«Վարչապետին անվստահություն հայտնելու հարցը չի կարող դրվել, քանի որ 2021-ին ՀՀ քաղաքացիները ձեւավորել են իշխանություն, ԱԺ ու ԱԺ-ն ձեւավորել է կառավարություն, կառավարությունն ունի ղեկավար եւ ՀՀ-ում իշխանությունները կարող են փոխվել միայն ժողովրդավարական լեգիտիմ ճանապարհով, այն է՝ ընտրությունները»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Նա ասաց, որ ՔՊ-ն անհանգստացած չէ, որովհետեւ արդեն 3 տարի է՝ ընդդիմությունը գարնան ջերմային ֆոնին տարբեր դեմքերով պրոցեսներ է գեներացնում ու այդ պրոցեսներն անհաջողության են մատնվում, որովհետեւ առաջարկ չկա, քաղաքական բովանդակություն չկա. «Բագրատ սրբազանի հետ հանդիպելու առաջարկ չի եղել, ինչի՞ շուրջ հանդիպենք, նման օրակարգով որեւէ մեկի հետ ՔՊ-ն չի պատրաստվում խոսել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ