Ապրիլի 27-ից մայիսի 11-ը Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի գլխավոր բալետմայստեր Զոհրաբ Բակալյանը` «Jeunesse Arménienne de France» միության հրավերով Ֆրանսիայի Մարսել քաղաք երկշաբաթյա այցի ընթացքում Զոհրաբ Բակալյանն աշխատեց «Արաքս» ազգային պարային համույթի հետ` իրականացնելով վարպետության դասեր, փորձի փոխանակում և պարային նոր բեմադրություն:
«Jeunesse Arménienne de France» միության «Արաքս» ազգային և Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլների միջև համագործակցությունն առաջին անգամ չէ. այն ունի երկարամյա պատմություն, որի անբաժան մասն են կազմում մասնագիտական այցերը, փորձի փոխանակումը, հյուրախաղերը, և իհարկե, Նորայր Մեհրաբյանի ձեռագրի` պարային բեմադրությունների միջազգայնացումն ու սփյուռքահայ համայնքին հասանելի դարձնելու գործընթացը:
Զոհրաբ Բակալյանը նշեց. «Միության հրավերով այցս Մարսել առաջին անգամը չէ. 2023 թ. Արսեն Մեհրաբյանի հետ միասին այցելեցինք փորձի փոխանակում և պարային բեմադրություններ իրականացնելու նպատակով:
Այս անգամ հրավիրվել եմ կրկին «Արաքս» ազգային պարային համույթի հետ աշխատելու` իրենց ամառային համերգաշրջանից առաջ: Տպավորված եմ համագործակցության արդյունքից, գովելի են միության քայլերը հայ պարարվեստի և հայկական մշակույթի պահպանման, սերունդներին փոխանցման գործում: Միասնական աշխատանքի արդյունքը Ֆրանսիա-հայ հանդիսատեսին կներկայացվի առաջիկա համերգների ընթացքում:
Կարդացեք նաև
Վստահ ենք, որ այս համագործակցությունը էլ ավելի երկար տարիների արդյունավետ պատմություն է ունենալու, որը շարունակելու է նպաստել հայկական արվեստի միջազգայնացմանը և միջպետական մշակութային հարաբերությունների զարգացմանը:
Շնորհակալություն եմ հայտնում վարպետիս` ՀՀ Ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանին, «Jeunesse Arménienne de France» միությանը և «Արաքս» ազգային համույթի գեղարվեստական ղեկավար Պասկալ Շամասյանին»: