Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մեր գյուղում 90 տուն կա, որից 50-ը տուժում է սահմանազատման արդյունքում, դրա հաջողությունը ո՞րն է. Կիրանցի բնակիչ. «Հրապարակ»

Մայիս 17,2024 10:41

Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը երեկ մեզ փոխանցեց, որ կառավարության իրականացրած սահմանազատման հետեւանքով թե՛ ռազմավարական բարձունքներ են անցել Ադրբեջանին, եւ գյուղը վերցվելու է դիտարկման ներքո, թե՛ բնակիչների անշարժ գույք։ «Այս պահի դրությամբ՝ երկու տուն է անցնում ադրբեջանցիներին, երկու խանութ, հեկտարներով այգիներ, արտեր, գյուղի դպրոցն իրենց գծած սահմանից ընդամենը 50 մետր հեռավորության վրա է գտնվելու: Սա՝ նախնական հաշվարկով, վերջնական սահմանագծումից հետո կարող է ավելի վատ պատկեր լինել։ Մեր գյուղում 90 տուն կա, որից 50-ը տուժում է սահմանազատման արդյունքում, դրա հաջողությունը ո՞րն է, այսինքն՝ այն, ինչ նախապես հայտարարել էին, արեցին, ոչինչ էլ չի փոխվել։ Կամ ասում են՝ երկու-երեք ամսում կամուրջ կսարքենք, դա անհնար է, տարիներ է տեւում մի կամուրջ վերանորոգելը»,- տարակուսանք հայտնեց Գոհար Վարդանյանը: Փաշինյանի աչքալուսանքի մասին էլ ասաց․ «Իր ասած այդ 25 հեկտարը մեր վերահսկողության տակ գտնվող հողեր են, որոնք գյուղացիների անվտանգության համար պաշտպանության նախարարությունը տարիներ առաջ ականապատել է, հիմա որ ասում են` դա մեզ է անցնում, պարզապես դրա մի հատվածն են սահմանել, մի մասը, ասում են` ականազերծեք, օգտագործեք։ Դա մեր դիրքերի հատվածն է, աբսուրդի ժանրից։ Այսինքն, մեր վարելահողերը` բնակավայրերին մոտիկ, տալիս են թուրքին, մեզ ասում են` գնացեք դա օգտագործեք։ Գյուղացին համաձայն է դա տալ, միայն թե չմտնեն գյուղ, չմոտենան, դպրոցից հեռու լինեն»։ Կառավարությունը նաեւ պատրաստակամություն է հայտնում փոխհատուցել գյուղացիներին․ Գոհար Վարդանյանն ասում է՝ մենք «հող ծախող» չենք, մեզ պետք չի փոխհատուցում, մենք ուզում ենք հայրենի հողում անվտանգ ապրել։

Եվ, ի վերջո, ինչո՞ւ հենց այդ քարտեզով, Հայաստանի կառավարությունը պատասխանում է, որ դա է ԽՍՀՄ ամենավերջին՝ իրավական ուժ ունեցող քարտեզը։ Հարց է առաջանում․ այդ դեպքում ինչո՞ւ գործընթացի սկզբից կամ գոնե կեսից չէր հայտարարվում, որ Տավուշում «սյուների» տեղադրումն իրականացվում է հենց այդ քարտեզով: Հարցերին, թե ինչ հիմքով է իրականացվում սահմանազատումը, պաշտոնական պատասխան էր տրվում միայն Ալմա-Աթայի հռչակագրի մասին, որտեղ, սակայն, չկա որեւէ կոնկրետություն, ավելին՝ անցած շաբաթներին ընդդիմադիրները կառավարությանը հուշում-հորդորում էին՝ առաջնորդվել Վլադիմիր Մովսիսյանի գլխավորած սահմանազատման հանձնաժողովի քարտեզներով. սովետական շրջանում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տեղի ունեցած սահմանային վերջին ճշգրտմամբ (1988թ.) Բաղանիսին ու Ոսկեպարին լրացուցիչ տարածքներ են տրվել: Ըստ վարչապետի աշխատակազմի հաղորդագրության՝ ՀՀ կառավարությունը ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր սահման է գծում, այլ «վերարտադրում» է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը: Այս հենքով, իբրեւ թե կատարվել է դելիմիտացիա Բաղանիս-Ոսկեպար-Կիրանց-Բերքաբեր հատվածում:

Լուսինե Շահվերդյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031