Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թափառական թեմաներ եւ թափառական արվեստ

Մայիս 18,2024 12:00

Ակրամ Խանի «Ժիզելի» հյուրախաղը

Վերջերս Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ ոչ թե մեզ ծանոթ Ադանի «Ժիզել» բալետային ներկայացումը, այլ Անգլիայի ազգային բալետի Ակրամ Խանի բեմադրած համանուն բալետը։ Վերջինիս հայտագիրը երեւալուն պես սկսվեցին տարաբնույթ խոսակցություններ, մեկնաբանություններ, նույնիսկ մասնագիտական շրջանակներում։ Հենց այդ պատճառով էլ մինչ Ակրամ Խանի «Ժիզելի» մասին մեր խոսքը, նպատակահարմար գտանք փոքր էքսկուրս ներկայացնել։

Այսպես. արվեստաթատերաերաժշտագրականագետները լավ գիտեն թափառական թեմաների մասին, այն դեպքում, երբ արվեստաթատերաերաժշտագրականասերները վատ գիտեն թափառաթեմաների մասին, իսկ երկու «գետները» եւ «սերները» շատ ավելի վատ գիտեն թափառական արվեստի մասին կամ արվեստի թափառականության մասին: Թափառաթեմաների մասին, այսպես թե այնպես, գրվում է, իսկ թափառարվեստի մասին գրվում է թերեւս միայն թատերարվեստի մասին եւ ոչ արվեստի մյուս տեսակների մասին ընդհանրապես, եւ դա այն դեպքում, երբ արվեստի բուն զորությունը գտնվում է արվեստաձեւատեսակների հատկապես հենց թափառականության մեջ եւ աշխարհում թափառելով բոլորին հասու լինելու մեջ: Դիտորդը, հանդիսականը, ունկնդիրը, ընթերցողը, երբ տեսնում, դիտում, լսում կամ կարդում են որեւէ  խորապես ազդեցիկ թեմա, շատ քիչ են պատկերացնում, որ այդ նույն թեմային ստեղծագործական աշխարհի «խենթերը» արդեն անդրադարձել են ոչ թե իրենց իմացած մեկ անգամը, այլ բազում ստեղծագործողներ  իրենց  անհատականության հետաքրքրությունից ելնելով  այդ նույն թեման արդեն  հետաքննել ու քրքրել են բազմաթիվ անգամներ, եւ մեկը մյուսից ավելի վիճելի, ընդունելի կամ անընդունելի մեկնություններով ու մեկնաբանություններով: Եթե սիրողը սիրում է իր իմացած մեկ թեմայի մեկ տարբերակը, ապա իմացողը իմանում է այդ նույն թեմայի բազում թեմաների բազում տարբերակները եւ արդպես չի իմանում, թե դրանցից որը ավելի կամ պակաս սիրի: Եվ դժվար է ասել, թե մեկ թեմայի մեկ սիրողն է ավելին շահում, թե մեկ թեմայի բազում տեսակն իմացողի շահն է ավելանում: Սա հակամաթեմատիկա է, որտեղ միասերը հանգիստ կարող է հաղթի բազմասերին կամ քիչը հաղթի շատին: Ավելի պարզ լինելու համար դիմենք  ավելի հայտնի թափառական թեմային, օրինակ՝ «Մոխրոտը» թեմային: Սիրող մարդը իր սիրելի «Մոխրոտի» «միայն մի»  պատմությունը կամ իրեն «խիստ տպավորած» հեքիաթը  կարող է իմանալ եւ լիուլի բավարարվել դրանով, ինչպես սովորաբար լինում է բարեխիղճ արվեստաթատերաերաժշտագրականաֆիլմամուլտասերի դեպքում, բայց այդ նույն ժամանակ «գետները» գիտեն նույն «Մոխրոտը» թեմայի տասը, քսան, հիսուն, հարյուր կամ հազար տարբերակ, այս բերված թվերը «Մոխրոտը» թեմայի համար բացարձակապես «ֆանտաստիկ» թվեր չեն, այլ մի բան էլ քիչ են, քանի որ, ի զարմանս սիրողի, գուցեեւ «բացատրությունը» պետք էր սկսել «երկու հազար» տարբերակ նշելով, որը ավելի իրական է, քան «չպատկերացնելի» «տասը» տարբերակը:  Շատ հայտնի հեքիաթներ եւ  շատ հայտնի ոչ հեքիաթներ  տարբեր ժողովուրդների տարբեր ժամանակներում տարբեր ժամանակներից  ավանդված տարբեր երկրներում  թափառող  թեմաներ են, որոնք տարբեր ժողովուրդների տարբեր ստեղծագործողներ տարբեր մոտեցումներով, մեկնություններով ու մեկնաբանություններով, արվեստի տարբեր ձեւերով, ժանրերով ու տեսակներով, որոնք ըստ էության նույնն են,  ներկայացնում   են «հանրությանը»: Եվ ում ստեղծագործական գործն ավելի տպավորիչ է, դուրս է գալիս իր երկրի սահմաններից եւ սկսում է թափառել աշխարհով մեկ եւ այդ կերպ դառնում «համամարդկային» նվաճում: Այդպիսի թեմա է «Կարմիր գլխարկը», «Վիշապին» հաղթող քաջ «Տղան»` ամենատարբեր անուններով` Լանցելոտ,  Վահագն, Արեգ կամ… թվով` 1600 եւ ավելի անուններ: Հենց դրանք են կոչվում «թափառական թեմաներ», որոնք ըստ էության «թափառական արվեստի» հիմքն  են ամբողջ աշխարհում: Աշխարհում շատ են թափառական  թեմաները ոչ միայն հեքիաթներում ու ավանդություններում, այլեւ  կերպարվեստում, գրականության մեջ,  դրամատուրգիայում  եւ իրականում` արվեստի բոլոր տեսակներում, ժանրերում, ձեւերում եւ անսահման դրսեւորումներում: Այդպիսի թեմա է Շեքսպիրի «Համլետը», «Ռոմեո եւ Ջուլիետը», «Օթելլոն», «Մակբեթը», «Վենետիկի վաճառականը»…, Գյոթեի «Ֆաուստը», բազմաթիվ հեղինակների բազմաթիվ «Անտիգոնե»-ները, «Պրոմեթեւս»-ները, «Մեդեա»-ները, «Կարմեն»-ները, ի վերջո նաեւ «Ժիզել»-ները, որոնցից մեկ կամ երկու «պայծառ» լուծում հայտնի է, իսկ հարյուրավոր լուծումներ մնում են անհայտ: Ահա այսպես այսօր մեր օպերային թատրոնում, Ադանի «Ժիզելի» «կողքին» հայտնվում է  Ակրամ Խանի «Ժիզելը», նախ զարմանում ենք,  բայց  չենք զարմանում, որ դեռեւս չենք դիտել կամ տեսել Մաթս Էկի, Ռադու Պոլիկլիտարի, Դեւիդ Դոուսոնի կամ Ջոն Նոյմայերի «Ժիզելներ»-ը:  Ահա այսպես թափառական թեմաների  համաշխարհային թափառումներով աշխարհը ճանաչում է աշխարհի չքնաղագույն ոլորտներից մեկը` համաշխարհային արվեստը:

Ինչ վերաբերում է Ակրամ Խանի «Ժիզելին», նշենք, որ ազգությամբ հնդիկ Խանը բեմադրության խորեոգրաֆիան կառուցել է հնդկական դասական պարի հիման վրա, որի ոճերից մեկը կաթաքն է։ Վերջինիս ամենակարեւոր տարրը կոտորակային դրոշմավորումն է, որը դառնում է ձողերը ձեռքին բռնած վիլիսների խորեոգրաֆիայի վառ պլաստիկ պատկերը։ Այստեղ պարուսույցն ընդգծում է մատների տեխնիկայի հատուկ դերը, որն օգտագործվում է երկրորդ ակտում. հզոր կերպով պատկերելով անողոք ու սարսափելի հատուցման կերպարը։ Համաձայն բալետային թատրոն ակտիվորեն թափանցող տենդենցի, այն է՝ ներկայացման կինեմատիզացման, այսինքն՝ ժեստերի, նրբերանգների ընդլայնման եւ այլն, հեղինակը հերոսների մնջախաղի մեջ ներմուծել է մի շատ նուրբ ժեստ՝ դիպչել դեմքին, ինչն ունի իր բացատրությունը. «Դեմքիդ ափով կպչելը շատ մտերմիկ է, դա շատ անկեղծ ժեստ է»։ Այստեղ սերը, վստահությունը, հույսը փայլում են եւ Ալբերտն ու Ժիզելը պարզապես նայում են միմյանց։ Այս ներկայացման մեջ բազում ակնարկներ կան «Ժիզելի» ակադեմիական տարբերակին: Եթե այնտեղ Բաթիլդան Ժիզելին վզնոց է տալիս, որը նա նախ հիացմունքով է ընդունում, իսկ հետո ատելությամբ դեն նետում, ապա այս ներկայացման մեջ Իլարիոնը թանկարժեք նվեր է ստանում՝ գլխարկ, ինչն իրեն շատ է դուր գալիս։ Միեւնույն ժամանակ նա երազում է փախչել աղքատությունից ու մտերմանալ հարուստ ու հաջողակ մարդկանց հետ։ Հասկանալի պատճառով չենք կարող դրվագ առ դրվագ ներկայացնել, միայն նշենք, որ «Ընկերներ եւ օտարներ» հակացեզը մնում եւ զարգանում է «Ժիզելի» բացարձակապես բոլոր տարբերակներում։ Իսկ Խանի համար դա մարդկային խտրականության պատմությունն է, առճակատումը միգրանտների եւ կապիտալիստների դասակարգի միջեւ։ Այստեղ նշենք, որ մեզ հայտնի «Ժիզել» բալետի հիմքում ընկած է մի հին պոետիկ լեգենդ, թե ինչպես մինչեւ հարսանիքը մահացած հարսնացուները՝ վիլիսները, կեսգիշերին դուրս գալով շիրիմներից, սկսում են պարել, ասես ձգտելով նորից վերապրել իրենց երջանիկ օրերը։ Իսկ մեզ համար նոր «Ժիզելի» առաջին գործողությունը սկսվում է հետեւյալ տեսարանով՝ Ժիզելը կարի արտադրամասի ներգաղթյալ աշխատողների համայնքից է, ուղիղ ասած՝ մերժվածներից։ Գործարանի փակման արդյունքում զրկվելով աշխատանքից, ապրուստի միջոցներ գտնելու եւ ապահովության հեռանկարներից՝ մերժվածները գործարանատերերի համար ծառայում են որպես արտասովոր հաճույքները բավարարելու գործիք… Ողջ լիբրետոն չես ներկայացնի, բայց մի բան անվիճելի է՝ կրքի ինտենսիվությամբ, անհավանական եւ ժանրային առումով բոլորովին նոր այս «Ժիզելը» անտարբեր չթողեց ոչ մասնագետներին (մեկ-երկուսը մեզ հայտնեցին իրենց կարծիքը), ոչ էլ հանդիսատեսին։ Չմոռանանք մի շատ կարեւոր հանգամանք էլ նշել. բալետի երաժշտության մեջ լսելի էին հնդկական մոտիվներ, ինչը, բնական է՝ նկատի ունենալով Ակրամ Խանի ազգությունը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.05.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031