Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները փակ հանդիպում են ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ։
Հիշեցնենք, որ երեկվանից Կիրանցի բնակիչները փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ բողոքելով սահմանազատման գործընթացի դեմ, ինչն իրականում մարդիկ միակողմանի զիջում են համարում։ Պարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, երեկ հանդիպելով բնակիչների հետ, ասել էր, որ մարզպետը պատրաստ է հանդիպել նրանց, բայց առանց լրատվամիջոցների ներկայության։
Այսօր գյուղացիները բացել են ճանապարհը, նրանք չէին համաձայնել մարզպետի հետ Իջեւանում փակ հանդիպման գնալ, բայց այսօր փաստորեն հանդիպումը կայացել է Կիրանցում։
Լրագրողների հետ զրույցում գյուղացիներից մեկն ասաց․ «Գյուղացիներն ուզեցին լսել ու հասկանալ, թե ինչ է կատարվում ու ինչ կարող ենք անել»։ Հարցին, թե ի՞նչ է քննարկվել, բնակիչը պատասխանեց․ «Կամուրջը, նաեւ տներ են մնալու Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ասացին՝ ստորագրվել է, էլ ուրիշ քայլ չունենք անելու։ Հիմա պետք է փորձեն այդ ճանապարհները սարքել։ Իրենք մեզ ուղղակի ներկայացրել են այս պահի եղած դրությունը, որեւէ նորություն չկար, լրիվ նույնն է»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Կիրանցի բնակչի խոսքով՝ նաեւ գյուղի 65 հա վարելահողերի հետ կապված խնդիրներ են առաջանալու, չնայած այլընտրանքային ճանապարհ կա։ «Երաշխավորում են, որ սահմանապահ զորքերի կողմից լինելու է անվտանգության ապահովում»,- ասաց գյուղացին։
Գյուղի բնակիչ Ղարիբ Ավալյանն էլ ասաց, որ Ադրբեջանի վերահսկողությանն են անցնում նաեւ 1970-ականներին կառուցված տներ ու կամուրջը։ «Եկել էին հեթական անգամ հերթական ստերով համոզում էին ժողովրդին, որ՝ համաձայնեք։ Ու ժողովրդին պառակտեցին, փոխհատուցում բան էին առաջարկում։ Ամեն մեկին մի բան ասելով, խաբելով, ժողովուրդը սկսեց ամեն մեկը մի բան ասել։ Մեկն ասում է՝ ճիշտ է, դե տանք պրծնենք, մյուսն ասում է՝ իմ հողը ո՞նց տամ»,- ասաց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ Գոհար ՎԱՐԴԱՆՅԱՆԻ