Իշխանության ներկայացուցիչները եւ «արեւմտամետ» քարոզիչները շարունակում են համառորեն պնդել, որ Բագրատ սրբազանի ղեկավարած շարժման թիկունքում կանգնած են Ռուսաստանը եւ Քոչարյանը: Զուտ մակերեսային մոտեցման դեպքում նման քարոզչությունը արդարացված է թվում: Քանի որ հենց որ ասում ենք «Ռուսաստան», պատկերացնում ենք ռուս «խաղաղապահներին», որոնք առնվազն չեն խոչընդոտել (եթե չեն նպաստել) Արցախի շրջափակմանը, իսկ այնուհետեւ՝ հայաթափմանը: Հենց որ ասում ենք «Քոչարյան», պատկերացնում ենք կոռուպցիան, օլիգարխների սափրագլուխների եւ իշխանության ամբարտավան կեցվածքը:
Նման պատկերացումների համար, իհարկե, լուրջ հիմքեր կան, եթե որոշ նրբություններ մի կողմ թողնենք: Բայց արդյո՞ք դրա հետ կապ ունի Բագրատ սրբազանը:
Եվ մյուս կողմից հարց է առաջանում՝ ինչո՞ւ պիտի Պուտինը ցանկանա պաշտոնանկ անել Փաշինյանին: Վերջերս Հայաստանի վարչապետը գնացել էր Մոսկվա եւ ինչ-ինչ (հրապարակային ու ոչ հրապարակային) պայմանավորվածություններ ձեռք բերել ՌԴ նախագահի հետ: Ինչո՞ւ պետք է վերջինս կրքոտ ձգտում ունենա ազատվելու այն գործընկերոջից, որի հետ կարողանում է լեզու գտնել: Պարզ է՝ Կրեմլում շատ չեն տխրի, եթե Փաշինյանը հեռանա (երկու ղեկավարների միջեւ «քիմիա» չկա), բայց այստեղ ներքաղաքական պայքար կազմակերպել, այն էլ Կանադայի քաղաքացու միջոցո՞վ: Come on, ինչպես կասեին Տավուշում:
Իսկ ինչո՞ւ չենթադրել, որ Փաշինյանը չի կատարել որոշ պայմանավորվածություններ, որոնք ձեռք է բերել Արեւմուտքում: Պատկերացնո՞ւմ եք, ինչ, ռուսերեն ասած, «облом» կլիներ մեր «արեւմտամետների» մոտ, եթե պարզվեր, որ այս ընդդիմադիր շարժմանը սատարում են Արեւմուտքի որոշ շրջանակներ:
Կարդացեք նաև
…Հասկանալի է, իհարկե, որ ինչպես Փաշինյանից առաջ, այդպես էլ նրանից հետո Հայաստանի ցանկացած իշխանություն ստիպված էր եւ ստիպված կլինի ինչ-որ բալանս գտնել աշխարհի ուժային կենտրոնների միջեւ: Բայց հուսանք, որ հաջորդ իշխանությունը գոնե իրեն «գժի տեղ» չի դնի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հայաստանի լրագրողները ինչ գրում են -էժանագին պասկվիլ է ստացվում։ ալարում են ինչ որ հետաքննություն անեն՝ աշխատանք կատարեն։ խայտառակ վիճակ
Իմ տկար ունակություններն այդքան են: Բայց խորհուրդ կտամ կարդալ իմ գործընկեր Էմմա Գաբրիելյանի վերլուծությունը https://www.aravot.am/2024/05/17/1419719/
Երբ ժողովուրդը միակամ է եւ քաղաքականապես գիտակից, նա ի վիճակի է ուղղորդել ցանկացած իշխանություն այն ճանապարհով, որն ինքը՝ ժողովուրդը գտնում է օպտիմալ եւ եթե ժողովուրդը պարզում է, որ սխալ ճանապարհ է ընտրել, ժողովուրդը նոր ուղղություն է ցույց տալիս իր նույն այդ իշխանությանը: Այսպիսով, մենք երկու խնդիր ունենք՝ ժողովրդին դարձնել միակամ եւ ժողովրդին դարձնել քաղաքականապես գիտակից: Եթե մենք մեր այս երկու խնդիրը չլուծենք, մեր ցանկացած իշխանություն կամ կվերացվի՝ եթե ժողովրդամետ գտնվի, կամ էլ կդառնա այլ երկրների մանկլավիկ, եթե ժողովրդամետ չի: Կարեւոր չի, ընտրված իշխանությունը ժողովրդամետ է թե ուրիշի մանկլավիկ, եթե ժողովուրդը միակամ է եւ գիտակից, ժողովրդամետ իշխանությանը միակամ գիտակից ժողովուրդը կպաշտպանի, իսկ եթե ընտրված իշխանությունը դուրս եկավ ուրիշի մանկլավիկ, սրան էլ ոչ թե պետք է հեռացնել, այլ միակամ եւ գիտակից ժողովուրդը այս մանկլավիկին կստիպի ուղղորդվել ժողովրդի կամքով: Մեր ժողովուրդը քաղաքակիրթ է, սա նշանակում է, որ մենք պատրաստ ենք միակամ լինել միայն քաղաքակիրթ գործող օրենքների դեպքում եւ արդար դատարանի դեպքում, դրա համար աշխարհում կան լիքը քաղաքակիրթ ժողովուրդներ, որոնց հետ մենք պարտավոր ենք քաղաքակիրթ օրենքների եւ արդար դատարանների գիտելիքի եւ փորձի փոխանակում կատարել:
Արտաքին գործոնները միշտ եղել են, կան, հիմնականում դուրս են մեր վերահսկողությունից ու անկախ են մեր շահերից ու ցանկություններից: Երբեմն դրանք ի շահ մեզ են աշխատում, երբեմն՝ հակառակ: Ենթադրենք, Փաշինյանի՝ իշխանության գալը համընկավ այն շրջանի հետ երբ արտաքին գործոնները հակառակ էին մեր շահերին: Այսինքն, մի պահ փորձենք աչք փակել այն ակնհայտ իրողության վրա, որ վարչապետն իր անտաղանդ քաղաքականությամբ ու տգետ կադրերով նպաստել է երկրի վիճակի վատթարացմանը: Եթե նույնիսկ կարողանանք դա անել, ոչ մի կերպ չի ստացվի աչք փակել այն բանի վրա, որ Փաշինյանն այս աղետալի վիճակում օգտվում է այդ բոլոր արտաքին գործոններից (ռուսական, արևմտյան, ադրբեջանական, թուրքական)՝ իր իշխանությունն ամրապնդելու համար: Կարծում եմ, ուրեմն, որ այստեղ ավելի տեղին է կենտրոնանալ ոչ թե արտաքին գործոնների, այլ վարչապետի հիվանդ անձի վրա, որովհետև, դժբախտաբար, դա է այժմ մեր երկրի ներքին կյանքը և դրսի հետ մեր հարաբերությունները թելադրող հիմնական գործոնը: Իմ կարծիքով, Փաշինյանին անպայման պետք է լինել իրադարձությունների կենտրոնում ու վերահսկել իրավիճակը: Եթե դա չի հաջողվում անել հաղթանակների միջոցով, ուրեմն պետք է անել պարտությունների, զիջումների միջոցով ու ներկայացնել դրանք որպես հաղթանակ (իշխանատենչ դեմագոգի համար պարտվելն ավելի հեշտ է, քան հաղթելը): Դրա համար 2 կարևոր նախապայման կա. 1 – հիմարացնել հասարակությունը, 2 – ապահովել սեփական անվտանգությունը: Եթե առաջին տարիներին հիմարացնելը լավ էր ստացվում, ապա հիմա առաջին պլան են մղվում բռնաճնշումները և բութ ոստիկանական ապարատը: Ամենասոսկալին այն է, որ աչքերիս առաջ սա արվում է գալիք պարտություններն ամրագրելու համար: Երբ հետադարձ հայացք եմ գցում վերջին 4 տարիների վրա Փաշինյանին բնութագրող մի անուն է գալիս միտքս. «նահանջ տարվա վարչապետ»: Ոչ թե այն բանի համար որ իր ընտրվելու տարին նահանջ տարի էր (իրականում՝ չէր), այլ այն բանի համար, որ ամեն տարի նահանջ ենք ունեցել.
*2020 – 44-օրյա պատերազմ, հողերի կորուստ, հազարավոր նահատակված երիտասարդներ:
*2021 – Իշխանասար, Սև լիճ, հազարավոր զոհեր՝ կովիդի դեմ անտաղանդ պայքարի պատճառով:
*2022 – Սոթք, Ջերմուկ, հարյուրավոր զոհված երիտասարդներ:
*2023 – Արցախի կորուստ, տեղահանություն, 100 000 հայերի հայրենազրկում:
*2024 – Տավուշ…???
Գալով հոդվածին ու մեկնաբանությանս սկզբին՝ կամփոփեմ. «եթե գողը տանից լինի, եզը երդիկից կհանեն»:
Լրտեսի-մրտեսի, դաւաճան շարասիւնների, եւ այդ տեսակի պատմութիւնները մէկդի դնելով ՝
. Թէ՛ Ռուսաստանի ուզածը, եւ թէ՛ – շատ դժբախտաբար – այժմու ՀՀի միակ փրկութեան յոյսը (ոչ երաշխիքը…) այն է որ, Հայաստանը դառնայ՝ Պելառուս:
Այսինքն, միայն ձեւական ինքնիշխանութիւն ունեցող պետութիւն մը, որ բացառապէս եւ ամբողջովին կախեալ է Ռուսաստատէն, ենթակայ է՝ Ռուսաստանին:
Կառավարութեամբ մը, որ կը հետեւի միայն Մոսկուայի կամքին:
. Կան հայաստանցիներ, որոնք խնդիր չունին այդ «լուծում»ին հետ:
. Կան նաեւ ոչ-հայաստանցի հայեր, որոնք մասնաւորապէս դէմ չեն՝ դէպքերու այդ ընթացքին: Ոչ թէ քանի որ կը սիրեն Ռուսաստանը – ուր իրենց կեանքում երբեք ոտք չեն դրած անգամ, ոչ ալ հանդիպած են ոեւէ ռուսի… – . այլ, քանի որ այժմու կացութեան մէջ, դա է միակ փրկութեան մը գոնէ կարելիութիւնը: Եւ քանի որ միւս տեսական այլընտրանքը՝ Թուրքիոյ գիրկը իյնալն է, Ռուսաստանը կը մնայ՝ երկու Չարեաց փոքրագոյնը:
. Հետեւաբար, նիւթին լուրջ մակարդակին վրայ, սխալ չեն փաշինյանիսթները: Քանի որ իրենք կ’երեւակայեն ՀՀ մը, որ բացարձա՛կապէս ինքնիշխան է – չգիտեմ ուր են տեսել այդպիսի պետութիւն մը այս աշխարհին մէջ, եւ ամբողջ Պատմութեան մէջ… – : Եւ հետեւաբար, վերոնշեալ «լուծում»ին հետ համաձայն լինելը, ինքնին, դաւաճանութիւն է: Լրտեսութիւն: 5րդ- շարասիւնութիւն:
Մ. Հայդուկ Շամլեան
ես կը կարծէի թէ շպիոն, նշանակում է՝ լրտես. espion, ֆրանսերէնով…
Այո, ճիշտ եք՝ շպիոնը լրտեսն է` spy: Իշխանություն քարոզչության «կլիշեն» է՝ ով համաձայն չէ Փաշինյանի հետ, կա՛մ ռուսի լրտես է, կա՛մ ռուսի ստրուկ
“Ռսի շպիոն” թեման մաշվում է այն պարզ պատճառով, քանի որ պատռվել են բոլոր դիմակները և արդեն ակնհայտ է դարձել, որ իրեն գժի տեղ դնողն է հենց հանդիսանում ռսի ցածրակարգ շպիոնը։