ՀՀ ԳԱԱ-ում ներկայացվեց «Անահիտ» հանդեսի ներդրումը հայ արվեստագիտության ասպարեզում
Սույն թվականի մայիսի 17-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Արվեստի հարցերը Արշակ Չոպանյանի «Անահիտ» հանդեսում» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը։
Միջոցառման մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը։
«Այս միջոցառումը յուրօրինակ է՝ հաշվի առնելով «Անահիտ» հանդեսի վիթխարի դերակատարությունը հայ մշակույթի զարգացման ընթացքի լուսաբանման և հանրահռչակման գործում։ Սա միջգիտակարգային գիտաժողով է, քանի որ հանդեսն ուներ գրական, գեղարվեստական և հասարակական ուղղվածություն։ Հանդեսի կողմնորոշիչները մնայուն արժեքներն են՝ հայ մտավոր մշակույթը, ազգային խնդիրները և եկեղեցու դերը մշակույթի զարգացման և ժողովրդի կյանքում։ Այս կողմնորոշիչներն ապահովել են հանդեսի խոշոր ներդրումը մեր մտավոր մշակույթի պատմության մեջ և նաև թողել մեզ որոշ դասեր։ Փարիզում լույս տեսնող «Անահիտ» հանդեսը, երբ դեռ չունեինք պետականություն (1898-1911թթ․), կարևորում էր հայերենը որպես գիտական լեզու և նպաստում դրա զարգացմանը, ինչը հարկ է անպայմանորեն շարունակել նաև այժմ», – ասաց ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։
Կարդացեք նաև
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանը նշեց՝ պարբերական մամուլի ուսումնասիրությունն արվեստագիտության կարևորագույն ուղղություններից մեկն է։ «Առաջին անգամ հայ ակադեմիական արվեստագիտությունն անդրադառնում է հայ պարբերական մամուլին՝ «Անահիտ» հանդեսի օրինակով։ Հայտնի է, թե ինչ մեծ նշանակություն և դեր ունի հայ պարբերական մամուլն արվեստագիտության, արվեստի քննադատության ձևավորման, կայացման և զարգացման գործում։ 19-րդ դարից սկսած արևմտահայ և արևելահայ մամուլը բազմիցս անդրադարձել է արվեստի և գրականության հարցերին, և շատ հաճախ այդ հրապարակումները հետազոտողների համար ձեռք են բերում սկզբնաղբյուրի նշանակություն», – ասաց Աննա Ասատրյանը։
Նա շեշտեց արվեստի քննադատության կարևորությունը։ «Ներկայում մեր գիտնականները հեռացել են արվեստի քննադատությունից, և դա ցավոտ հարց է։ Կարծում եմ, որ այս գիտաժողովը խթան կհանդիսանա, որպեսզի մեր գիտնականները գիտական հետազոտություններին զուգահեռ զբաղվեն նաև երաժշտական, թատերական և գեղարվեստական քննադատությամբ։ Այս առումով գիտաժողովն ունի նաև կիրառական նշանակություն», – ասաց Աննա Ասատրյանը։
Գիտաժողովի ժամանակ զեկուցումներով հանդես եկան առաջատար գիտնականներ ու երիտասարդ հետազոտողներ Հայաստանից և արտերկրից՝ բացահայտելով «Անահիտ» հանդեսի ներդրումը հայ արվեստագիտության՝ երաժշտագիտության, արվեստաբանության, թատերագիտության և ճարտարապետագիտության, ինչպես նաև գրականագիտության ասպարեզում:
Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մայիսի 18-ին՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24գ, 1-ին հարկ):
Գիտաժողովը գումարվել է «Հայ գեղարվեստական և երաժշտական քննադատությունը XIX դարում և XX դարասկզբին (ձևավորումն ու զարգացման միտումները)» գիտական ծրագրի շրջանակում:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին