«Շատ անհանգստացնող է այս ոստիկանական միջամտությունը, ուղիղ ասում եմ՝ պարոն Վահե Ղազարյան, արդեն երրորդ անգամ եմ Ձեզ դիմում, ես վեր չկենամ, չգամ հանդիպելու Ձեզ: Վերջին անգամ եւ երրորդ անգամն է իրականում, որ դիմում եմ Ձեզ, ուրիշ հանգամանքներում կասեի՝ քեզ, բայց հիմա ասում եմ Ձեզ, ուղիղ երեսիս նայեք ու ուշադիր լսեք՝ մի՛ արեք, Դուք հանցագործություն եք անում, ո՞ւմ հրամանն եք կատարում, չգիտեմ, բայց թող ամեն տեղ իմանան, ձեր մտերիմ ընկերներն էլ, որոնք նաեւ իմ ընկերներն են, որ սա անընդունելի է: Դադարեցրեք այս անընդունելի հարձակումն ու հալածանքը մարդկանց վրա: Մինչեւ այսօր ազդանշանի համար ոչ մեկ չի տուգանվել, վաղը ես ազդանշան եմ տալու մի տասը հատ հենց ոստիկանների առաջ, ինչո՞ւ եք անում նման բան:
Պարոն Ղազարյան, Ձեզ ստիպո՞ւմ են, թե՞ Ձեր կամքով եք անում, եթե հրապարակային չեք կարող ասել, ուրիշ տարբերակներ կան դա փոխանցելու: Դուք երախտիքով սպա եք, մենք Տավուշում իմ ծառայության շրջանին, ինքը որոշ շրջան ծառայել է, շատ բարի ծառայություն ունի, վաստակով: Բայց այս ապօրինությունները ոչ իր նման են, ոչ էլ իր գործունեության արտահայտությունն են, զարմանալի տրանսֆորմացիա է տեղի ունեցել: Դրա պատճառը ո՞րն է, ո՞նց է մարդը փոխվում, որովհետեւ չի կարողանում ընդդիմանալ այն ստի պաշտոնյային, որն իրեն թելադրանքներ է հանձնում չգիտեմ՝ օրվա որ ժամին»,-այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին դիմելով՝ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Չե՞ս կարողանում ընդդիմանալ, ստիպվա՞ծ եք լինում հրամաններ կատարել, ավելի լավ կլինի հրաժարվեք ուղղակի: Ստի գործիք դարձած Մհեր Գրիգորյանին էլ եմ ասում, դուք դարձել եք ապօրինության, հակազգային, հակապետական այս գործընթացի քավության նոխազը, Ձեր գլխին է ջարդվելու այդ ամենը: Իրավասություն չունեք էլ պետական այդ բարձր մակարդակի գործառնությունը Դուք իրականացնել, Ձեզ պարտադրել են, որ անեք, Դուք էլ երեւի սիրով կամ դժկամությամբ հանձն եք առել, բայց հանձն եք առել: Մի կողմ թողեք, հրաժարվեք այս ամենից: Չեմ հասկանում՝ ինչպես եք կարողանում ձեր գլուխը հանգիստ բարձին դնել, հանգիստ քնել, իսկ մենք ձեր պատճառով չենք կարողանում քնել»,- շարունակեց Սրբազանը:
Հիշեցնենք, որ Սրբազանն այսօր դասախոսների հետ է հանդիպել, դրանից առաջ հանդիպել էր նաեւ բժիշկների հետ, իսկ մինչ այդ ԵՊՀ բակում ուսանողների համար դասախոսություն էր կարդացել:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ