«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն այսօր առավոտյան հանդիպել է ՀԱԿ փոխնախագահներ Արամ Մանուկյանի եւ Լեւոն Զուրաբյանի հետ։ Լրագրողների հարցին, թե ի՞նչ է քննարկվել, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Գործընթացների վերաբերյալ, իրենց կեցվածքի, դիրքորոշման։ Բացի դա, մենք երկար տարիների բարեկամություն ունենք, մտերմություն ունենք, բնական գործընթացի մաս է կազմում»։
Ավելի վաղ Բագրատ սրբազանը հայտարարել էր, որ մայիսի 18-ին հանդիպման է հրավիրում հայաստանյան բոլոր քաղաքական ուժերին։
Հարցին, թե ի՞նչ արձագանքներ կան, նա պատասխանեց․ «Մի հատվածի հետ հանդիպել ենք այս ընթացքում։ Ես որքան հասկացա, կուսակցությունները շատ են, հետեւաբար, ուզեցի, որ բոլորը ներկա լինեն՝ մեծ, փոքր, եւ միասին որոշակի եզրահանգման գանք։ Ամեն ինչ հստակ ու որոշակի գնում է առաջ»։
Կարդացեք նաև
Հարցին, թե ՔՊ-ից որեւէ արձագանք եղել է՝ իրենց հետ հանդիպելու համար, Բագրատ սրբազանը պատասխանեց՝ ոչ։
Նա անդրադարձավ նաեւ Կիրանցում երեկվանից տեղի ունեցող անհնազանդության գործողություններին՝ նշելով․ «Այս շարժումը սկսվել է մեկ նպատակով՝ կասեցնել այս ապօրինի գործընթացը եւ դրա լուծումը այս իշխանության հեռացումն է։ Ուրիշ լուծում չկա, այսօր Կիրանց է, վաղը Սյունիքն է, մյուս մարզերն են»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ