«Քանի անգամ ասել ենք՝ այս սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, եթե պիտի տեղի ունենա, ամբողջական փաթեթով պիտի տեղի ունենա, չի կարող մի տեղ փորձարարական լինել, մարդկանց կյանքի հաշվին եւ տեղափոխվել հետո մի ուրիշ տեղ փորձարարական : Ի վերջո, եթե հարաբերություններ են, մենք ի՞նչ ենք ստանում դրա դիմաց, մեզ ի՞նչ է հասնում, ողորմությո՞ւն, ասում ենք՝ ողորմացե՞ք մեզ ապրելու: Սա է իրականությունը, դրա մասին ենք խոսում: Այս ամբողջ շարժումը դրա մասին է, ճշմարտության հաղթանակի մասին է»,- դասախոսների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
Նա հիշեցրեց, որ իրենց օրակարգը հաշտության օրակարգ է, բայց առանց արդարության կեղծ հաշտություն կլինի, իսկ հաշտությունը զոհաբերություն է պահանջում, ոչ թե զոհ. «Զոհաբերություն ինքդ քեզնից դուրս գալու, վասն ընդհանրականի»:
Հիշեցնենք, որ Սրբազանն այսօր դասախոսների հետ հանդիպումից առաջ հանդիպել էր նաեւ բժիշկների հետ, իսկ մինչ այդ ԵՊՀ բակում ուսանողների համար դասախոսություն էր կարդացել:
Կարդացեք նաև
Սրբազանն ասաց, որ մասնագիտական համայնքների հետ հանդիպումները շարունակելու է. «Նայում եմ այդ ներուժը, ապշելս գալիս է, ասում եմ՝ լավ, ինչու ենք այս վիճակում գտնվում, որովհետեւ նպատակն ու օրակարգը չենք սահմանել, սպասում ենք, որ ուրիշները մեզ ասեն՝ ինչ ենք ուզում, բայց մենք չենք թելադրում՝ ինչ ենք ուզում»:
Սրբազանի առաջնորդությամբ դասախոսների հետ հանդիպման ավարտից հետո շարժման անդամներն ու հանդիպման մասնակիցները շարժվեցին Սուրբ Աննա եկեղեցի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ