Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞ր մթերքներից է պետք խուսափել հակաբիոտիկներով բուժվելու ընթացքում

Մայիս 17,2024 09:30

Երբեմն հակաբիոտիկներով բուժման անհրաժեշտություն է առաջանում, և այդ դեպքում կարևոր է ոչ միայն ուշադիր լինել դեղորայքի ընդունման կանոններին, այլ նաև այն սննդատեսակներին, որոնք ուտում եք հակաբիոտիկներով բուժման ընթացքում, քանի որ որոշ մթերքներ կարող են ազդել դեղորայքի ներծծման վրա՝ նվազեցնելով դրա արդյունավետությունը։ Նաև կան մթերքներ, որոնք կարող են մեծացնել կողմնակի ազդեցությունների առաջացման հավանականությունը, օրինակ՝ ստամոքսի խանգարման։

Հակաբիոտիկները կարող են փոփոխել աղիների միկրոբիոմը՝ ոչնչացնելով ինչպես վնասակար, այնպես էլ օգտակար բակտերիաները։ Ճիշտ սննդակարգի ու հավելումների օգտագործումը կարող է նվազեցնել օգտակար բակտերիաների վրա բացասական ազդեցությունը՝ կրճատելով կողմնակի խնդիրների, օրինակ՝ փորլուծութան առաջացման հավանականությունը։  

6 մթերքներ, որոնցից արժե խուսափել, եթե հակաբիոտիկներ եք ընդունում

Կաթնամթերք

Կաթնամթերքի կազմում առկա կալցիումը, աղեստամոքսային համակարգում գտնվելով որոշ հակաբիոտիկների հետ, կարող է խոչընդոտել դրանց ներծծմանը՝ կապվելով այդ դեղամիջոցների հետ։ Դա կարող է նվազեցնել ազդեցության արդյունավետությունը։ Կալցիումը խոչընդոտում է մասնավորապես տետրացիկլինի և ֆտորքվինոլոնային (Ցիպրոֆլոքսացին) խմբի հակաբիոտիկների ներծծմանը։ Նույնը վերաբերում է կալցիումի հավելումների ընդունմանը․ դրանք խորհուրդ չի տրվում ընդունել հակաբիոտիկների հետ միաժամանակ։ Իսկ կալցիումով հարուստ մթերքները ցանկալի է ճաշակել հակաբիոտիկն ընդունելուց 2 ժամ առաջ կամ 6 ժամ հետո։ 

Կոֆեին պարունակող ըմպելիքներ

Ինչպես և դեղորայքը, կոֆեինը ևս ճեղքվում և մետաբոլիզացվում է օրգանիզմում։ Երբեմն որոշ դեղամիջոցներ կարող են ազդել այս կամ այն նյութի ճեղքման վրա։ Օրինակ, պարզվել է, որ ցիպրոֆլոքսացինը ժամանակի ընթացքում մեծացնում է կոֆեինի մակարդակը, ինչը կարող է հանգեցնել կողմնակի ազդեցությունների սրման։ 

Կան նաև սահմանափակ տվյալներով հետազոտություններ, որոնց համաձայն՝ կոֆեինը նաև կարող է նվազեցնել հակաբիոտիկների արդյունավետությունը։

Ալկոհոլ

Հակաբիոտիկներ ընդունելու ընթացքում պետք է բացառել ալկոհոլի օգտագործումը, քանի որ այդ համադրությունը կարող է առաջացնել մի շարք խնդիրներ․ նախ՝ ալկոհոլը կարող է ազդել օրգանիզմի՝ վարակների դեմ պայքարելու բնական ունակության վրա՝ հատկապես չարաշահման դեպքում։ 

Որոշ հակաբիոտիկները (օրինակ՝ մետրոնիդազոլը) ուղղակիորեն փոխազդեցության մեջ են մտնում ալկոհոլի հետ և կարող են առաջացնել այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են սրտխառնոցը, ջերմահորդանքները, քրտնարտադրությունը, շփոթությունը և այլն։ 

Բջջանյութով հարուստ մթերքներ

Բջջանյութով հարուստ մթերքներ օգտագործելուց առաջ ևս պետք է հաշվի առնել ընդունման ժամանակը։ Հակաբիոտիկներ ընդունելու ընթացքում խորհուրդ է տրվում խուսափել այնպիսի մթերքներից, ինչպիսիք են ոսպը, լոբին կամ ամբողջահատիկները, քանի որ բջջանյութը կարող է ազդել հակաբիոտիկների ներծծման վրա։ Իսկ հակաբիոտիկների կուրսն ընդունելուց հետո խորհուրդ է տրվում հարստացնել սննդակարգը բջջանյութով հարուստ մթերքներով, քանի որ բջջանյութը աղիքային օգտակար բակտերիաների համար սննդի լավ աղբյուր է համարվում ու կարող է խթանել բուժման հետևանքով պակասած բակտերիաների աճը։

Թթու մթերքներ

Թթվայնության մակարդակն ազդում է աղեստամոքսային համակարգում դեղամիջոցների ներծծման վրա։ Շատ թթու մթերքների պատճառով դեղորայքը պարզապես կարող է չներծծվել։ Ուստի հակաբիոտիկներ ընդունելու ընթացքում խորհուրդ է տրվում սահմանափակել տոմատի խյուսի, ցիտրուսայինների և թթվայնության բարձր մակարդակ ունեցող այլ մթերքների օգտագործումը։ 

Վերամշակված ու քաղցր մթերքներ

Ուլտրավերամշակված ու շաքարով հարուստ մթերքների օգտագործման հետևանքով նույնպես նվազում է օրգանիզմի՝ վարակի դեմ պայքարելու ունակությունը։ Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը թուլացնում է իմունային բջիջների գործառույթն ու մեծացնում երկրորդային վարակների զարգացման վտանգը։ 

Ո՞ր մթերքներին տալ նախապատվությունը հակաբիոտիկներ ընդունելու շրջանում

  • Պրոբիոտիկներով հարուստ մթերքներին, քանի որ պրոբիոտիկները կարող են նպաստել աղիների միկրոբիոմի հավասարակշռության վերականգնմանը։ 
  • Ֆերմենտացված մթերքները ևս կենդանի օգտակար բակտերիաների լավ աղբյուր են։
  • Արգանակին․ այն ոչ միայն կօգնի օրգանիզմի ջրային բալանսի պահպանմանը, այլև կապահովի սննդանյութերով։

Հակաբիոտիկներ ընդունելու ժամանակ շատ կարևոր է բավականաչափ ջուր խմելը, քանի որ ջրազրկման կանխարգելումը կնվազեցնի երկրորդային վարակների (օրինակ՝ միզուղիների ինֆեկցիաների) զարգացման վտանգը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Healthnews

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031