«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում պատմեց, որ բժիշկների հետ հանդիպման ժամանակ մեկը մոտեցել ու իրեն ասել է, թե ինքն էլ է դասախոսություն կարդում (խմբ. Նիկոլ Փաշինյանին նկատի ունենալով):
«Ասում եմ՝ հա, ճիշտ է անում, բայց ես իմ գրածներն եմ կարդում, ափխ-ցփխ բաներ չեմ ասում, հետո ես ոնց որ 3 հատ համալսարանի դիպլոմ ունեմ, ինձ ոչ մեկ դիպլոմ չի նվիրել, երեք հատ թեզ ունեմ գրած, երկուսը Շամշադինի բարբառով, վերջապես մորուքս երեսուն տարվա է , վեց տարվա չէ:
Իմ ընթերցածը դասախոսություններ չեն, քննարկումներ են, հայեցակարգեր են, մարդկանց խորհելու հնարավորություն են , զարգացման հնարավորությունների մասին են, այստեղից այնտեղից արհեստական թեզեր չեն, որոնք ընդհանրապես կապ չունեն որեւէ բանի հետ, այսինքն ՝թերթի թեզեր չեն, կյանքի զարգացման հիմնադրույթներ են, հետեւաբար, շատ մի փորձեք համեմատել»,-ասաց Բագրատ Սրբազանը:
Հիշեցնենք, որ Սրբազանն այսօր դասախոսների հետ է հանդիպել, դրանից առաջ հանդիպել էր նաեւ բժիշկների հետ, իսկ մինչ այդ ԵՊՀ բակում ուսանողների համար դասախոսություն էր կարդացել:
Կարդացեք նաև
Հետո իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը խոսեց՝ հայտնելով, որ այսօր բերման ենթարկվածներ չեղան, բայց նախորդ օրերից բերման ենթարկվածների մեջ կան 72 ժամյա ռեժիմով ձերբակալվածներ:Նրանց՝ բոլորի հարցով շարունակում են հինգ իրավապաշտպաններով աշխատել, ասաց՝ իրենց է միացել մոտ երեսուն փաստաբան:
Մելիքյանի խոսքով, իրավապաշտպանական համակարգ են ստեղծել ու երբ իրենց 24 ժամյա ռեժիմով աշխատող հեռախոսահամարին ահազանգ են ստանում, կազմակերպում են, թե իրենց խմբից, ով պետք է գնա ահազանգի հետքերով. «Խնդիրը լուծել ենք, որ մարդիկ մենակ չլինեն ոստիկանական բաժիններում»:
Իրավապաշտպանը նաեւ նկատեց, որ այս օրերին տուգանային հրապարակ են տարվել բոլոր այն մեքենաները, որոնց վարորդները շարժմանը ողջունելու համար ազդանշան են տվել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ