Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում ենք արվեստագետն անցնելիս մտնի այստեղ, ինչպես իրենց տուն կմտներ». Արտյոմ Նաղդյան

Մայիս 17,2024 18:10

Ի՞նչ է փոխվել ՀՀ առաջին ԱԺ-ի շենքի՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի բովանդակության մեջ

«Առնո Բաբաջանյան» համերգասրահը մասնակցել է լուսային տեխնիկայի ձեռքբերման դրամաշնորհի, ինչը դրական եզրակացության է արժանացել ՀԲԸՄ-ի կողմից: Շուտով մենք տենդերով ձեռք ենք բերելու անձայն աշխատող լուսային եզակի համակարգ, որը չի խանգարելու երաժիշտներին: Այն նախագծված է Կարեն Վարդանյանի կողմից, որը համարվում է Հայաստանում ամենալավ լուսային ինժեներներից մեկը: Եթե դու ունես տեխնիկական  լավ հագեցվածություն, դաշտի որակյալ մասագետները ձգտում են քեզ մոտ աշխատել: Մենք էլ ձգտում ենք այնպես անել, որ մեր տեխնիկան այնպիսի որակի հասնի, որ բոլորին հետաքրքիր լինի մեզ հետ յուրօրինակ նախագծեր իրականացնել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի եւ «Առնո Բաբաջանյան» համերգասրահի տնօրեն Արտյոմ Նաղդյանը:

Նրա ձեւակերպմամբ, դրամաշնորհից իրենք շատ մեծ օգուտներ են քաղելու, իսկ լուսային համակարգը նոր տեսք է տալու համերգասրահին: Հիշեցնենք, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, համագործակցելով Creative Armenia-ի հետ եւ ԵՄ ֆինանսավորմամբ, նախաձեռնել է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը, որի նպատակն է խթանել Հայաստանում ստեղծարար արդյունաբերությունը։ Եվ «Առնո Բաբաջանյան» համերգասրահը մեկն է այն հաստատություններից, որին այդ նպատակով դրամաշնորհ էր տրվել:

Մեր զրուցակիցը նշեց, որ  վերջին տարիներին օգտագործում են ոչ միայն  համերգասրահը, այլեւ ողջ շենքը. «Երեք տարի է, ինչ վերաբացվել են մեր երկու ճեմասրահները, եւ երեք ճեմասրահներում ունեցել ենք  մեծ թվով ցուցահանդեսներ: Ամենավառ ցուցահանդեսների թվում են՝ Մինասինն ու Դեղձ Աշոտինը, Ժանսեմինն  ու Գառզուինը, Ռուդոլֆ Խաչատրյանինը: Մենք մշտապես համագործակցում ենք Ժամանակակից արվեստի թանգարանի, ինչպես նաեւ անհատ ստեղծագործողների հետ: Օրինակ, հունիսին մեզ մոտ կկայանա Անի Հովակի ցուցահանդեսը: «Առնո Բաբաջանյան» համերգասրահն իր աշխատակազմում ունի պրոֆեսիոնալ համադրող, որը զբաղվում է ցուցահանդեսներով, ինստալյացիաներով: Մենք փորձում ենք համագործակցել նաեւ ժամանակակից արվեստ ներկայացնող արտիստների հետ:

«Առնո Բաբաջայնյան» համերգասրահի վերջին երեք տարիների տեսլականը  անկախ արվեստագետների հետ համագործակցությունն է: Երբ արվեստագետն ասում է, որ ցանկանում է  համերգ ունենալ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, մենք ասում ենք՝ կանենք քո ողջ մենեջմենթը, ազդագրերը, smm-ը, քոփի ռայթինգը, օնլայն գովազդը, օնլայն տոմսերի վաճառքը եւ այլն: Արդյունքում շահում է եւ արտիստը, եւ համերգասրահը:

Անցյալ տարի ավելի քան 200 համերգ ենք ունեցել: Մենք վերաբացել ենք նաեւ մեր ներքնահարկը, որը 60 հոգու համար նախատեսված բացառիկ վայր է, որտեղ եւ ցուցադրություններ են կայանում, եւ պերֆորմանսներ, եւ զրույցներ, փորձում ենք մաքսիմալ բացել այդ վայրը՝ որպես արվեստի հաբ, որտեղ արվեստագետնանցնելիս կմտնի, ինչպես իրենց տուն կմտներ»:


Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ Filo ծրագրին, որը նորացված, վերափոխված Դպրոցականի ֆիլհարմոնիան է: Արտյոմ Նաղդյանը հավաստիացնում է, որ այս ուղղությամբ եւս հրաշալի արդյունքներ են գրանցել.  «Ծրագիրը շատ ինտերակտիվ է, եւ ծրագրին մասնակցելու  համար պետք է երեխան գրի Filo-ի ինստագրամի եւ Ֆեյսբուքի էջերին: Երեխան նախապես է պատվիրում իր մշակութային ժամանցը եւ գիտակցում է, որ միայն ինքնաթիռի տոմսը չէ, որ կարող ես նախապես պատվիրել: Երեխաները նաեւ կարող են ուղիղ հարց ուղղել Filo-ի համակարգողին՝ Ռուզաննա Ղարաջյանին, որը հանրապետության բոլոր երեխաների հետ շփվում  է ու բոլորին ճանաչում, եւ դա միջավայր է ստեղծում, ինչը հենց մեր նպատակներից մեկն է:

Հայաստանի պետական  ֆիլհարմոնիայի շենքը կառուցվել է 1984 թ., այստեղ եղել է ՀՀ առաջին Ազգային ժողովը, ստորագրվել է Հանրապետության Անկախության հռչակագիրը, եղել է առաջին Մատենադարանը, Կոմիտասին այս դահլիճից են հուղարկավորել: Սա մեծ պատմություն ու էներգետիկա ունեցող շենք է, բայց նաեւ համարում եմ, որ պետք է լինի  նորարար ու ժամանակակից: Մենք մի շարք համագործակցություններ ունենք, այդ թվում՝ Իտալիայի, Ֆրանսիայի դեսպանությունների հետ, Ժամանակակից արվեստի փառատոների, Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի հետ: Ունենք ջազային լայն  ընտրանի, նաեւ շատ լավ խմբեր են մեր հարկի ներքո հանդես գալիս՝  «Նաղաշ», «Ծիրանի ծառ», Նորայր Քարտաշյանի խումբը եւ այլն … Մինչեւ տարեվերջ կփոխենք համերգասրահի բոլոր աթոռները, շուտով Գերմանիայից Երեւան կհասնի մեր նոր «Սթենվեյ» ռոյալը…Մի խոսքով՝ մեր ծրագրերը շատ են, բայց իրագործելի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում լրատվամիջոցը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

«Առավոտ» օրաթերթ
17.05.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031