Ավագանու անդամների՝ այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումները կսահմանվեն ոլորտային օրենսդրությամբ
«Հանրային ծառայության մասին» օրենքի կարգավորումներով նախատեսված է հանրային պաշտոն եւ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կողմից պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնելու արգելք, իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» ու «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում այդպիսի կարգավորումներ նախատեսված չեն: Այս տարընկալման հետեւանքով ավագանու մի շարք անդամներ համատեղում են իրենց պաշտոնը հանրային եւ հանրային ծառայության պաշտոնների հետ: Առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո առաջիկա ավագանու ընտրության ժամանակ կգործի բացարձակ արգելք համայնքի ավագանու անդամների եւ հանրային ու հանրային ծառայության պաշտոնների անհամատեղելիության մասով. ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնների եւ հանրային ծառայության պաշտոնների հետ:
«Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը:
Անցումային դրույթներով այն անձինք, որոնք մինչ այս օրենքն ուժի մեջ մտնելը հանրային պաշտոնը կամ հանրային ծառայության պաշտոնը համատեղել են համայնքի ավագանու պաշտոնի հետ, կկարողանան շարունակել համատեղել պաշտոնավարումը մինչեւ տվյալ նորընտիր ավագանու առաջին նիստի գումարման օրը:
Կարդացեք նաև
Ըստ փոխնախարարի՝ անհամատեղելիության պահանջների սահմանման նպատակի առանցքում պաշտոնների մեկտեղման պարագայում շահերի բախման հնարավոր իրավիճակների առաջացումը կանխելն է, իշխանությունների տարանջատման եւ հավասարակշռման սկզբունքի խաթարումը բացառելը: Նշվել է, որ հանրային պաշտոն եւ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ավագանու անդամի պաշտոն զբաղեցնելը խնդրահարույց է, քանի որ առաջանում են շահերի բախման իրավիճակների ռիսկեր, վտանգվում են զսպումների եւ հակակշիռների սկզբունքները:
Կարեն Կարապետյանն առաջարկել է փաթեթի երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24-ժամվա ռեժիմում: Առաջարկվում է օրենսդրական փաթեթն ուժի մեջ մտցնել պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Զեկուցողը պարզաբանումներ է ներկայացրել պատգամավորների մտահոգությունների վերաբերյալ:
Հարակից զեկույցում պատգամավոր Ալխաս Ղազարյանը, կոչ անելով գործընկերներին կողմ քվեարկել, առաջարկել է քննարկման առարկա դարձնել ավագանիների՝ վճարովի հիմունքներով աշխատավարձ ստանալու մոդելը:
Արձագանքելով Կարեն Կարապետյանի այն դիտարկմանը, որ այս կառուցակարգը նոր չէ, 4 տարի է գործում է՝ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հռետորական հարց է հնչեցրել՝ այն պարագայում, երբ առնվազն խոշոր քաղաքների ավագանիները ներկայացրել են հայտարարագրեր, դա ուսումնասիրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից եւ հետեւանքներ չեն եղել, ապա ինչո՞ւ է վերոնշյալ հանձնաժողովը հիմա նկատել անհամատեղելիության խնդիրը: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ անհամատեղելիությունը եւ շահերի բախումը տարբեր ինստիտուտներ են: Առաջարկելով կողմ քվեարկել փաթեթին՝ նա կարծիք է հայտնել, որ կա՛մ պետք է գնալ արհեստավարժ տարածաշրջանային խորհրդարան ունենալու տարբերակով, կա՛մ պետք է վերադառնալ ավագանիների աշխատանքը մշտական չդիտարկելու մոդելին եւ այդ գործունեության շրջանակում վերահսկողություն սահմանել անհամատեղելի գործառույթների մասով:
ԱԺ մշտական հանձնաժողովն օրենսդրական փաթեթի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:
ԱԺ