Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ արքեպիսկոպոսը չի պատկերացնում, որ ինչ-որ մեկին տականք կամ մարդասպան ասելը՝ չեզոքացնում է սերն ու հանդուրժողականությունը. Աշոտ Մելիքյան

Մայիս 17,2024 15:27

«Այն իրավիճակը, որ տեսնում ենք վերջին շաբաթների ընթացքում, մեր հասարակության համար նորություն չէ, եւ ցանկացած պարագայում, երբ հասարակական-քաղաքական մթնոլորտը սրվում է, նույն իրադարձությունները, հռետորաբանությունը կրկնվում են, ինչը շատ մտահոգիչ է: Ատելության հռետորաբանությունն է, որ սրում է իրավիճակը եւ խորացնում անհանդուրժողականությունը տարբեր ճամբարների միջեւ»,- Մեդիա կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նրա խոսքով, ներկա իրավիճակը արտացոլում է մեր հասարակության դեգրադացված լինելը, արժեքների վերանայումը, ենթամշակութային մոտեցումների գերիշխումը. «Այս ալիքը կարող է վերանալ, դրանից հետո այլ ալիք լինել, բայց հասարակությունը, իր վարվելակերպը, ապրելակերպը, մոտեցումները, արժեքները չեն կարող այսպես մնալ: Ի վերջո, պետք է հասկանալ, որ միայն քաղաքակիրթ մոտեցմամբ կարելի է փոխհամաձայնության գալ, մինչդեռ այսպես սրելով եւ թեժացնելով իրավիճակը՝ կարելի է հասցնել քաղաքացիական լուրջ ընդհարումների: Ատելության խոսքը վտանգավոր է նրանով, որ գալիս է մի պահ, երբ խոսքից անցնում են գործի»:

Աշոտ Մելիքյանը անդրադառնալով Բագրատ սրբազանի՝ սիրո եւ համերաշխության վերաբերյալ կոչերին՝ հետեւյալը նշեց. «Նույն Բագրատ Գալստանյանը այդ սիրո խոսքերից հետո կամ առաջ լրատվամիջոցներից մեկի ղեկավարությանն անվանել է տականք, մարդասպան: Կարծում եմ, որ ցանկացած շարժման կամ ըմբոստության առաջնորդների հռետորաբանությունից է շատ բան կախված, թե ինչպիսի զարգացումներ կգնան… Բագրատ արքեպիսկոպոսը չի պատկերացնում, որ երբ սեր բառն օգտագործելուց հետո ինչ-որ մեկին տականք կամ մարդասպան է ասում, դա չեզոքացնում է եւ սերը, եւ հանդուրժողականությունը, եւ ամեն ինչ:

Կարելի է հասկանալ Բագրատ արքեպիսկոպոսին, որ քաղաքական փորձ չունի, եկեղեցում իր քարոզի ժամանակ մարդիկ գլուխները կախ լսում են իրեն, մինչդեռ քաղաքականությունը միանգամայն այլ ոլորտ է: Եթե դու մտել ես քաղաքականություն, քաղաքական հայտ ես ներկայացրել, ապա պետք է պատրաստ լինես, որ քեզ կհակադարձեն, խիստ կքննադատեն եւ շատ բաներ չեն ընդունի: Ի դեպ, իր հռետորաբանության մեջ բավականին մեծ չափաբաժին կա անընդունելի գործողությունների եւ վարվելակերպի»:

 

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031