Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհ՝ դեպի մենաստան ու վանական կյանք

Մայիս 17,2024 15:52

Ուղեւորվում ենք Ղազարավանի մենաստան՝ բացահայտելու Հայաստանում վանական կյանքի յուրահատուկ առաքելությունն ու կարեւորությունը:

Հայաստանում վանական կյանքը, ըստ քրիստոնեական պատմական վկայությունների, եղել է 4-րդ դարից սկսած: Ներսես Մեծի օրոք մենաստանները մեծ վերելք են ունեցել: Իսկ Խորհրդային միության ժամանակ դրանք հալածվել են իշխանությունների կողմից ու դադարել գործել: Եվ միայն 2000-ականներին Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի նախաձեռնությամբ վերաիմաստավորվեց վանականությունն ու վերականգնվեց միանձնուհիների հաստատությունը:

2017-ին Վեհափառի տնօրինությամբ եւ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ սուրբ Նարեկ եկեղեցու տարածքում որոշվեց կառուցել կանանց առաջին մենաստանը:

Այնուհետեւ միանձնուհիներից քույր Եղիսաբեթին շնորհվեց քող կրելու իրավունք եւ մայրության պատիվ:

Մայր Եղիսաբեթին հարցրեցինք՝ ի՞նչը ձեզ դրդեց, որ գաք մենաստան, երբեւէ կմտածեի՞ք, որ լինելու եք մայրապետ՝ նա պատասխանեց. «Ե՞ս: Երբեք չէի մտածում, գիտեք, ես թունդ կոմսոմոլ կոմունիստ… վանական մայրապետ տեսել եմ փոքր ժամանակ Աբխազիայում եւ մենք իրանց ձեռք էինք առնում: Հետո, երբ արդեն ես եկա հավատքի, Գյումրիի երկրաշարժի ժամանակ նոր ես հասկացա, որ ե՛ւ դժոխք կա, ե՛ւ դրախտ: Ոչ նրան էի հավատում, ոչ նրան, ոչ Աստծուն: Մենակ Լենին-Ստալին էի պաշտում եւ հանկարծակի, երբ որ Գորբաչովը հայտնվեց Գյումրիում, տեսա իր խալը, հանկարծակի ականջիս եկավ ձայն՝ вот придет Мишка Меченый и конец Советской власти: Ու հիշեցի էդ մայրապետին, մենք իրան քար էինք գցում, ծաղրում էինք, ինքը էդ նույն բառերը մի անգամ չի բարձրաձայնել: Մեջս 180 տոկոսով փոխվեց, հասկացա, որ Տե՛ր ջան, դու կաս… Եթե դու չգնաս մարդկանց մեջ չապրես, քեզ թվում է դու ոչ հպարտ ես, ոչ բամբասող ես, հրեշտա՜կ ես: Երբ որ ես գնացի էնտեղ, ես հասկացա ես ով եմ ու դրանից հետո ասեցի՝ ես էստեղից դուրս չեմ գա, թե չէ ես փրկություն չունեմ: Եվ փառք Աստծո, 24 տարին է լրանում, որ ես վանքում եմ»:

Միանձնուհի քույր Մարիամը 22 տարեկանում որոշել է նվիրվել Աստծուն: Նա վստահեցնում է, որ մենաստանի պարիսպների ներսում իրեն անսահման երջանիկ է զգում. «Գալիս եմ վանք, խաղաղվում եմ, ոնց որ հոգիս անսահման ազատության մեջ լցվի, ոնց որ էս պատերը իմ հոգու ազատությունն են…Վիկտոր Հյուգոն, էս վերջերս «Թշվառներն» էի կարդում, մի հատ լավ խոսք ունի, ասում ա՝ ամենագեղեցիկ տաճարը դա դժբախտի տառապած հոգու շնորհակալությունն է: Էդ ինձ համար շատ խորը արտահայտություն է, որովհետեւ քրիստոնեության ճանապարհը նեղ է ու անձուկ, տառապանքներ կարան լինեն, բայց դա սիրո ճանապարհ է»:

 

Միանձնուհի քույր Շուշանը հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի է: Նա պատմեց, որ ընտանեկան կյանքի մասին երբեւէ չի երազել, ցանկացել է ծերանոցում աշխատել. «Առանց Սուրբ Երրորդության ներկայության մեր կյանքում չենք կարող երջանիկ լինել, իհարկե, կարելի է աշխարհում Տիրոջով ապրել, ընտանիք ունենալ, զավակներ եւ Տիրոջ օրհնությամբ ապրել, սակայն երբ ցանկանում ես լիակատար երջանկություն, այդ դեպքում պիտի էդ ամեն ինչից հրաժարվել եւ գնալ դեպի այդ աղբյուրը լույսի, երջանկության: Բնականաբար, այդ դեպքում արդեն պիտի ապրես մենաստանում, որտեղ փորձում ես սիրտդ, հոգիդ, միտքդ մաքրել ամեն կրքից, ցանկությունից, մեղքերից եւ ազատել այդ սիրո համար տեղ: Դա երջանկություն է ինձ համար: Ես սիրում եմ մարդկանց, սիրում եմ շփվել մարդկանց հետ, բայց նաեւ շփվելու, տալու համար հարկավոր է լցվել, իսկ լցվելու համար հարկավոր է աղոթել, աղոթական կյանքով ապրել, որպեսզի կարողանաս տալ: Առանց Տիրոջ, ո՛չ ընտանեկան երջանկությունը, ո՛չ ունեցվածքը չեն կարող մարդուն լիակատար երջանիկ դարձնել, իսկ մարդը կյանքում փնտրում է երջանկություն, լիարժեք, ճշմարիտ երջանկություն ու դա կարող են գտնել միայն Աստծուն ճանաչելով, Աստծուն հավատալով»:

Ուխտյալ քրիստոնյաները գտնում են, որ աշխարհիկ հաճույքները չարի գործիքներն են, պետք է հրաժարվել դրանցից, որ հոգի՛ն իշխի մարմնի վրա:

 

Միանձնուհի քույր Անահիտի խոսքով՝ օրվա կենցաղային բոլոր հոգսերը բեռներ են. «Մենք սովոր ենք, դրանք ծանրացնում ենք, անընդհատ նժարի վրա քար ենք դնում ու ստիպված կամ ինքնաբերաբար շրջապատի ազդեցության տակ ենք դա անում: Մանավանդ Հայաստանում ընդունված է՝ բա ոնց կլինի սա չլինի, բա ոնց կլինի էն մեկը չլինի…Մեր հոգսը աղոթելն է, որ մեր անձնական, անհատական ճանապարհը մաքրվի: Ասում է՝ փրկիր ինքդ, կփրկես շատերին, սա է մեր հոգսը»:

Արագածոտնի թեմի ներքո է գործում նաեւ Կոշի արական վանքը, որտեղ փորձեցինք ծանոթանալ ճգնավորական կյանքով ապրող մեր վանականներին:

Այս պահին այնտեղ ճգնակեցությամբ է ապրում 3 վանական:

Առաջարկում ենք դիտել մեր պատրաստած տեսանյութը՝ Ղազարավանի մենաստանում ու Կոշի արական վանքում ապրող մեր 9 միանձնուհիների ու վանականների մասին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031