Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջ ում ողջագուրվում էի՝ գործի էին ընդունում, հիմա ում ողջագուրվում եմ՝ գործից հանում են. Բագրատ սրբազան

Մայիս 17,2024 18:20

Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հանդիպում ունեցավ բժիշկների ու դասախոսների հետ: Մինչ այդ նա ԵՊՀ բակում ուսանողների համար դասախոսություն էր կարդացել:

Բագրատ սրբազանը նախ շնորհակալություն հայտնեց Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդեն նախկին  տնօրեն Սամվել Դանիելյանին, որին աշխատանքից առողջապահության նախարարը ազատել էր՝ սրբազանին ողջագուրվելու համար: «Ում ուզում եք գործից հանեն, ինձ ասեք, հանգիստ կողջագուրվեմ, կարեւոր չի: Մի ժամանակ ում ողջագուրվում էի՝ գործի էին ընդունում, հիմա ում ողջագուրվում եմ՝ գործից հանում են: Եթե մարդ կա այդպես ձեր մտքի մեջ, ասեք՝ սիրով»,-կատակեց Բագրատ սրբազանը:

Նա նշեց, որ համակարգային էթիկա չկա՝ ամեն ինչ քմահաճույքով է, բարեկամական կապերով, ինստիտուտներ չկան: Նա նշեց, որ առողջապահությունը միայն որպես բիզնեսի չպիտի նայեն. «Առողջությունը թանկ է, առողջապահությունը՝ թանկարժեք: Պետք է այնպիսի հնարավորություններ ստեղծվեն, որ ոչ բիզնես գործառույթը գերադասվի, ոչ էլ խնամքի՝ բժիշկ-այցելուի, չդիտարկվի որպես զուտ նյութական միջոցներ շահելու հնարավորություն: Առողջությունը պահելու համար մարդը չպետք է ունեցած-չունեցածը դնի, տուն վաճառի, ընկնի վարկերի մեջ»:

Բագրատ սրբազանը կարեւորեց արհմիությունների դերը, որ ամեն քաղաքական ուժ չգա ասի՝ դու սրա հետ հարաբերվեցիր, նրա հետ հաց կերար, Բագրատ սրբազանի հետ ողջագուրվեցիր՝ գնա. «Արհմիությունների միտքը պետք է լինի պաշտոնի պաշտպանությունը, որպեսզի համակարգը չփլվի, չգան զրոյից սկսեն ու մնան ընդհանրապես զրոյի վրա: Քաղաքական թիմը չի կարող որոշում կայացնել սա լավ է սա վատ է, սա մեր տնից է, սա չգիտեմ ում տնից է, չէ no, never, երբե՛ք»:

Խոսելով շարժման մասին՝ Բագրատ սրբազանն ասաց. «Մենք շատ վճռորոշ ժամանակներում ենք ապրում: Սեղանին է դրված մեր հայրենիքի ներկան, ոչ թե ապագան: Երբ Տավուշից եկել ենք Երեւան, մեր ծրագիրն է եղել դադարեցնել այս ապօրինի գործընթացը, որը ոչ միայն դժվարացնելու է մեր շարժը, այլ դառնալու է մեր ստորացման վերջին աստիճանի մեխը: Դրա համար եմ ես՝ արքեպիսկոպոս մարդ, որոշել դուրս գալ փողոց, դա անընդունելի է: Սա ճիչ է, աղաղակ է, որ չի կարող այսպես, այս ամբողջ կորուստներն ու աղետը ե՞րբ պիտի կտրվի: Ո՞վ է հանդուրժելու այսքան նվաստացում: Սա համարենք աղաղակ, ճիչ, անընդհատ փորձում են քաղաքական գունավորում տան, թող տան, բայց ինձ համար ընկալումը այդպիսին է: Ստորացման, նվաստացման խորհուրդը պետք է վերանա  մեր կյանքից, գռեհկությունը, սուտը, թշնամությունը, ատելությունը:

Նա տեղեկացրեց, որ վաղը հանդիպելու է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, այնուհետեւ՝ պահեստազորայինների, հանդիպումների շարքի ավարտից հետո մեծ հանրահավաք է հրավիրելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031