Այս օրերին երբեմն կարելի է հանդիպել կարծիքների, թե ինչպես կարող է հոգևորականը գլխավորել քաղաքական շարժում, ինչպես կարող է լինել վարչապետ (թեպետ այդ մասին ներկայում դեռևս խոսք անգամ չկա) և այլն: Իրականում հենց թեկուզ մեր ժողովրդի պատմության ընթացքում ոչ մեկ անգամ Եկեղեցին ու հոգևոր դասն են կանգնել երկրի ու ժողովրդի փրկության ակունքներում: Ավելին, համաշխարհային պատմության մեջ ևս շատ բացառիկ բան չէ, երբ հոգևորականը գլխավորում է ժողովրդական շարժումը, ապա և՝ պետությունը: Սոցցանցերում բերվում է, ասենք, Կիպրոսի օրինակը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կիպրոսը դեռևս բրիտանական գաղութ էր, և այն ժամանակ Կիպրոսի ուղղափառ եկեղեցու հովվապետ Մակարը գլխավորեց ազատագրական շարժումը:
Կիպրոսի անկախության հռչակումից հետո Մակարն ընտրվեց այդ երկրի նախագահ: Նա մինչ այդ բավական ծանր ճանապարհ էր անցել, ընդհուպ ձերբակալություն, աքսոր և այլն, բայց չէր հանձնվել: Ի դեպ, 1975 թվականին նա վերստին ընտրվեց նախագահ ու պաշտոնավարեց մինչև իր մահը՝ 1977 թվականը:
Իհարկե, նման համեմատություններն այսօրվա իրականության և Բագրատ Սրբազանի հետ հազիվ թե ամբողջովին արդարացված են՝ հաշվի առնելով ժամանակաշրջաններն ու հանգամանքները, բայց մի ընդհանրություն, այդուամենայնիվ, կա. ինչպես այն ժամանակ, հիմա էլ Արևմուտքը (Կիպրոսի դեպքում՝ Բրիտանիան) և Թուրքիան փորձում են ամուր պահել իրենց ձեռնտու «իրերի դասավորությունը», այս պարագայում՝ Հայաստանի գործող իշխանություններին, որոնք հլու հնազանդ կատարում են նրանց թելադրանքը՝ Հայաստանը վերածելով յուրատեսակ գաղութի:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում