Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ ջերմ ընդունելության արժանացանք՝ չդադարող ծափահարություններ և ամենակարևորը՝ մերն էր գլխավոր մրցանակը՝ Գրան պրին»

Մայիս 17,2024 09:00

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի (ԳԴՄՄԿ) «Կանչ» և «Դեպի լույս» երգչախմբերը գործում են Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում։ Երգչախմբերի գեղարվեստական ղեկավարն է երգչուհի-երգահան Վարդուհի Խաչատրյանը։

Նշված խմբերի միացյալ երգչախումբը տարիների ընթացքում մասնակցել է բազում համերգների Երևանում, ՀՀ տարբեր մարզերում, Արցախում, ինչպես նաև՝ արտերկրում։ Միացյալ երգչախումբը հանրապետական ու արտերկրյա մրցութային համերգներում հաճախ ճանաչվել է դափնեկիր, արժանացել մրցանակների, տարբեր պարգևների, խրախուսանքի։

2024թ․ մարտի 12-ին միացյալ երգչախումբը Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում հանդես եկավ «Մենք ուժեղ ենք միասին» խորագիրը կրող համերգային ծրագրով և արժանացավ ջերմ ընդունելության հանդիսատեսի կողմից։ Ապրիլի 20-ին Երևանի Չայկովսկու անվան  երաժշտական  դպրոցում մասնակցել են «Կանչ» կատարողական արվեստի հանրապետական մրցույթ-փառատոնին և արժանացել գլխավոր մրցանակին՝ Գրան պրի։ Այդ մրցույթին մասնակցել է նաև Երևանի  Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի  «Վան»  գործիքային համույթի (գեղարվեստական ղեկավար՝ Հարություն Մուրադյան) սան, շվիահար Արամ Հովհաննիսյանը և «Շվի» անվանակարգում արժանացել գլԽավոր մրցանակին (Գրան պրի)։

Միացյալ երգչախմբի համար առավել հետաքրքիր էր վերջերս կայացած շրջագայությունը Արաբական Միացյալ Էմիրաթներ։ Խմբի գեղարվեստական ղեկավար Վ․ Խաչատրյանը հպարտությամբ նշեց այդ շրջագայության մասին․ «Մայիսի 6-ից 12-ը մեկնեցինք Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱԷՄ) և մայիսի 9-ին մասնակցեցինք Դուբայ քաղաքում «Արևելքի բազե» միջազգային մրցույթ-փառատոնին։

Շատ ջերմ ընդունելության արժանացանք՝ չդադարող ծափահարություններ և ամենակարևորը՝ մերն էր գլխավոր մրցանակը՝ Գրան պրին»։

Վ․ Խաչատրյանը գոհ է «Լինա» մշակույթի կենտրոնից, որն արել էր ամեն հնարավորը համերգային շրջագայությունը տպավորիչ դարձնելու համար։

Վ․ Խաչատրյանը կարևորում է այն, որ իր ղեկավարած երգչախումբը բարձր է պահել մեր երկրի մշակութային պատիվը միջազգային մրցույթ-համերգում։

Տեղեկացրեց նաև՝ մայիսի 13-ին ԱՄԵ դեսպանը այցելել է  Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց, որտեղ աշակերտները համերգային ծրագրով ողջունել են նրան։ Արաբ դեսպանը, մեծ բավականություն ստացած ու տպավորված, հրաժեշտ է տվել շնորհաշատ երեխաներին։

 Զոհրաբ Ըռքոյան  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031