Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է անհապաղ քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի ու Մհեր Գրիգորյանի, ինչպես նաեւ Արման Եղոյանի նկատմամբ. Հրանտ Բագրատյան. «Հրապարակ»

Մայիս 17,2024 11:18

«Հրապարակ»-ի զրուցակիցը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է։

– Պարոն Բագրատյան, երեկ տեղեկացանք, որ սահմանազատման հարցերով ՀՀ եւ Ադրբեջանի հանձնաժողովները երեկ ուշ ժամի նոր արձանագրություն են ստորագրել, ըստ որի՝ «Բաղանիս, Բաղանիս-Այրում, Ոսկեպար, Աշաղը Ասկիպարա, Կիրանց, Խեյրեմլի, Բերքաբեր, Կըզըլ Հաջիլի գյուղերի հատվածներում սահմանի նկարագրություն-արձանագրությունները համաձայնեցվել են ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզների հիման վրա», եւ այդ հատվածները համարվում են դելիմիտացված։ Ի՞նչ է սա նշանակում:

– Դա նշանակում է, որ մենք այդտեղ հսկայական տարածք ենք տալիս։ 1976 թվականի ԽՍՀՄ ԶՈՒ ԳՇ քարտեզը վատագույն տարբերակն է, որովհետեւ ԶՈւ քարտեզում կարող են չնշվել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանները, կարող են նշվել այնպիսի սահմաններ, որոնք հարմար են զինված ուժերի կարողությունների տեղաբաշխման համար։ Եթե առաջնորդվում էին ԶՈւ քարտեզներով, ՌԴ նախագահ Պուտինն առաջարկել էր, որ 1926թ. քարտեզով առաջնորդվեն։ Զինված ուժերին կարող է նպատակահարմար լինել պատերազմական իրավիճակում մի քանի գյուղերի մատակարարումն իրականացնել, ասենք, ադրբեջանական կողմից։ Հետեւաբար, դա մեզ ձեռնտու չէ։ Այդ հատվածում մենք խնդիր չունեինք` մենք ունենք 1988 թվականի հունվարի 12-ի պրոտոկոլը, որը Մամեդովի եւ Մովսիսյանի գրչով ստորագրել են Հայաստանն ու Ադրբեջանը։ Ինչո՞ւ այս քարտեզներով չեն առաջնորդվել։ Այսինքն, եթե առաջնորդվում են 1976 թվականի քարտեզով, նշանակում է` մաքսիմալ զիջումների են գնում, որովհետեւ այդ քարտեզն ամենահարմարն է եղել Ադրբեջանին։ Ավելին, ինչպես հասկանում եմ, այդ քարտեզով էլ մինչեւ վերջ չեն արել։ Կիրանցի հատվածում փորձել են օնլայն քարտեզներով առաջնորդվել, իսկ կա մեկ օնլայն քարտեզ, ինչպես ասում է Մհեր Գրիգորյանը, դա Google maps-ն է։

– Եթե արդեն կա ստորագրված արձանագրություն, ստացվում է` անշրջելի՞ է գործընթացը։

– Ադրբեջանական բանակը մեր սահմաններում է, ե՞րբ եք տեսել, որ բանակը համոզելով դուրս գա, եթե եկել ու կանգնել է։ Պետք է անհապաղ քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի ու Մհեր Գրիգորյանի, ինչպես նաեւ Արման Եղոյանի նկատմամբ։ Նրանցից յուրաքանչյուրը պետական դավաճանության մեղադրանքով մի 15-20 տարի պիտի նստի։

ՀԳ․ Մենք հետաքրքրվեցինք, թե ԱԺ պատգամավոր Արման Եղոյանն ինչ կապ ունի այս գործընթացի հետ: Պարոն Բագրատյանը հիշեցրեց, որ դեռ 2021թ. դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովում ՔՊ-ական Արման Եղոյանը լրագրողներին ասել էր. «Կան մի շարք ռազմական քարտեզներ, որոնց մի մասը հաստատված է Հայկական ԽՍՀ-ի եւ Ադրբեջանական ԽՍՀ-ի կողմից, խոսքը 1926 թվականի քարտեզի մասին է, որից հետո եղել են մի շարք վերաձեւումներ, որոնք, ըստ էության, չեն էլ հաստատվել, այլ եղել են ավելի ցածր մակարդակում` կոլխոզների մակարդակում, եւ որ վերջինը 1974-ի ռազմական քարտեզն է, որն առաջարկվել է իրավիճակը կայունացնելու համար»։ Այսինքն, Եղոյանը դեռ 2021-ին տեղյակ էր այս մասին եւ մասնակից էր այս գործընթացին:

Մարիաննա Ղահրամանյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031