Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրիկ Հայաստան․ էլեկտրականության արտադրության և արտահանման կրճատում

Մայիս 17,2024 19:00

2023թ. արևային էլեկտրակայանները կազմել են էլեկտրաէներգիայի արտադրության 8.7 տոկոսը:

Առաջին գծապատկերում պատկերված է Հայաստանում էլեկտրաէներգիայի ամսական արտադրությունը` ըստ կայանների տեսակների, 2023 թվականի և 2024 թվականի առաջին եռամսյակի համար: Գծապատկերում երևում է էլեկտրականության արտադրության տարբեր աղբյուրների սեզոնայնությունը։

Գծապատկեր 1.

Ծով ելք չունեցող երկրի համար, որը մեծապես կախված է ներկրվող հանածո վառելիքից, արևային էներգիան կարևոր է դառնում մի քանի պատճառներով. նախ արևային էներգիան ապահովում է էներգիայի ապակենտրոնացված աղբյուր՝ նվազեցնելով կախվածությունը արտաքին մատակարարներից և բարելավելով էներգետիկ անվտանգությունը: Նշենք, որ 2023 թվականին 42 տոկոսը կամ 3 715.6 մլն կՎտ ժամը արտադրվել էր ՋԷԿ-ի կողմից, որը օգտագործում է Ռուսաստանից ներմուծված գազ էլեկտրականության արտադրման համար և ներքին շուկայում ամենաթանկ էլեկտրականության աղբյուրն է: Օգտագործելով արևի էներգիան՝ Հայաստանը կարող է զգալիորեն նվազեցնել իր խոցելիությունը աշխարհաքաղաքական լարվածություններից, գների տատանումների և ներմուծվող գազի հետ կապված մատակարարման խափանումներից:

2023 թվականին էլեկտրաէներգիայի արտադրությունը և արտահանումը կրճատվել են, որը որոշակի մտահոգություն է առաջացնում։ 2023 թվականին արտադրվել է 8 845 մլն կՎտ ժամ էլեկտրոէներգիա, իսկ 2022-ին՝ 9 165 մլն կՎտ ժամ։ Փաստացի էլեկտրոէներգիայի արտադրությունը կրճատվել է 3.5%-ով: Բացի արևային էլեկտրաէներգիայի արտադրության, բոլոր այլ հիմնական տեսակների էլեկտրոէներգիայի արտադրությունը կրճատվել է։ ՋԷԿ արտադրությունը կրճատվել է 4.2%, ՀԱԷԿ արտադրությունը՝ 4.8%, իսկ ՀԷԿ-երի արտադրությունը՝ 15.2%: Աճը ապահովել է միայն արևային էլեկտրակայանների արտադրված էլեկտրաէներգիան՝ մոտ 55% աճ։* 2023 թվականին ընդհանուր արտադրված էլեկտրաէներգիայի 8.7% կամ 772 մլն կվտ ժամը ապահովել է այս աղբյուրը։

Իհարկե, արևային էլեկտրաէներգիայի աճը դրական է էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից, սակայն ընդհանուր էլեկտրաէներգիայի արտադրության անկումը մտահոգիչ է և կարող է վկայել իրական տնտեսության անկման մասին, քանի որ էլեկտրաէներգիան ապրանք է, որը արտարդրությունից հետո միանգամից պետք է սպառվի, և այն հանգամանքը, որ 3.5 տոկոսով ավելի քիչ էլեկտրականություն է արտադրվել 2023 թվականին, քան նախորդ տարի, վկայում է նրա մասին, որ արտադրության պահանջարկը էլեկտրականության նկատմամբ նվազել է։

 

Գծապատկեր 2.

Երրորդ գծապատկերը արտացոլում է էլեկտրականության տարեկան արտադրությունը՝ ըստ էլեկտրակայանների տեսակների: Գծապատկերի ստորին հատվածում տրված են յուրաքանչյուր տարվա արտարդրության տոկոսային կշիռները: Այսպես, 2015-ին էլ. արտադրության 35 տոկոսը ապահովել է ՋԷԿ-ը, 32-ը՝ ՀԱԷԿ-ը և 28-ը՝ ՀԷԿ-ը: 2023-ին արդեն համապատասխանաբար՝ 41, 31, 19, իսկ արևային էլեկտրակայանները՝ արդեն 8.7 տոկոսը:

Գծապատկերը արտացոլում է նաև 2024 և 2025 թվականի կանխատեսումները 2 մոդելներով (AUTO.ARIMA և BATS)՝ տալով նաև անորոշության միջակայքը: 2 մեթոդով կանխատեսումն էլ գրեթե համարժեք են 2024 և 2025 թվականի համար, կանխատեսելով, որ արևային էլեկտրաէներգիան այս տարի կազմելու է ընդհանուր արտադրության 9-10 տոկոսը: Այսպիսով, կանխատեսումները ամենայն հավանականությամբ էլեկտրաէներգիայի արտադրության աճ չեն ակնկալում, և այլ հավասար պայմաններում հաջորդ 2 տարիների կտրվածքով 2023 թվականը կարող է լինել էլեկտրականության արտադրության պիկային տարին։

Գծապատկեր 3.

4-րդ գծապատկերում ցուցադրված է Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի ամսական ծավալները` ըստ էլեկտրակայանների տեսակների: Գծապատկերում տրված է նաև 2 տարվա կանխատեսումը մինչև 2026 թվականը:

Հրազդանի ՋԷԿ-ը, որը այս պահին արտադրում է ամենաշատ էլեկտրաէներգիան, ունի անփոփոխ միտում: Ընդհանուր այս ոլորտում էլեկտրականության արտադրության փոփոխություններ չեն սպասվում:

Գծապատկերում երևում է Հայկական ատոմային էլեկտրակայանի պլանային սեզոնային անջատումները, որոնք 2016 թվականից ի վեր պլանային անջատումներ են` ուղղված ատոմակայանի վերագործարկման և ժամկետի երկարացմանը:

Հիդրոէլեկտրակայանների արտադրությունը ունի նվազման միտում: Եթե 2017 թվականին միջինը ամսական արտադրվում էր մոտ 200 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ապա 2023-ին՝ ամսեկան արդեն մոտ 150 մլն կՎտ ժամ: Սա որոշակի մտահոգություն է առաջացնում վերականգնվող էլեկտրականության աճի ապահովվման տեսանկյունից։ Այստեղ տենդենցը կախված է ջրառի սեզոնայնությամբ, որը արտացոլվում է նաև կանխատեսումների մեջ:

Հայաստանը վերջին տարիներին գտնվում էր արևային էլեկտրաէներգիայի էքսպոնենցիալ աճի կորի վրա, որը հասել է արտադրության գագաթնակետին՝ ըստ մեր կողմից իրականացված կանխատեսումների: Գծապատկերում հստակ երևում է արևային էլեկտրաէներգիայի աճը և սեզոնայնությունը:

Գծապատկեր 4.

Դիտարկենք նաև էլեկտրականության արտահանումը, որտեղ կրճատումները ավելի էական են։ Ինչպես երևում է գծապատկերում, 2022 թվականին էլեկտրականության արտահանումը ռեկորդային աճ գրանցեց՝ 74.5% (50.9 մլն դոլարից, 88.8 մլն դոլար)։ Սա հիմնականում պայմանավորված էր հետհամաճարակային վերականգնողական աճով և մեծ քանակությամբ կապիտալի ներհոսքով Ռուսաստանից։ Այս պահին գրանցվում է կապիտալի արտահոսք։

2023 թվականին առկա է էլեկտրականության արտահանման անկում՝ 23.4%՝ մինչև 68.0 մլն դոլար և տարեկան կտրվածքով դեռ առկա է արտահանման կտրուկ անկում։ Էլեկտրականությունը հիմնականում արտահանվում է դեպի Իրան՝ գազի դիմաց։ Քանի որ էլեկտրաէներգիան արտադրության ժամանակ պիտի սպառվի, արտահանումը կազմակերպվում է ավելցուկային ժամերին։

Գծապատկեր 5.

Վերջին գծապատկերը արտացոլում է արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալների մեջ էլեկտրաէներգիայի արտադրությունը ընթացիկ գներով։ Աղյուսակը տրված է տարեկան կտրվածքով։ Այստեղ նույնպես երևում է էլեկտրականության արտադրության սրընթաց աճը 2022 թվականին։ Ընդհանուր էլեկտրականության արտադրության ծավալը դրամով աճել է 18.3% 2022 թվականին (227.2 մլրդ դրամից մինչև 268.8 մլրդ դրամ)։ 2023 թվականին արդեն գրանցվել է 4.4% անկում՝ մինչև 256.9 մլրդ դրամ, սակայն, ըստ պաշտոնական վիճակագրության, արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալների մեջ արդեն առկա է էլեկտականության արտադրության աճ։

Գծապատկեր 6.

Նշենք, որ աշխարհում առկա է էլեկտրական մեքենաներին և ջեռուցման վերականգնողական միջոցներին անցնելու միտում։ Բնակարանների տաքացման ու մեքենաների լիցքավորման զգալի մասը հնարավոր է, որ ապագայում կատարվելու է էլեկտրականությամբ: Վերջինս կբարձրացնի էլեկտրականության հանդեպ պահանջարկը և այս պարագայում տնային տնտեսությունների սպառման աճը կավելացնի էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Սակայն, սա կարող է սթրեսի ենթարկել Հայաստանի էներգետիկ համակարգը, քանի որ, եթե տնային տնտեսությունների մեծամասնությունը անցում կատարեն էլեկտրական մեքենաներին և էլեկտրականությամբ ջեռուցման, ապա սա կմեծացնի էլեկտրաէներգիայի պահանջարկը մոտ 2 անգամ, որի ենթակառուցվածքային հնարավորությունները այս պահին Հայաստանը չունի: Պահանջարկի և առաջարկի հնարավոր կրկնապատկումը կարող է լարվածության տակ դնել էլեկտրական ենթակառուցվածքները, որոնք անհրաժեշտ է հրատապ թարմացնել: Այս ռիսկերից խուսափելու համար անհրաժեշտ է մեծացնել արտադրական հզորությունները և էլեկտրաֆիկացման ենթակառուցվածքների քանակությունը: Այսպես, պետք է որոշակի պլան ներդրված լինի, որ մի քանի տարում Հայաստանի էլեկտրական ենթակառուցվածքները պատրաստ լինեն ապահովել տարեկան 18 000 մլն կՎտ ժամ հոսանք:

* 2023 թվականից առկա է արևային էլեկտրականության արտադրության հաշվարկային փոփոխություն։ Արևային էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ներառված են նաև էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի քանակությունները։ Սա հաշվի առնելու համար մինչև 2023 թվականի արևային էլեկտրականության արտադրության ցուցանիշները ճշգրտվել են։

 

Աղասի Թավադյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031