության հասնել, այն պետք է բացառի բարձր հակավարկանիշ ունեցող գործիչների որեւէ ուղղակի կամ անուղղակի մասնակցություն: Տվյալ դեպքում խոսքն առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանի մասին է: Ավելին՝ եթե երկրորդ նախագահն իշխանափոխությունն ավելի է կարեւորում, քան իր իշխանության վերադառնալը, նա պետք է հայտարարի, որ վարչապետ լինելու որեւէ ցանկություն չունի:
Եթե հիշում եք, 2021 թվականի ընտրություններից առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկում էր երեք նախագահներին միավորվել, բայց հայտարարել, որ իրենք՝ նախկին ղեկավարները, որեւէ պաշտոնի կամ մանդատի հավակնություն չունեն:
Կարդացեք նաև
Ճիշտ նույնությամբ այդ մոտեցումն, իհարկե, հնարավոր չէ կիրառել, բայց դա, ընդհանուր առմամբ, աշխատող մոդել է. ոչ թե հայտարարել, թե ով է վարչապետի թեկնածուն, այլ՝ ով ոչ մի պարագայում ՉԻ ԼԻՆԻ այս թեկնածուն:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
2021 թվականի ընտրություններից առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի այդ առաջարկին ազդեցութիւնը, ի միջի այլ ազդակների, նպաստաւոր հանդիսացաւ՝ Փաշինյանի վարչակարգի վերարտադրումին:
Ներկայիս սակայն, ուրիշ է կացութիւնը:
Մ. Հայդուկ Շամլեան