Սուրբ Աննա եկեղեցու մոտ Բագրատ Սրբազանը զանգահարեց այս պահին Կիրանցում գտնվող ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանին, հետաքրքրվեց՝ ինչ վիճակ է հիմա այնտեղ:
«Վաղ առավոտից այստեղ են եկել մարզի ղեկավարությունը, Երեւանից էլ են եկել տարբեր պաշտոնյաներ, որոշները բացահայտ հանդես չեն եկել, այստեղ է եկել մարզպետը ու որոշ պաշտոնյաների հետ հանդիպումների են մարդկանց հրավիրել ՝փորձելով տարբեր մեթոդներով մարդկանց գումար առաջարկել: Ասում են՝ փոխհատուցում կտանք, գումար կտանք, ինչ պետք է կանենք, ձեր կարիքները կհոգանք, հատկապես մեր հայտնի Խանումին են տարբեր առաջարկներ արել, մարդիկ չեն ընդունել ու ասել են՝ մեր տներն ու տարածքները, սրբավայրերը գումարով վաճառող չենք: Կիրանցում պայքարը շարունակվում է, մարդիկ գոտեպնդվում են, որ այդտեղ էլ պայքարն առաջ է գնում, իրենք էլ այստեղ են պայքարը շարունակելու»,- Բագրատ սրբազանին հեռախոսով պատմեց պատգամավորը:
Սրբազանը հետաքրքրվեց՝ կամուրջի, ճանապարհի մասով ինչ նորություն կա: Հիշեցնենք, որ սահմանազատումից հետո Կիրանցի կամուրջն ու ճանապարհն անցնում են ադրբեջանական կողմին:
Ի պատասխան Բագրատ սրբազանի հարցի՝ Գառնիկ Դանիելյանն ասաց, որ հայտնի Խանումի, Մհերի տունն էլ է մնում ադրբեջանական կողմում:
Կարդացեք նաև
Պատգամավորի այս խոսքը ընդհատեց Բագրատ սրբազանը ժողովրդին հիշեցնելով, թե ով է Մհերը. «Մհերն այն մարդն է, ում այս երկրի կառավարության ղեկավարը 2021-ին նախընտրական արշավի ժամանակ հենց այդ կամուրջի մոտ հանդիպելուց, երբ Մհերն ասում է՝ մեզ մենակ չեք թողնի, չէ՞, ասում է՝ ոնց կթողնեմ, եթե թողնեմ, ձեռքս կկտրեմ: Այ էդ Մհերի տունն է, մենակ չի թողել, տունն է ձեռքից վերցրել»:
Հիշեցնենք, որ Բագրատ սրբազանն այսօր դասախոսների հետ է հանդիպել, դրանից առաջ հանդիպել էր նաեւ բժիշկների հետ, իսկ մինչ այդ ԵՊՀ բակում ուսանողների համար դասախոսություն էր կարդացել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ