Լրահոս
Օրվա լրահոսը

Սա սահմանազատում չէ, այլ՝ մինի կապիտուլյացիա. Ռուբեն Մելքոնյան

Մայիս 17,2024 19:55

«Սա սահմանազատում ու սահմանագծում չէ դասական ոճով , այլ մինի կապիտուլյացիա:  Կան այլ մեթոդներ ե՛ւ իրավական, ե՛ւ պատմական, որոնք թույլ են տալիս իրականացնել իրական սահմանազատում, իսկ այն ինչ ներկայացվում է, ըստ էության, սահմանազատում չէ»,- Բագրատ Սրբազանի եւ դասախոսների հետ հանդիպումից հետո այսօր ասաց  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած  թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Ըստ նրա՝ «Ամենավտանգավոր երեւույթը լռող մտավորականն է, հարմարվող մտավորականն է, մեր հասարակության մեջ դա եւս պետք է ժխտվի»:

Շարժմանը միացած միջազգայնագետ Արմեն Մանվելյանն էլ նկատեց, որ իշխանություններն իրենց  քայլերով ցույց են տվել, որ լեգիտիմ չեն, ամեն ինչ արել են, որ ՀՀ-ն անվտանգային առումով ավելի վատ վիճակում լինի, քան 2020 թվականի 44 օրյա պատերազմից հետո էր:

«Մեր անվտանգությունը խնդրահարույց է, ՀՀ-ն կորցրել է իր դաշնակիցների հետ հարաբերությունները, գործող քաղաքական ռեժիմն ի վիճակի չէ  նոր դաշնակիցներ ձեռք բերել ու չի կարողանում լուծել անվտանգային հարցերը, ձեւակերպել ՀՀ շահն  ու դրա հետեւից գնալ: Դրա վկայությունն այսօր այն ողբերգությունն է, որը կատարվում է Տավուշում՝ Կիրանցում, Ոսկեպարում, որտեղ, ըստ  ադրբեջանական քմահաճույքի,  քարտեզագրություն են իրականացնում… Սահմանագծումն ու սահմանազատումը լեգիտիմություն չեն  տալիս, երբ դրա արդյունքում Ադրբեջանը իր զորքը բերում է քո գյուղերն ու քաղաքները, ի՞նչ լեգիտիմության մասին է խոսքը, երբ նրանք կարող են առանց դժվարության հայերի վրա կրակել, ամեն ինչ անել, որ հայերը լքեն իրենց գյուղերը»:

 

Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը լրագրողներին ասաց. «ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Չի կարող լինել որևէ մեկը, ով կհակադրվի այս սահմանադրական և հոգևոր ճշմարտությանը: Ես այստեղ եմ՝ ստորագրած լինելով գիտնականների հայտարարության տակ, և այդ հայտարարության պահանջը ՀՀ գործող վարչապետի հրաժարականն է: Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա, որովհետև կարծում եմ, որ այս օրհասական ու բարդ իրադրությունում որևէ լուծում չի առաջարկվում»:

«Մենք այստեղ ենք որպես ՀՀ քաղաքացիներ՝ մեր անհամաձայնությունը հայտնելու. մենք չենք գտնում, որ սահմանազատման այս ձևը լավագույն լուծումն է: Սա ոչ թե լավ կամ վատ լուծում է, այլ լուծման բացակայություն է: Ի՞նչ է առաջարկվում, ասում են՝ եթե չիրականացնենք սահմանազատման գործընթացը, կունենանք պատերազմ, բայց եթե իրականացնենք էլ, չենք կարող ասել կլինի՞ պատերազմ, թե՞ ոչ: Առաջնորդել ազգին՝ չունենալով լուծում, անընդունելի է»,-նշեց նա:

Նրա խոսքով՝ բացարձակապես անընդունելի է սեփական ժողովրդի հետ վախերով խոսելը: «Դու նրա համար ես ՀՀ վարչապետը, որ պատերազմների դեպքում ապահովես, որ մենք հաղթանակներով պսակվենք: Դա ի՞նչ վախեցնելու եղանակ է»,-ասաց նա:

«Կամ այլ տարբերակ առաջարկեմ՝ սկսենք ոչ թե Տավուշից, այլ Սև լճի հատվածից: Բայց էլի եմ ասում, ինչ որ այսօր արվում է, լուծման բացակայություն է: Սահմանազատման և սահմանագծման կարիք յուրաքանչյուր պետություն ունի, բայց ինչու՞ դա իրականացնել այն հատվածից, որտեղ մենք գտնվում ենք շահեկան վիճակում, և չունենալ որևէ երաշխիք, որ Ադրբեջանը նույնպես վերադարձ է իրականացնելու: Ինչո՞ւ ենք այդքան վախենում պատերազմից: Իհարկե, խաղաղությունն աստվածային պարգև է, դրան հասնելու համար մեծ ջանքեր է պետք, բայց ամեն օր պատերազմի վտանգի տակ տունը զիջելն անընդունելի է»,-եզրափակեց Արթուր Դավթյանը:

Շարժմանը մասնակցում ե ն նաեւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ ասորական, հունական ու եզդիական համայնքներից:

Հիշեցնենք, որ Սրբազանն այսօր դասախոսների հետ հանդիպումից առաջ հանդիպել էր նաեւ բժիշկների հետ, իսկ մինչ այդ ԵՊՀ բակում ուսանողների համար դասախոսություն էր կարդացել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031