Մայիսի 25-26-ին Երևանում կկայանա «Hack2Check. մեդիա եւ տեղեկատվական գրագիտության հեքըթոնը», որի բյուջեն 13.200 ԱՄՆ դոլար է կազմում:
«Hack2Check․ մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոն» ծրագիրը նպատակ ունի նպաստել նորարարական լուծումների զարգացմանը՝ մեդիա և տեղեկատվական գրագիտության բարելավման ու առցանց քարոզչության կանխարգելման գործում։ Հեքըթոնն իրականացնում են Հանրային լրագրության ակումբը եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան գրասենյակը՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակում։
Մեդիա կենտրոնում այդ թեմայով հարցազրույցի ժամանակ Հանրային լրագրության ակումբի( ՀԼԱ) ծրագրերի ղեկավար Խանում Գեւորգյանը նշեց, որ փորձում են խրախուսել թիմերին, որպեսզի նորարական գաղափարներով հանդես գան եւ կարողանան ստեղծել այնպիսի պրոդուկտներ, որոնք կնպաստեն ապատեղեկատվության քարոզչության, կեղծ լուրերի դեմ պայքարին: Նրա խոսքով, դա հեքըթոնի առաջնային նպատակն է. «Իսկ երկրորդային նպատակը իրազեկվածության եւ մեդիագրագիտության բարձրացումն է հասարակության տարբեր շերտերի շրջանում»:
Խանում Գևորգյանը հավելեց, որ իրենք խրախուսում են, որպեսզի մարդիկ հեքըթոնին մասնակցելու համար դիմեն թիմերով, սակայն, եթե, օրինակ, լինեն այնպիսի մարդիկ, որոնք կցանկանան անհատապես դիմել, կդիտարկվի նաեւ նրանց մասնակցության հայտը: Դիմելու վերջնաժամկետը մինչեւ մայիսի 19-ն է:
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ հեքըթոնի ժամանակ մասնակից թիմերը ներկայացնելու են իրենց նախագծերը, այնուհետեւ ժյուրիի անդամները կընտրեն հաղթողին: «Ունենք եւ միջազգային փորձագետներ, որոնք հեքըթոնի ընթացքում լինելու են մեր մասնակից թիմերի կողքին, եւ տեղացի փորձագետներ»:
Hack2Check. մեդիա եւ տեղեկատվական գրագիտության հեքըթոնի միջազգային փորձագետներն են՝ մեդիավերլուծաբան ԱՄՆ «Մարշալ» հիմնադրամի ներկայացուցիչ, Hamilton 2 հարթակի ղեկավար Բրեթ Շաֆերը եւ Baltic Sandbox Ventures-ի գործընկեր Դոմինիկաս Միլաշիուսը:
Նրանք ոչ միայն կունենան ելույթներ, այլեւ կաջակցեն թիմերին ծրագրերի մշակման, ներկայացման ժամանակ: Հեքըթոնին ներգրաված են նաեւ տեղացի մենթորներ, օրինակ, Գյումրիի եւ Վանաձորիի տեղեկատվական կենտրոններից, Մեդիանախաձեռնությունների կենտրոնից, ինչպես նաեւ անհատ մասնագետներ, որոնք մասնագիտացած են մեդիագրագիտության ոլորտում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ