ՀՀ ԳԵղարքունիքի մարզի «Բերդկունք» ամրոցի հյուսիսային աշտարակի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարով թվագրվող նետասլաք (մոնղոլական տիպի), միջնադարյան ապակյա ապարանջանների և տարբեր կավանոթների բեկորներ։ Արշավախմբի ղեկավար Լուսինե Ալեքսանյանը մանրամասներ է ներկայացրել պեղումների ընթացքից։
Լուսինե Ալեքսանյան հնագիտական արշավախմբի ղեկավար.
Պեղվել են միջնաբերդի պարսպապատից թափված քարակույտերից ազատված՝ արտաքին և ներքին հատվածները։ Գրեթե ամբողջությամբ բացվել է պարսպապատի արտաքին հիմքը՝ բացառությամբ թունելատիպ խրամուղիների։ Այստեղ, ամրոցի հիմքի քարերը անմիջապես դրված են մշակված կամ ընդհանուր ամրոցային համալիրի հարմարեցված ժայռին։
Հատկանշական է նաև ճարտապետատեխնիկական մանրամասների բացահայտումը այստեղ, մասնավորապես, հյուսիսային բրգաշտարակի տակ բացված պատի հատվածը, որը հավանաբար բրգաշտարակին ծառայել է արտաքին լրացուցիչ անվտանգության և դեպի ամրոց տեղաշարժերը վերահսկելու ու կարգավորելու համար։
Կարևոր է նաև ներքին սենյակների պեղումների վերսկսումը։ Այստեղ, նախորդ դարի 80-ակկան թվականներին կատարված պեղումներով բացվել են մի քանի ուղղանկյուն հիմքով սենյակներ։
Լուսինե Ալեքսանյան հնագիտական արշավախմբի ղեկավար.
Պարիսպներից ներս գտնվող նախկինում բացված սենյակներում այս պահին կատարվում են մաքրման և թափված քարերի հեռացման աշխատանքներ։
Հնագիտական աշխատանքների ավարտից հետո կպատրաստվի հուշարձանի վերականգնման նախագիծը։
Պեղումները ամրոցի տարածքում իրականացնում է «Պատմամշակութային արգել-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի արշավախումբը /արշավախմբի ղեկավար Լ. Ալեքսանյան, հանգետներ՝ Լևոն Մկրտչյան, Գագիկ Սարգսյան/։
«Պատմամշակութային արգել-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ