Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա եւ միանգամից» լինում է միայն «պայմանավորված խաղերի» դեպքում»

Մայիս 18,2024 13:00

«Եթե իմպիչմենտը չհաջողվի, խորհրդարանական ընդդիմությունը միասնաբար պետք է վայր դնի մանդատները։ Դրանով առնվազն կառաջանա խորը քաղաքական ու սահմանադրական ճգնաժամ»,- «Առավոտի» զրուցակիցն է պրոֆեսոր, քաղաքական գիտությունների դոկտոր, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը:

– Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը թիրախավորվում է հիմնականում նրա համար, որ այն առաջնորդում է բարձրաստիճան հոգեւորականը՝ իր հոգեւոր հոր եւ եղբայրների համախոհությամբ։ «Զգուշացվում» է՝ կրոնապետություն դառնալու վտանգի մասին։ Միաժամանակ, պատմության տարբեր շրջաններում հայկական եղեկեցին ու հոգեւոր առաջնորդները էական դերակատարում են ունեցել ժողովրդի, ազգի եւ պետության ճակատագրում։ Այժմ էլ, սրբազանի առաջնորդած շարժման գաղափարախոսությունը միասնությունը, ներողամտությունը եւ համերաշխությունն են։ Այս հակասություններում, ըստ Ձեզ, որտե՞ղ է ճշմարտությունը։

– Ըստ իս, այստեղ հակասություն չկա։ Ամեն ինչ միանշանակ է։ Պատմական բոլոր այն փուլերում, երբ վտանգված է եղել հայոց պետականությունը, ազգային ինքնությունն ու ազգի գոյությունն ընդհանրապես, Հայ առաքելական սուրբ եկեղեցին է ստանձնել ազգապահպանման ու հայահավաքման առաքելությունը։ Այդպես է եղել Ավարայրում, Սարդարապատում, այդպես է նաեւ այսօր Երեւանում։ Ուղղակի մեր ժամանակների ու Ավարայրի կամ Սարդարապատի միջեւ մեկ էական տարբերություն կա. բացի արտաքին թշնամիներից, որոնցով մենք շրջապատված ենք, ստիպված ենք պայքարել նաեւ պետության ներսում։ ՀՀ-ն ներկայացնող իշխանությունները հետեւողականորեն վարում են ազգուրացման, արցախուրացման, ցեղասպանության ուրացման քաղաքականություն, ամենուր սերմանում են թշնամանք, ատելություն, պառակտում։ Ժողովրդական աջակցության ալիքի վրա իշխանության եկածները հիմա համառորեն փորձում են ուժով ճնշել համաժողովրդական ընդվզումը։ Փողոցով իշխանության եկածները հիմա պախարակում են փողոց ելած տասնյակ հազարավոր քաղաքացիների։ Իսկ ստի եւ կեղծիքի ամենօրյա չափաբաժինը, որ բաց են թողնում հանրային տիրույթում, համացանցում, սարսափելի, ես կասեի, կործանարար չափերի է հասել։ Խաթարված է մեր հասարակության ներքին անդորրը, հաշվի չեն առնվում ոչ մասնագիտական հանրույթների, ոչ հանրային շերտերի, ոչ կարծիքի հեղինակությունների առաջարկները, կոչերն ու հորդորները։ Այս մարդկանց մեջ դիվային մի բան է մտել, ամենուր սփռել կործանման, ավերման մոլուցք, սերմանել հուսալքություն,  հուսահատություն ու անելանելիության զգացում, որ մարդիկ ոչինչ չանեն, որ մարդիկ ոչնչի չհավատան։ Հետեւաբար, ով պետք է գլխավորի հայոց աշխարհը պատած չարի դեմ պայքարը, եթե ոչ Եկեղեցին։ Որովհետեւ քաղաքականության դասական մեթոդներն այստեղ անզոր են։ Մեր ազգին անհրաժեշտ է նոր հոգեւոր վերազարթոնք, եթե կուզեք, անվանենք դա նոր ազգային երկրորդ Մեծ դարձ, ինչպես տեղի ունեցավ 4-րդ դարում Գրիգոր Լուսավորչի ձեռամբ։ Պատմությունը կրկնվելու սովորություն ունի։ Դրա համար ինձ համար պատահական ու տարօրինակ ոչինչ չկա, որ շարժումն առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ։

– Տավուշում, այսպես կոչված, ինքնապաշտպանական շարժումն ավելի վաղ էր մեկնարկել, մայիսի 9-ից այն տեղափոխվեց մայրաքաղաք, որտեղ 7-օրյա պայքարի արդյունքում դեռ նշանակալի արդյունքներ չեն հայտարարվում՝ խորհրդարանում իմպիչմենտի հասնելու համար։ Ո՞րն է լինելու շարժման ապագան։

– Գիտեք ինչ, մեզ ներարկել են, որ ամեն ինչ պետք է լինի հիմա եւ միանգամից։ Բայց այդպես չի լինում, ավելի ճիշտ՝ լինում է միայն «պայմանավորված խաղերի» դեպքում։ Նախորդ 4 տարիների քաղաքական պայքարի յուրաքանչյուր փորձ իր լուման է բերել այս իշխանության լեգիտիմության թուլացման, հասարակության կողմից իշխանության վստահության նվազման ու անկման գործում։ Պատահական չէ, որ օրվա իշխանությունը գտնվում է իր լեգիտիմության նվազագույն շեմից էլ ցածր, որտեղից անդին սկսվում է լեգիտիմության ճգնաժամը։ Սրբազանի առաջնորդած սրբազան պայքարի այս օրերի ընթացքում մենք ականատես ենք լինում իշխանության բիրտ ու բռնի դրսեւորումների, իրավապահների կոշտ ու անհամարժեք արձագանքների, որոնք օր օրի թուլացնում են իշխանության «մոնոլիտը»։ Բռնության յուրաքանչյուր նոր ալիք խարխլում է իշխանության թվացյալ ամրությունը, ժողովրդի աչքում ապալեգիտիմացնում է, դեմոնիզացնում է նրա առաջնորդին, ով ծարավ է բռնության, ինչպես ասում են՝ «արյան գետերի»։ Բայց իշխանության անթաքույց բռնություններին Բագրատ Սրբազանը պատասխանում է հանդարտության, համերաշխության ու հաշտության հորդորներով։ Այս կոչերն իրականում իշխանություններին դնում են «ցունգցվանգի» մեջ։ Առավել քան վստահ եմ, որ եւս մի քանի օր, ու ամեն ինչ գլխիվայր կարող է շրջվել՝ հօգուտ «փողոցի»։ Իսկ ինչ վերաբերում «իմփիչմենթի» գործընթացին, ապա դա այս պահին միակ իրավական մեխանիզմն է իշխանության պարագլխի խաղաղ հեռացման։ Իմ կարծիքով, այն պետք է փորձել։ Եթե Աստված մի արասցե, այդ փորձը չհաջողվի, ապա միանշանակ, խորհրդարանական ընդդիմությունը միասնաբար պետք է վայր դնի մանդատները։ Դրանով առնվազն կառաջանա խորը քաղաքական ու սահմանադրական ճգնաժամ։ Իշխանությունները կամ կշարունակեն «հպարտ միայնության մեջ» կառավարել ու էլ ավելի խորացնել ճգնաժամը, կամ էլ կգնան արտահերթ ընտրությունների։ Ինձ այս ելքը լիովին չի բավարարում, բայց գոնե կունենանք նոր հնարավորություն իշխանության բացարձակ մենաշնորհը կոտրելու։ Ուղղակի արտահերթ ընտրությունների դեպքում արդեն շարժումը պետք է քաղաքական ինստիտուցիոնալիզացիայի փուլ ապրի, վերածվի դաշինքային ֆորմատի, հանդես գա միասնական ճակատով, որպես ազգային արժեքների պահպանմամբ առաջնորդվող ունակների կառավարություն։ Իհարկե, այդ բոլորը Հայ առաքելական եկեղեցու հովանու եւ աչալուրջ օրհնության ներքո։

– Ի վերջո, հանգուցալուծումները քաղաքական են լինելու, բայց շատերը համաձայն չեն, պայմանական ասած՝ նախկին քաղաքական դերակատարների ներգրավման հետ, ներկա դերակատարների հեռացումն անառարկելի է, իսկ նոր ու ազդեցիկ քաղաքական ուժեր եւ այրեր ասպարեզում տեսանելի չեն, հետեւաբար, ո՞րն է հանգուցալուծումը։

– Շարժման քաղաքական փոխակերպման մասին ես արդեն նախորդիվ խոսեցի։ Ինձ համար այս շարժման կարեւոր կենսափիլիսոփայական իմաստն ու գաղափարախոսությունը կայանում է եռագույնի բովանդակության մեջ։ Պետք չէ  ամեն ինչ տեսնել «սեւ» եւ «սպիտակի» տրամաբանության մեջ։ Բացի այս, մի բան եկեք ամրագրենք. Լուսնից կամ Մարսից մարդիկ չեն իջնելու ու առաջնորդեն ազգին։ Քաղաքական ողջ ներկապնակն այսօր հրապարակում է, եւ  հենց այդ ներկապնակից էլ պետք է ձեւավորվեն ապագայի առաջնորդները։ Բոլոր քաղաքական թիմերում էլ կան մեծ ներուժ ունեցող անհատներ, մասնագետներ, որոնց պետք է ներառել անցումային, հակաճգնաժամային կառավարման համակարգում։ Պետք է մեկընդմիշտ մեր լեքսիկոնից հանել նախկիններ-ներկաներ անպտուղ դիսկուրսն ու ազգի բոլոր կենարար շիվերն ուղղել տապալված արժանապատվության ու հայրենիքի վերականգնման համար։ Կարծում եմ, որ այս փուլում «փողոցին» զուգահեռ Եկեղեցու հովանու ներքո պետք է գործի Համազգային հաշտության մեծ վեհաժողովը, որտեղ կլոր սեղանի շուրջ կհավաքվեն նախկին, ներկա ու ապագա Հայաստանի ազգային արժանապատվության տեսլականով համախմբված քաղաքական, ակադեմիական, մշակութային ու լրատվական հանրության ներկայացուցիչները, որոնք էլ կյանքի կկոչեն դելիբերատիվ ժողովրդավարության սկզբունքները, ըստ որի, հասարակության բոլոր մասնագիտական խմբերն ու կառույցները պետք է իրենց վճռորոշ մասնակցությունն ունենան քաղաքական որոշումների կայացման գործընթացում։

– Ի վերջո, Տավուշում, Կիրանցի հատվածում 40 սյուներ են տնկվել, արձանագրություն ստորագրվեց՝ այդ թվում նաեւ ՀՀ ԶՈՒ հետքաշման եւ ադրբեջանական սահմանապահ ուժերի տեղակայման մասին. այս իշխանության հեռացումից հետո հնարավոր լինելո՞ւ է սյուները հանել կամ չեղարկել այն բոլոր խոստումներն ու պայմանավորվածությունները, որոնք այս իշխանության հետ ձեռք են բերվել։ Մանավանդ որ, թե ԱՄՆ-ը, թե ԵՄ-ն, թե ՌԴ-ն ողջունել են ՀՀ-Ադրբեջան սահմանազատման- սահմանագծման գործընթացը։

– Թող թյուր տպավորություն չստեղծվի, թե Շարժման առաջնորդները կամ միացած քաղաքական ուժերն ու անհատները դեմ են սահմազատմանն ու սահմանագծմանը։ Քավ լիցի։ Վաղ թե ուշ, երկու հարեւան պետությունների միջեւ պետք է վերականգնվեն հարաբերությունները ու սահմանները պետք է իրավական տեսք ստանան։ Բայց, ուժի եւ ուժի սպառնալիքով գծված, միակողմանի զիջումների հիման վրա գծված սահմանները ոչ լեգտիմ են, ոչ էլ կարող են ապահովել երկարաժամկետ խաղաղություն եւ կայունություն տարածաշրջանում։ Սա է հիմնական խնդիրը, որ ՀՀ օրվա իշխանությունները չեն հասկանում, կամ փորձում են չտեսնելու տալ։ Մարդկանց ամենօրյա ռեժիմով հոգեբանական ու ֆիզիկական ահաբեկչության ենթարկելով, պատերազմով վախեցնելով, իրենց բուն գործառույթներից հրաժարվելով՝ կիրանցեցուն կամ ոսկեպարցուն թշնամուն դեմ հանդիման թողնելն է մեծագույն սրիկայությունն ու դավաճանությունը, մանավանդ որ, այդ ժողովուրդը 2021թ.-ին քեզ վստահության քվե է տվել։ Այն իշխանությունը, որը հրաժարվում է իր քաղաքացու անվտանգությունն ու երկրի տարածքային ամբողջականությունը պահպանել, ենթակա է անհապաղ հեռացման։

– Վրաստանում եվրոպական հանրույթը քննադատում է «հակադեմոկրատական» ռեժիմին, բայց ընդդիմադիր ցուցարարներին անխնա ծեծող կարմիր բերետավորների հետեւում թաքնված Հայաստանի կառավարությանը գրկաբաց ու սրտաբաց է ընդունում։

– Ինձ համար սա երկակի ստանդարտների քաղաքականության դասական դրսեւորում է։ Եվրոպական բարեկեցության, բարեկեցիկ ու անհոգ կյանքի, ժողովրդավարության ու մարդու իրավունքների արժեքների տակ իրականում թաքնված են չոր քաղաքական շահերն ու հաշվարկները։ Քանի Վրաստանը հակառուսական պրոյեկտ էր, նրան գրկաբաց էին ընդունում Եվրոպայում, հենց Վրաստանը սկսեց առաջնորդվել իրատեսական շահերով՝ Եվրոպայից սկսեցին քննադատության տարափներ տեղալ ու ներսից ցնցել քաղաքական համակարգը։ Նմանապես էլ այստեղ, եվրոպացիների համար ՀՀ-ում մարդու իրավունքների խախտման դեպքերը, քաղաքական բանտարկյալների առկայությունը, արցախահայության ցեղասպանությունից մազապուրծ լինելը, ոստիկանության բեսպրեդելը տեսանելի չեն, քանի ՀՀ իշխանությունները վարում են հակառուսական քաղաքականություն ու ենթարկվում են աշխարհաքաղաքական այդ կենտրոնից եկող հրահանգներին։ Ու ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Հայաստանում, եվրոպացիները ամենեւին էլ դեմ չեն լինի, եթե Հայաստանը վերածվի հակառուսական երկրորդ ճակատի ու Արեւմուտքը, ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Հայաստանում ռուսների դեմ կռվի մինչեւ վերջին ուկրաինացին կամ հայը։ Որովհետեւ, Բաքվի նավթը բուրում է հայի արյամբ, իսկ Եվրոպան մարդու իրավունքներ, թե մատչելի էներգակիրներ դիլեմայի հարցում միշտ ընտրում է նավթը՝ զոհաբերելով եվրոպական լավ ապագայի հույսով շլացած հանրույթներին։

– Եվ վերջում՝ կիրականանա՞ Նիկոլ Փաշինյանի երազանքը, ՀՀ-ն կդառնա՞ ԵՄ անդամ, մեզ առհասարակ, ԵՄ-ում սպասո՞ւմ են։

– Մեզ ԵՄ-ում սպասում են միայն էժան աշխատուժի եւ զբոսաշրջիկի կարգավիճակով, բայց ոչ երբեք լիարժեք անդամի կարգավիճակով։ Մեր հարեւան Թուրքիան գրեթե 40 տարի է՝ թակում է ԵՄ դռները։ Այո, մի կողմից ԵՄ անդամակցությունը, կարծում եմ, շատ հայերի երազանքն է, ովքեր ամեն օր Երեւանի կենտրոնում, Կասկադի հարեւանությամբ սրճարաններում նստած՝ մտքով  պատկերացնում են Փարիզի Էյֆելյան աշտարակը կամ Պիգալի հրապարակը։ Մինչդեռ մեր մարմինը շարունակում է մնալ այս տարածաշրջանում, որտեղ գործում են ասիական կոշտ բարքերը, որտեղ հարգում են ուժեղին, հաշվի են նստում ուժեղի հետ, որտեղ խաղաղությունը նվաճում են, ոչ թե մուրում, որտեղ սեփական պատվի, արժանապատվության, ինքնության, հավատքի համար դարեր շարունակ մեր պապերը գոյության կռիվ են մղել ու մեզ փոխանցել երկիր, հայրենիք ու արժեքներ։ Ինչպես Բագրատ Սրբազանն է ասում, մենք ժառանգել ենք, բայց դեռ չենք վաստակել։ Այս արեւի տակ արժանապատիվ գոյության իրավունքը յուրաքանչյուր հայի սերունդ պետք է վաստակի։ Այս շարժումը հենց դրա մասին է։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
17.05.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031