Լրահոս
Օրվա լրահոսը

Ես նման մարդու չեմ ճանաչում, որը շփվել է Բագրատ սրբազանի հետ․ Բաբկեն Թունյանը՝ ՔՊ-ականների՝ սրբազանի հետ հնարավոր հանդիպման մասին

Մայիս 17,2024 15:12

Եթե Բագրատ սրբազանն ասում է, որ շփվել է ՔՊ-ականների հետ, ինքն էլ պետք է ասի, թե ում հետ է շփվել, ես նման մարդու չեմ ճանաչում, որը շփվել է նրա հետ։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն՝ անդրադառնալով հարցին՝ Բագրատ սրբազանն ասել էր, որ ՔՊ-ականների հետ էլ է շփվել, տեղյա՞կ է, թե ում հետ։

Հարցին՝ բացառո՞ւմ է, որ նման շփումներ կլինեն, Թունյանը պատասխանեց․ «Ես բացառում եմ, որ երբեւէ կունենանք մի իրավիճակ, երբ եկեղեցին փաստացի իշխանափոխության օրակարգով շարժում կնախաձեռնի։ Կյանքն այնպես է փոխվում, որ ամեն ինչ, ինչն ի սկզբանե կարելի էր բացառել, այլեւս ոչ մի բան հնարավոր չէ բացառել»։

Հարցին՝ եթե Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանն առաջարկ անի հանդիպման, կհանդիպի՞, Թունյանը պատասխանեց. «Եթե Բագրատ սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի ու օրակարգն ասի, կմտածեմ, բայց նման անհրաժեշտություն չեմ տեսնում»:

Լրագրողների հարցին՝ մի՞թե օրակարգը պարզ չէ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, պատգամավորը պատասխանեց․ «Ոչ։ Ես գիտեի Կիրանցի, Ոսկեպարի, Տավուշի անվտանգությունն է օրակարգը»։

Լրագրողների մեկ այլ դիտարկմանը՝ շարժումը գտնում է, որ անվտանգության խնդիրները իշխանությունը ձախողել է, Թունյանն այսպես արձագանքեց․ «Հիմա շարժում է ընթանում, նորմալ, մարդիկ իրենց տեսակետը արտահայտում են, անհնազանդության ակցիաներ են անում, շատ նորմալ է, եթե օրենքի հետ խնդիր է լինում, համապատասխան գործողություններ են լինում։ Ժողովրդավարական երկրին հարիր գործընթացներ են: Հիմա եթե իրենց կհաջողվի ժողովրդի մեծամասնությանը համոզել կամ իմպիչմենթի գործընթացը ավարտին հասցնել, ինչքան հիշում եմ՝ ժամկետներ էլ էին նշում, այդ գործընթացը ցանկացած յուրաքանչյուր ոք կարող է տանել առաջ: Որեւէ խնդիր չեմ տեսնում»:

Ինչ վերաբերում է Կիրանցում ստեղծված իրավիճակին, ճանապարհ փակելուն, Թունյանն ասաց՝ այսինքն, նշանակում է եթե ճանապարհը փակում են, ամեն ինչ վատ է, եթե բացում են, ամեն ինչ լա՞վ է․ «Իմ վերջին տեղեկություններով Կիրանցի ճանապարհն այս պահին բաց է: Բնական է, որ մարդիկ ունեն դժգոհություններ, բնական է, որ մարդիկ պետք է արտահայտեն այդ դժգոհություններն ու մտահոգությունները: Դրա համար կա գործընթաց, որը ՀՀ կառավարությունը կատարում է: Ինչ որոշում էլ ընդունվում է, միշտ լինում են դժգոհ մարդիկ եւ գոհ մարդիկ: Հասկանալի է, որ մեր որոշ քաղաքացիների համար անհարմարություններ են ստեղծվում, իրենց ունեցվածքի հետ կապված որոշակի խնդիրներ կլինեն, բայց եթե դա անհրաժեշտ է Հայաստանը ընդհանուր անվտանգության տեսանկյունից, ուրեմն պետք է հավասարակշռվի այդ ամենը, ու կառավարությունն այդ ուղղությամբ աշխատում է»:

ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը շարժման մասնակիցներին անվանել է թափառախումբ: Արդյոք իր գործընկերոջ հետ համաձա՞յն է Թունյանը, վերջինս խուսափեց այդ հարցին պատասխանել, միայն ասաց․ «Եթե ես Արուսյակ Ջուլհակյանի տեսակետի հետ համաձայն չլինեմ, կգնամ նրան կասեմ, եթե համաձայն լինեմ, կրկին կգնամ կասեմ։ Ոնց եմ ես վերաբերվում մեր գործընկերոջ դիրքորոշմանը, թողեք մեր գործընկերային հարաբերություններին»։

Թունյանը զուգահեռներ անցկացրեց իր՝ լրագրող եղած ժամանակաշրջանի մամուլի եւ այսօրվա մամուլի միջեւ, ասաց․«Ես էլ եմ մամուլի մարդ, իմ ժամանակվա մամուլը ու հիմիկվա մամուլն էապես իրարից տարբերվում են։ Այն ժամանակ մամուլը մարդկանց անձնական վիրավորանքներ չէր հասցնում: Երբեւէ չէիք տեսնի, որ լրագրողը երկրի վարչապետի անուն-ազգանունը փոքրատառով գրեր, վարչապետի հասցեին վիրավորական արտահայտություններ աներ, բռնության կոչեր աներ կամ ատելություն քարոզեր»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031