Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնա Արցախիդ հրապարակում սիգնալ տուր», «էդ միտինգի ես եկե՞լ», «էդ դողո՞ւմ ես մեզանից». պարեկները՝ արցախյան համարանիշով մեքենայի վարորդին

Մայիս 17,2024 22:44

Այսօր պարեկները կանգնեցրել են արցախյան համարանիշով ավտոմեքենան՝ ընդամենը ազդանշան տալու համար, հայտարարել, որ մեքենան հետախուզման մեջ է, սադրիչ արտահայտություններով փորձել ափերից հանել  արցախցի մեր հայրենակցին, ասել են՝ «գնա Արցախիդ հրապարակում ազդանշան տուր», հարցրել՝ «էդ միտինգի ես եկե՞լ հա», «դու Կուլիկովոյի ճակատամարտին էլ մասնակցած կլինես» ու մեքենան տարել տուգանային հրապարակ:

Aravot.am-ի հետ զրույցում մեքենայի վարորդը՝ Արման Ավետիսյանը ներկայացրեց կատարվածը, ինչի մասին տեսանյութերը արդեն տարածվել են սոցցանցերում:

«Ինձ համար մեքենան վարելով գնում էի, տեսնում եմ քրոջս եւ ամուսնուն՝ ակցիայի ժամանակ: Ձայնային ազդանշան եմ տալիս, իրենք տեսնում են, մի քիչ առաջանում են: Այդ ընթացքում բոլոր մեքենաներն ազդանշանով ողջունում էին ցույցի մասնակիցներին: Կարմիր բերետները մեկ էլ կողքից գոռացին՝ գնա քեզ վաղուց սպասում են: Ես զարմացա,  չհասկացա, թե ինչ կատարվեց: Առաջացա հրապարակի կլորի մեջ, ու հետեւիցս  ոստիկանական մի ողջ անձնակազմ կանչեց համարներն ու ասաց, որ կանգնեմ: Ուզում եմ կանգնել, ինձ ասում են՝ չկանգնեք, տեղափոխվեք Շահումյան հրապարակ: Վարելով ընթանում եմ դեպի Շահումյան հրապարակ: Դիմացս կանգնած էր պարեկային մեքենան, ձախ կողմումս մյուս մեքենան, հետեւիցս էլ մեկ այլ մեքենա: Այդպես հայտնվում եմ ոստիկանական մեքենաների արանքում: Մոտենում է մեկը՝  ոչ պատշաճ ներկայանում ու պահանջում է փաստաթղթերս:

Հարցնում եմ՝ որեւէ իրավախախտում, ագրեսիվ գործողությո՞ւն եմ արել, վթարային իրավիճա՞կ եմ ստեղծել, չի պատասխանում, ասում է՝ փաստաթղթերը տվեք: Իմանալով իմ իրավունքները ասում եմ՝ ես կարող եմ իմ փաստաթղթերս ցույց տալ՝ իրավախախտման համար արձանագրություն կազմելու համար, բայց նախ եւ առաջ պետք է պատասխանեք, թե ինչի համար իմ մեքենան թիրախավորեցիք ու կանգնեցրիք:

Մոտենում է մյուս սերժանտը, ասում է՝ իջեք մեքենայից: Ընդ որում, իրենցից ոչ մեկի մոտ առկա չէր տեսաձայնագրող սարքը: Ես մինչեւ  հանեցի հեռախոսս, որ լայվ անեմ, սկզբում չէր միանում, մեկ էլ էնտեղից մեկը գոռաց՝ էդ դողո՞ւմ ես մեզանից, չես ուզում իջնես, տեսնես հարցերը ոնց ենք լուծում: Ասում եմ՝ հարգելիս, այսքան պատերազմ տեսած, այդ ամենի միջով անցած մարդը չի կարող պարեկից դողալ:

Ասում է՝ սաղդ քամի եք անում, ոչ մեկդ էլ պատերազմի չեք մասնակցել: Արդեն հանում եմ հեռախոսս ու սկսում եմ նկարել: Այնուհետեւ մոտենում է մի մայոր՝ կապիտանի հետ, ասում է՝ իջիր մեքենայից: Ասում եմ՝ չեմ իջնում, իմ իրավունքն է: Գալիս է Սաիդայի ամուսինը, ասում է՝ ի՞նչ հիմքով եք կանգեցրել մեքենան: Մյուս ոստիկանն ասում է՝ սիգնալ տալու համար: Ասում եմ՝  հարյուր հատ մեքենա է ազդանշան տվել,  կոնկրետ իմ մեքենայի ազդանշանը ինչո՞վ է տարբերվում մյուսների ազդանշաններից: Տվյալ պահին բան չի ասում, խառնվում է իրար:

Կողքինն ասում է՝ մեքենայիդ վրա հետախուզում կա, ասում եմ՝ հարգելիս, օրենքով առաջնորդվող մարդ եմ,  մեկ դրամի հարկ, պարտք չունեմ, մեքենան մաքուր է, ես մաքուր եմ, ի՞նչն է հիմքը հետախուզման: Ասում է՝ պետք է տանենք  տուգանային հրապարակ: Մեկ էլ սերժանտն ասում է՝ գնայիր Արցախիդ հրապարակում սիգնալ տայիր, Հայաստանի հրապարակում ի՞նչ գործ ունես, սիգնալ ես տալիս:

Ասում եմ՝ հարգելիս, մեր հայրենիքում ազդանշան տալը, ողջունելը ինչ-որ մեկին, հանցանք չէ: Մոտենում է, սկսում է նույն  ոճով խոսել՝ էդ Արցա՞խն էիք պահում, հա: Մայորն էլ ասում է՝ եկել ես միտինգի մասնակցե՞ս: Այդպիսի սադրիչ արտահայտություններ էին անում, որ մեքենայից իջնեմ, քաշքշուկ առաջանա: Փորձում էին հոգեբանորեն ուղղորդել դրան:

Մի սերժանտ, որ համեմատաբար բարեհամբույր էր, ուղեկցեց մեքենան տուգանային հրապարակ: Վիդեոյով հարցնում եմ՝ ինչի եք տանում: Ասում է՝ հետախուզում կա: Ասում եմ՝ ինչ հիմքով, ասում է ՝ էնտեղ ցույց կտան: Մտնում եմ տուգանային հրապարակ, իմ իրերը վերցնում եմ, փակում եմ, ստորագրում եմ: Այդ պահին ասում են՝ չկա հետախուզման թուղթը, բայց դե կլինի…»:

Արման Ավետիսյանը հավելեց, որ մեքենան մնում է տուգանային հրապարակում, հետո ոչ մեկի հետ կապվել չի հաջողվում: «Ստիպված զանգել եմ 1-02, սկսեցին տարբեր անիմաստ հարցեր տալ՝ ազդանշան տալու, հետախուզման վերաբերյալ: Ասացի՝ դատախազություն կդիմեմ, հետո բողոք ներկայացրի:

Այնուհետեւ 16:30-ի սահմաններում ինձ զանգեցին ու ասացին՝ հնարավորինս արագ արի եւ մեքենադ տուգանային հրապարակից տար: Ես առանց որեւէ թղթի, որեւէ ակտի վերցրի մեքենաս: Պարեկն ասաց՝ զարմանում եմ՝ ինչո՞ւ է այսպես, ասացի, որովհետեւ անօրինական են բերել: Մի խոսքով մեքենաս հանեցի, արդեն  ինձ մոտ է, բայց այդ վերաբերմունքը շատ ռասիստական էր»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031