Լրահոս
Օրվա լրահոսը

Գարիկ Իսրայելյան. Ադրբեջանը դրանով ուզում է մաքրել իր իմիջը. «Ա1+»

Մայիս 17,2024 15:47

«Ա1+». Մայիսի 12-17-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում տեղի ունեցավ գիտության և արվեստի STARMUS-7 փառատոնը։ Այս անգամ այն մեկտեղել էր երաժշտության և գիտության ոլորտի շուրջ վեց տասնյակ աշխարհահռչակ գործիչների։ Խոսնակների շարքում էին նաև այնպիսի նոբելյան մրցանակակիր գիտնականեր, ինչպիսիք էին Ջեյն Գուդոլը, Քիպ Թորնը, Սթիվեն Չուն, Միշել Մայորը և այլոք։ STARMUS յոթերորդ փառատոնը նվիրված էր Երկիր մոլորակի պահպանմանն ու գլոբալ տաքացումների դեմ պայքարին և կրում էր The future of our home planet անվանումը։ Այդ 6 օրերի ընթացքում հրավիրված գիտնականները Բրատիսլավայի Tipos Arena մարզահամալիրի մեծ դահլիճում հանդես եկան շուրջ հինգ տասնյակ դասախոսություններով ու քննարկումներով, որոնք վերաբերում էին մարդկությանն ու գիտությանը։

Փառատոնը մեկնարկեց բացօթյա մեծ համերգով, իսկ մայիսի 15-ին տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած Սթիվեն Հոգինքի մեդալի հանձնման պաշտոնական արարողությունը։ STARMUS-ի և այս անգամ ընտրված թեմայի մասին «Ա1+»-ը զրուցեց փառատոնի հեղինակ և հիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի հետ։

– Պարոն Իսրայելյան, այս տարի Ձեր հիմնադրած STARMUS փառատոնն ուղղված էր Երկիր մոլորակի պահպանմանն ու գլոբալ տաքացումների դեմ պայքարին։ Այդ առումով ինչպե՞ս եք վերաբերում այս տարի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանի /COP29/՝ Ադրբեջանում անցկացմանը։ Չէ որ այդ երկիրը նավթ և գազ է արդյունահանում և մեծ ուշադրություն չի դարձնում մթնոլորտ վտանգավոր արտանետումների կրճատման վրա։

– Դա ուղղակի խայտառակություն է։ Վերջերս «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել էր իր տարեկան զեկույցը, որի համաձայն 180 երկրների ցանկում Ադրբեջանը գտնվում էր 164-րդ տեղում։ Հայաստանը 43-րդ հորիզոնականում էր և առաջ էր անցել անգամ Լեհաստանից ու ԱՄՆ-ից։ Իսկ ՄԱԿ-ն այդ շատ մեծ միջոցառումը, որն իրադարձություն է, անցկացնում է մի երկրում, որտեղ մարդու իրավունքների պաշտպանությունն ավելի քան 30 տարի է, դիկտատուրայի մակարդակով տապալվում է։ Հասկանում եմ, որ լոգիստիկ և այլ խնդիրների պատճառով, դժվար կլիներ Հայաստանում անցկացնել, բայց Ադրբեջանում անցկացնելու որոշումն էլ խոսում է այն մասին, որ այդ երկիրն ու իր նման պետությունները գազի և նավթի միջոցով կարողանում են ամեն ինչ գնել, կարողանում են ձայնազրկել ամենամեծ քաղաքական ուժերին։ Դա քաղաքականություն է։

– Նման քաղաքականության արդյունքո՞ւմ կարողացան COP29-ը տանել Ադրբեջան։

– Միանշանակ։ Նրանք ուզում են մաքրել իրենց երկրի իմիջը, իսկ մաքրելու ձևերից մեկն էլ այն է, որ Ալիևը ձեռքերով բարևի աշխարհի առաջնորդներին, դրոշի առաջ կանգնի ու նկարվի նրանց հետ։

– Այդ նույն լիդերներն այս տարի էլ գնալո՞ւ են Ադրբեջան, որ մասնակցեն COP29-ին այն դեպքում, երբ վերջին շրջանում իրենց երկրներից բավականին կոշտ հայտարարություններ են հնչեցրել Ադրբեջանի նկատմամբ։

– Անպայման գնալու են։ Ադրբեջանին կարող են ցեղասպանության մեջ էլ մեղադրել, բայց հետո ձեռքով կբարևեն առանց մտածելու, որ դրանով բարձրացնում են այդ դիկտատորի վարկանիշը։ Փողի համար կարող են։ Այդտեղ գումարն է առաջնային, որն Ադրբեջանը վճարում է ինչ-որ կառույցներին, հիմնադրամներին, որոնք պայքարում են, ասենք, բնական աղետների դեմ կամ ասում են, կանաչ մոլորակ ենք ուզում։ Նման հիմնադրամներ կան, որոնց վճարում ես, նրանք էլ լոբինգ են անում քո օգտին, սկսում են աշխատել քո օգտին։ Մարդու իրավունքները ետին պլան է մղվել։

– Իսկ ինչպե՞ս եք մեկնաբանում Հայաստանի քայլը, որ թույլ տվեց, COP29-ն անցկացվի Ադրբեջանում։

– Դա սխալ քայլ էր։ Փաստորեն Հայաստանի առաջ մի շարք պայմաններ են դրվում, որ եթե սա չանես, սա կանենք։ Մինչև այժմ շանտաժի քաղաքականություն է տարվել, վախի ռազմավարություն է կիրառվում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031