Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ցանկանում էինք մեր ուրախությունն ու հոգևոր ջերմությունը փոխանցել հանդիսատեսին»․ Դալլասում նշվեց Շառլ Ազնավուրի 100-ամյակը

Մայիս 17,2024 10:30

ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլաս քաղաքի հայկական համայնքում օրերս կայացավ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգ։ Երեկոյի երգացանկը բազմազան էր․ Ավե Մարիա, Formidable, Yesterday, Quand tu m’aimes, Յիս քու ղիմեթը չիմ գիդի, She, La Boheme և մի շարք այլ ազնավուրյան հիթեր։

«Մենք նախապատրաստվելիս հաճույքով և սրտանց ենք արել ամեն ինչ։ Ցանկանում էինք մեր ստացած ուրախությունը և հոգևոր ջերմությունը փոխանցել մեր հանդիսատեսին, քանի որ այսօր աշխարհը տխուր է և դաժան», – Aravot.am-ին պատմեց համերգի մտահղացման հեղինակ, դաշնակահարուհի Սաթենիկ Մուրադյան Ռաֆայելը։

«Շառլ Ազնավուր երգելը բավականին բարդ է», – ասում է Սաթենիկը։ Նրա խոսքով՝ մանրակրկիտ աշխատանք է տարվել, որպեսզի երգերը համապատասխանեին կատարողների՝ Ասատուր Բալջյանի, Սարգիս Ալթունյանի և Լուսի Բուդաղյան Գրայմզի ձայներին և դիապազոններին։

Նա մանրամասնեց, որ երբ համերգն անցկացնելու որոշումը կայացվեց, երգերի նոտաները ձեռք բերելու խնդիր կար, և նոտաները ձեռք բերելու համար թիմը որոնել է ոչ միայն համացանցում, այլ դիմել Հայաստանում, Փարիզում և ԱՄՆ Բոստոն քաղաքում գտնվող երաժիշտների և Բոստոնի գրադարանի օգնությանը։

Դաշնակահարուհին նաև երախտագիտություն հայտնեց տեղի Սուրբ Սարգիս եկեղեցու ծխական խորհրդին՝ նախապատրաստական աշխատանքների ամեն փուլում թիմի կողքին կանգնելու համար։

Բոստոնի Սուրբ Յակոբ հայկական եկեղեցու դպրապետ, ՀՀ նախագահի մրցանակակիր Ասատուր Բալջյանն էլ մեզ ասաց, որ այս համերգի շնորհիվ է նա խորությամբ ուսումնասիրել Շառլ Ազնավուրին և իր արվեստը։

«Ես այս համերգի շնորհիվ հայտնաբերեցի Շառլի երեք կողմերը։ Ես հայտնաբերեցի, որ նա մեծ մարդասեր էր, անդրադառնում էր հասարակական այնպիսի խնդիրների, որոնք կարող էին անտեսված մնալ մնացածի կողմից։ Շառլը նաև մեծ ռոմանտիկ էր։ Նա նաև մեծ արտիստ էր», -մեզ հետ զրուցելիս իր ուսումնասիրություններով կիսվեց օպերային երգիչը։

Նա պատմեց, որ մեծ ոգևորությամբ է Բոստոնից ներգրավվել Դալլասի հայկական համայնքի այս միջոցառմանը, մանավանդ, որ սա առաջին համագործակցությունը չէր իր և Սաթենիկ Մուրադյան Ռաֆայելի միջև։

«Սկզբում բարդություններ կային, քանի որ ես Բոստոնից Zoom-ի միջոցով միայն խորհուրդներ կարող էի տալ, բայց երբ սկսեցինք կենդանի փորձերը, ամեն ինչ ի մի եկավ», – նշում է Ասատուր Բալջյանը։

Երեկոյի ընթացքում հանդես եկան նաև պատանիներ՝ պարուհի Նոել Աճամեանը և երգիչ Հարրի Ռաֆայելը։

Երեկոն եզրափակվեց կատարողների և հանդիսատեսի համար թերևս ամենասրտամոտ՝ «Քեզ համար, Հայաստան» ստեղծագործությամբ։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ ձախից աջ. Սաթենիկ Մուրադյան Ռաֆայել, Նոել Աճամեան, Ասատուր Բալջյան, Լուսի Բուդաղյան Գրայմզ, Հարրի Ռաֆայելը, Սարգիս Ալթունյան, Աննա Խաչատրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031