Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատավորների գործով» ՍԴ-ն հրապարակեց նոր որոշումները

Մայիս 18,2024 12:30

ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի գործով էլ, ապրիլի 30-ին բանավոր ընթացակարգով քննելուց հետո, Սահմանադրական դատարանը մտել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Մայիսի 13-ի որոշմամբ դիմողի գործի անհատական հանգամանքների վերլուծությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՕ-333-Ն սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելու պահից մինչեւ արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշումը տեւել է 3 ամիս 17 օր։ Դատարանը վարույթը կարճելու մասին որոշում է ընդունել, արձանագրելով. «Սահմանադրական դատարանի կողմից գործի ի պաշտոնե քննության արդյունքում զեկուցող դատավորների կողմից ձեռք բերված նյութերը (այդ թվում նաեւ՝ դիմողի նկատմամբ կարգապահական գործի նյութերի պատճենները) նույնպես չեն պարունակում որեւէ ապացույց առ այն, որ Ս. Անտոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմնի կողմից 3 ամիս 17 օր անց կարգապահական վարույթ հարուցելու համար օգտագործված ժամանակը անողջամտորեն երկար կարող էր համարվել Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի իմաստով «իր հիմնական իրավունքների եւ ազատությունների խախտման» առերեւույթ (prima facie) առկայությունը Սահմանադրության 49-րդ հոդվածի իմաստով հաստատված համարվելու համար (Սահմանադրության 79-րդ հոդվածի համակցությամբ)»:

Նշեմ, այս գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ակտն ուժի մեջ մտնելուց հետո անցել է 15 տարի…

Մայիսի 7-ին Սահմանադրական դատարանում գրավոր ընթացակարգով նշանակված դատավոր Դավիթ Հարությունյանի դիմումի ընթացքի մասին երեկ տեղեկացանք, որ հերթական անգամ հետաձգվել է: Պարզվեց՝ ՍԴ-ն մայիսի 14-ին աշխատակարգային որոշմամբ դատաքննությունը նշանակել է մայիսի 21-ին:

Հիշեցնեմ, արդեն չորրորդ անգամ է: Նախ, Սահմանադրական դատարանը մարտի 22-ի իր աշխատակարգային որոշմամբ, «ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից», Երեւան քաղաքի քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի գործի քննությունը հետաձգել էր եւ նրա դիմումի հիման վրա՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի եւ դրա հետ փոխկապակցված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասի եւ դրա հետ փոխկապակցված նույն սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի՝ հաշվի առնելով նաեւ նշված դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները, Սահմանադրությանը համապատասխանության գործով դատաքննությունը նշանակել էր 2024 թվականի մայիսի 7-ին: Այն գրավոր ընթացակարգով էր: Մինչ այս ՍԴ-ն նշանակել էր գործի քննությունը փետրվարի 6-ին, ապրիլի 2-ին:

Դիմողը ներկայացրել էր այն իրավիճակը, ինչը պատճառ էր դարձել ՍԴ դիմելու:

2023թ. ապրիլի 20-ին արդարադատության նախարարի պարտականությունները կատարողը կայացրել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին N 31-Ա որոշումը։ Կարգապահական վարույթը հարուցվել է դիմումատուի կողմից օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին, 6-րդ եւ 8-րդ մասերով նախատեսված դատավորի վարքագծի կանոնների ենթադրյալ խախտման հատկանիշներով: Կարգապահական վարույթի հարուցման հիմք է հանդիսացել ՀՀ արդարադատության նախարարության մամլո խոսնակի կողմից կազմված եւ նախարարին ներկայացված զեկուցագիրը, որը վերաբերում էր 2023թ. ապրիլի 7-ի Դ. Հարությունյանի հրապարակային խոսքին։ 2023թ. փետրվարի 27-ին դատավորը քննադատություն է հնչեցրել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի կողմից նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ՝ ընդգծելով նաեւ իր մտահոգությունները ԶԼՄ-ների հետ դատավորների շփումը սահմանափակող կարգավորում նախատեսելու մասին։ Նա անդրադառնում է նաեւ 20-ից ավելի դատավորների լիազորությունների դադարեցման հարցին: Դիմումատուն իր խոսքում խնդրում է նաեւ իր գործընկերներին լծվել Խորհրդի դատավոր անդամների պաշտպանությանը` ընդգծելով, որ նրանք ունեն պաշտպանության ու օգնության կարիք։ 2023թ. ապրիլի 7-ին Հարությունյանը ԶԼՄ-ների հետ հերթական զրույցի ընթացքում կրկին արտահայտել է իր տեսակետը Խորհրդի նախագահի եւ նախարարի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: Դիմումատուն, ի թիվս այլ հարցերի, ընդգծել է իր մտահոգությունն առ այն, որ վերջին վեց ամսվա ընթացքում դադարեցվել են 20-ից ավելի դատավորների պաշտոնավարում։ Նույն օրը՝ 10 րոպե տեւողությամբ հարցազրույցի ընթացքում, նա անդրադարձել էր նաեւ Խորհրդի նախագահի եւ Խորհրդի անդամներից մեկի հայտարարությանը, ըստ որի՝ Խորհրդի ներսում բոլոր որոշումները կայացվում են «բացարձակ կոնսենսուսի» պայմաններում»:

2023 թվականի մայիսի 12-ին եւ 19-ին դատավորը երկու գրություն է ուղարկել նախարարություն, խնդրել է «տրամադրել ողջամիտ ժամկետ՝ վարույթի ամբողջ նյութերին ծանոթանալու եւ իր պաշտպանությունը կազմակերպելու համար», ապա՝ պարզաբանել, թե «իր հրապարակային խոսքի ո՞ր հատվածն է դիտարկվել որպես դատավորի վարքագծի կանոնի խախտում»։

Միջնորդությունը մերժվել էր եւ նրան չէր պարզաբանվել նրա խոսքի ազատության սահմանափակման տվյալ դրսեւորմամբ հետապնդվող իրավաչափ նպատակը։ 2023 թվականի մայիսի 24-ին նախարարությունը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ` խնդրելով լուծել դիմումատուին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ ԲԴԽ նախագահի 12.06.2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշմամբ կայացվել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննության կապակցությամբ հունիսի 19-ին նիստ նշանակելու մասին: 2023թ. հունիսի 19-ին Խորհրդի բանավոր արձանագրային որոշմամբ վարույթի քննությունը շարունակվել է դռնփակ ռեժիմով։ «Չի կայացվել պատճառաբանված որոշում, որով կարող էին հասանելի դարձվել հետապնդվող իրավաչափ նպատակի վերաբերյալ հիմնավորումները դատավարության կողմերի, ինչպես նաեւ հանրության համար։ Գործի քննությունը դռնփակ իրականացնելու պատճառաբանությունը զետեղվել է միայն վերջնական դատական ակտի պատճառաբանական մասում, դատական նիստի ընթացքում որեւէ պատճառաբանություն չի նշվել: Վերջնական ակտի պատճառաբանության համաձայն` վարույթի քննությունը դռնփակ ռեժիմով անցկացնելը հետապնդել է արդարադատության շահի պաշտպանության ապահովման նպատակ», ՍԴ-ին ուղղված դիմումում տեղեկացրել էր դատավոր Դ.Հարությունյանը:

Ըստ Դ.Հարությունյանի. «Թեեւ գործի ամբողջ քննությունը դռնփակ իրականացնելու մասին որոշումը ԲԴԽ-ն կայացրել է հենց սկզբում` առաջին իսկ դատական նիստում, սակայն դրա հիմնավորում նշվել է մասնավորապես նաեւ դատավորի եւ նրա ներկայացուցիչների «հակասոցիալական» պահվածքը հետագա նիստերի ընթացքում, այն, ինչ ամբողջ դատավարության ընթացքում ԲԴԽ-ն դատական սանկցիա է կիրառել միայն ներկայացուցիչ, փաստաբան Լ.Մկրտչյանի նկատմամբ իրավունքների իրացման հնարավորություն չստանալու հարցի բարձրաձայնման համար եւ հունիսի 26-ի դատական նիստում դատավորի նկատմամբ, որի արդյունքում վերջինս հեռացվել է դատական նիստերի դահլիճից: Պետք է փաստել, որ եթե վարույթը դռնբաց, հրապարակային լիներ, ապա կարգապահական պատասխանատվության ենթարկված դատավորը հնարավորություն կունենար հրապարակայնորեն ապացուցելու, հերքելու իրականությանը չհամապատասխանող (թեկուզեւ ըստ ԲԴԽ-ի տեղի ունեցած) բարի համբավն արատավորող նման կեղծ տեղեկությունների արձանագրումը: Հակառակ դեպքում գործի քննության հրապարակայնության սկզբունքն ապահովվելու դեպքում միջամտություն տեղի չէր ունենա դիմողի արդար դատաքննության ու բարի համբավի, ինչպես նաեւ հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքների նկատմամբ»: Օրենքները, ըստ դիմումատուի, փաստորեն, նախատեսում են մի ընթացակարգ եւ/կամ առկա է օրենսդրական այնպիսի բաց եւ/կամ օրենքի իրավակիրառ պրակտիկայում այնպիսի մեկնաբանություն, որն իրավական (թե նաեւ ընդհանուր) տրամաբանությունից ակնհայտորեն դուրս է ու միջամտում է անձի Սահմանադրությամբ սահմանված հիմնարար իրավունքներին եւ/կամ վտանգում է անձի արդար դատաքննության իրավունքը: 2023թ. հունիսի 2-ին Դատավորների եվրոպական միությունը (EAJ) ընդունել է «Հայաստանում դատական անկախության վրա ազդեցություն ունեցող արդի խնդիրների վերաբերյալ» հայտարարությունը` արձանագրելով դատավորների անկախության, կարգապահական վարույթների, ազատ խոսքի իրավունքի, խորհրդի կազմի պայմաններում առաջացած մարտահրավերների մասին: Անդրադարձ էր կատարվել նաեւ Երեւան քաղաքի քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի գործին:

Դավիթ Հարությունյանը Սահմանադրական դատարանի առջեւ բարձրացրել է հետեւյալ հարցերը.

ա) Արդյոք կարելի է դատավորին հեռացնել դատական նիստերի դահլիճից: Այն պայմաններում, երբ դատավարության բոլոր օրենսգրքերով արգելված է դատական նիստերի դահլիճից հեռացում դատական սանկցիայի կիրառումը դատավարության պրոֆեսիոնալ մասնակիցների` դատախազների, փաստաբանների նկատմամբ, եւ՝ կամ արգելվում է ցուցմունք տվող վկայի նկատմամբ, դեռ ավելին` այլ անձանց, մեղադրյալների նկատմամբ կիրառվելու դեպքում նախատեսվում է պարտադիր տեւողություն, պարտադիր արտահայտվելու հնարավորության ընձեռում, փաստաբանի պարտադիր մասնակցության ապահովում, ապա որքանով է սահմանադրական դրա կիրառումը դատավարության մասնակից դատավորների նկատմամբ (հատկապես, երբ չի ապահովվում փաստաբանի ներկայություն, դատավորը չի տվել բացատրություն, չի ներկայացրել նյութեր, չի մասնակցել ապացույցների հետազոտմանը, ելույթ չի ունեցել եւ այլն): բ) Արդյոք կարելի է իրականացնել դռնփակ դատավարություն բացառապես «արդարադատության շահի պաշտպանության» վկայակոչմամբ` դատական իշխանության հեղինակությունը պաշտպանելու պատրվակով, եթե առկա չեն օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքների, շահերի (օրինակ` նախաքննական, դատավարության մասնակիցների անձնական, ընտանեկան գաղտնիքների, շահերի եւ այլն) պաշտպանության օբյեկտիվ անհրաժեշտություն կամ՝ նպատակ: Սահմանադրական դատարանն ըստ էության նշված հարցերի վերաբերյալ դիմումն է վարույթ ընդունել:

Դիմողը Սահմանադրական դատարանից ակնկալում էր, որ պետք է քննության առարկա դարձնի այն հարցը, թե որքանո՞վ է սահմանադրական այն իրավիճակը, կամ որքանով է համապատասխանում Սահմանադրությանը օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը եւ 90-րդ հոդվածի 6-րդ մասը եւ/կամ դրա իրավակիրառ պրակտիկայում առկա մեկնաբանությունը, ըստ որի, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննությունը կարող է իրականացվել դռնփակ արդարադատության շահերի պաշտպանության նպատակով` դատավորի կողմից հնչեցրած` օրենսդրական եւ/կամ ԲԴԽ որոշումների ոչ օրինական լինելու, ընդհուպ, ինչպես ԲԴԽ-ն է գնահատել, դատական իշխանությունը հեղինակազրկելու վերաբերյալ ենթադրյալ խախտումների գործով:

Նշեմ, որ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ նախկինում երբեւէ կարգապահական վարույթներ չեն հարուցվել ու նա որեւէ պատասխանատվության չի ենթարկվել: Նա 2011-2023թթ. հանդիսացել էր առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.05.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031