Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ դեսպանատները հեռանում են, պատերազմն անխուսափելի է»

Մայիս 17,2024 13:00

Ասում է Կիեւից Հայաստան տեղափոխված Սոֆյան

«Պատկերացրու՝ քնած ես, առավոտ չորսնանցկես պայթյունների ձայներ ես լսում: Չէինք հասկանում ինչ էր, ինչ աղմուկ է քնաթաթախ քաղաքում: Արագ հագնվեցինք, զանգեցինք տնից մի քանի քայլ հեռավորության վրա գտնվող մեր սրճարան: Իջանք այնտեղի նկուղը: Պատերազմը սկսվեց…

Պատերազմի մոտալուտ վտանգի մասին Կիեւում կային խոսակցություններ: Դավադիր լուրերն ակամայից խորանում էին, երբ իմանում էինք՝ Ուկրաինան լքում են դեսպանատները: Մենք չէինք հավատում, որ 21-րդ դարում ականատես կլինեինք պատերազմին: Շոկային վիճակը տեւեց երկու շաբաթ: Հիմա կհարցնես, նույն 21-րդ դարում չէ՞ր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա: Մեր իրավիճակը այլ է. Ադրբեջանը հավերժ թշնամի է, դարերով Արցախը կռվածաղիկ է եղել: Անվերջ պատերազմներ: Իսկ այ, երբ հնարավոր պատերազմից օրեր առաջ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարում է. ես չեմ պատրաստվում հարձակվել Ուկրաինայի վրա, էն սովետներից մնացած ներքին կասկածներդ փարատվեցին…

Երբ հարեւաններս, ծանոթները հեռանում էին, կիլոմետրերով ձգվող ավտոմեքենաներով, մենք էլ ծիծաղում էինք, ասում՝ գժվել են, բայց ստացվեց, որ պատերազմ դիմավորեցինք»,-ասում է անցած տարվանից Հայաստանում բնակվող, Կիեւից հեռացած զրուցակիցս՝ Սոֆյան:

2022 թվականի փետրվարի 24-ից սկսված ռուս-ուկրաինական պատերազմը դեռ չի ավարտվել: Դեռ որեւէ փորձագետ, ռազմաքաղաքական գործիչ չի կարողանում կանխորոշել պատերազմի ավարտը: Հայաստան եկած շատ ուկրաինացիների հետ էին նաեւ այնտեղ ապրող, աշխատող հայերը, որոնց մեջ կային նաեւ Հայաստանի քաղաքացիություն ունեցողներ (Միջազգային մամուլը գրում է, որ մոտավոր հաշվարկներով պատերազմը սկսվելուն պես Ուկրաինան լքել է վեց միլիոն մարդ-Ռ.Մ.):

Հայերից շատերը անորոշ ժամանակով բարձր գներով վարձակալել են տներ, ապրում են հարազատների հետ կամ «պահպանել են» իրենց նախկին բնակարանները հայրենիքում…

Բազմանդամ ընտանիքի մայր է Սոֆյան: Նա ամուսնացել է 1979 թվին, 1994-ից ամուսինն ապրել եւ աշխատել է Ուկրաինայում: Սոֆյան ծնվել, մեծացել, սվորել է Հայաստանում, 2001 թվականից վերջնական բնակություն էր հաստատել Ուկրաինայում: Ապրում էին Դոնեցկում:

Սոֆյան պատմում է, որ Դոնեցկում պատերազմը սկսվեց 2014 թվականին: Հարձակումը մասշտաբային չէր, Դոնեցկ-Լուգանսկի վրա էր: Դոնեցկում ունեին երեքսենյականոց բնակարան, ամուսինը բիզնեսով էր զբաղվում, ամեն ինչ շատ լավ էր. «Դոնեցկն ավելի լավ էր ապրում այդ ժամանակ, քան Կիեւը: Այն Երեանի չափ միլիոնանոց, քիչ ավել ժողովուրդ ուներ: Խնդիր չունեինք հաղորդակցման, լեզվական, այնտեղ հիմնական մասը ռուսախոս էին, խնդիր չկար ոչ հոգեբանական, ոչ ֆիզիկական…»:

Երկու տղա ունեին: Մեծ տղան ընդունվել եւ ավարտել է Կիեւի միջազգային հարաբերությունների ինստիտուտը, մյուս տղան ծրագրավորողի մասնագիտությամբ հրապուրվեց (44 եւ 39 տարեկան են: Մեծն ամուսնացած է, ունի անչափահաս երեխա, փոքր տղան ամուսնացած չէ-Ռ.Մ.):

Ռուսները երբ համարյա Կիեւի մատույցներում էին, բազմանդամ ընտանիքի հարսին ու թոռնիկին ուղարկում են Գերմանիա, իսկ իրենք գնում Բուլղարիա, ընկերուհու մոտ, ով զանգում- կանչում է, քանի որ այդ պահին ապահով էր նրանց երկիրը: Չորս ամիս Սոֆյայենք մնում են այնտեղ, իսկ մեծ տղան գնում է Ամերիկա. չկար հնարավորություն, ապրել էր պետք, փոքր տղան միայնակ գալիս է Հայաստան: «Ես ու ամուսինս հետ եկանք Կիեւ, արդեն մի քիչ ապահով էր: Սակայն աշնանը սկսեցին հարվածել էլեկտրակայաններին, մնացինք առանց ջուր, առանց հոսանք, շատ հաճախ ապաստարաններում էինք՝ թե շենքի տակ ունեինք, թե աշխատավայրում, որը մոտ էր, հասցնում էինք թաքնվել: Պատերազմի ժամանակ հասցրեցին ապաստարաններ սարքել, կոնդիցիոներներով, բոլոր պայմաններով: Բնակելի շենքի ամբողջ բնակչությունը՝ երեսուն-քառասուն հոգով կարող էր իջնել ապաստարան, ով մետրոյին էր մոտիկ, վազում էին մետրո…»:

Զրուցակիցս զարմացած է, որ պատերազմ տեսած, պատերազմի մեջ գտնվող Հայաստանում սովետների օրոք նախատեսված նկուղները դեռ սուպերմարկետներ են, խանութներ. «Աստված մի արասցե, եթե ռմբակոծություն լինի, ժողովուրդը ուր պիտի վազի, պատսպարվի»: Նա սկսում է աշխատել կաֆեում, կես տարի անվճար կերակրում են հոսպիտալներին, ծերերին, իսկ սնունդը մարդիկ էին հավաքում, բերում, անգամ տան վերջին կարտոֆիլը. «Գիշեր-ցերեկ էինք ապրում, օրը մոտ չորս հարյուր հոգու հասցնում էինք կերակրել: Երբ պետությունը կարողացավ ֆինանսավորել, զինվորներին կերակրել, մենք դրանով այլեւս չէինք զբաղվում»:

«Հիմա սթրեսային վիճակը դեռ հաղթահարված չէ: Կիսված է ընտանիքս: Ես եւ տղաս Հայաստանում որեւէ մի նպաստ չենք ստանում: Ես ՀՀ քաղաքացի եմ: Ես իրավունք ունեի այնտեղ ապրել, աշխատել: Պետական մակարդակով որեւէ բանով չեն օգնել, երբ եկանք Հայաստան: Որքանով տեղյակ եմ, կա «Էթնոս» անունով մի կազմակերպություն, որոնք հանգանակություններ են անում, դոնորներ ունեն, ամիսը մի անգամ սննդամթերք են հատկացնում միայն ուկրաինացիներին…»,-ասում է տիկին Սոֆյան:

Զրուցակիցս հարցիս, թե ամուսինը դեռ Կիեւում է, առողջական խնդիրներ չունե՞ր, ասում է, որ նա սրտի խնդիր ունեցավ պատերազմի հետեւանքով, ստացել է հաշմանդամության կարգ, թոշակավորված է, նաեւ նշում. «Չնայած այնտեղ պատերազմ է, անհամեմատ էժան են կոմունալ վճարումները: Լույսը այնտեղ 1 կվ տասներկու դրամին համարժեք գրիվնյա է: Կենտրոնացված ջեռուցումը վեց ամիս է, ամսական նրանք մուծում են երեսուն հազար դրամին համարժեք գումար, բայց տունն ամբողջ ձմեռ շատ լավ է ջեռուցվում:

Ես ստանում եմ 3000 գրիվնյային համարժեք 30 000 դրամ թոշակ, իմ քարտին են գցում, իսկ ամուսինս ստանում է 90 000 դրամի չափով: Նա կարողանում է ապրել այդ թոշակով: Սննդի գներն այստեղ Հայաստանում Մոնակոյի գներն են հիշեցնում: Կիեւում միսը երեք անգամ էժան է: Հայաստանի գներին չի հասել, չնայած կամաց-կամաց սննդամթերքի որոշ գները սկսում են բարձրանալ»:

Զրուցակիցս դժվարանում է ասել, թե ինչքան ժամանակով կմնան այստեղ:

Անորոշություն է ամենուր:

Նրա պատմելով, իր շրջապատում էլ կային հայեր: Հայերը շատ-շատ էին, հիմնականում ապրում էին Բուչայում, որտեղ շատ էին հանցագործությունները, գյուղերում, ոմանք գնացին Եվրոպա, քչերը մնացին: Քչերից մեկը նաեւ երեւանաբնակ այն ընտանիքն է, ում մոտ աշխատել է Սոֆյան, նրանք մինչ օրս աշխատում եւ օգնում են, մոտ ընկերուհիներից մեկը ունի զորակոչային տարիքի երեք որդի, չի կարող հեռանալ, գիտեր մի քանիսին, ովքեր եկան Հայաստան, նորից վերադարձան Ուկրաինա …

«Ես շատ դժվար եմ ադապտացվում, մեկ տարի է՝ այստեղ եմ, այնպիսի տպավորություն է, ոնց որ ես այստեղ չեմ ծնվել, մեծացել, փոխվել է մենթալիտետը, անուս են, կոպիտ: Ուզում եմ աշխատեմ: Իսկ չեմ կարող աշխատել տարիքային սահմանափակումների պատճառով: Այնտեղ չկա տարիքային սահմանափակում, եթե աշխատունակ ես: Այնպես չի, որ չեմ փնտրում աշխատանք: Թոռնիկս տասնհինգ տարեկան է, դեռ Գերմանիայում է հարսիս հետ, երկու տարի է՝ նրան չեմ տեսել:

Մեծ տղայիս 2022-ի մայիսից չեմ տեսել: Թռիչքներ չկան, Մոլդովայով ենք գնում, հետո կամ գնացքով, կամ ավտոբուսով: Ուկրաինայի քաղաքացիները Եվրոպայով կարող են գնալ»,-ասում է նա:

Ըստ նրա, պատերազմը վեց հոգանոց ընտանիքը ցիրուցան արեց աշխարհով մեկ: Սթրեսային վիճակը, երբ երեխաներին տարիներով չես տեսնել, խորանում է: Նա նկարագրում է իր ապրումները. «Պատերազմը միայն տանում է ամեն ինչ, առողջություն, նյարդեր, ֆինանսներ, ոչինչ չի տալիս, միայն տանում է: Շատ ծանր բան է պատերազմը: Մարդուն լրիվ փոխում է:

Թիթեռի կյանքով ես ապրում, հոգեբանական նոր պատերազմ: Մինչեւ հիմա, երբ Հայաստանում պայթյունի, մեքենաների բարձր ազդանշանի ձայն եմ լսում, վեր եմ թռնում, սիրտս բացվող-փակվող պատուհանների նման թխկթխկում է: Հազար հոգեբան էլ աշխատի, խորհուրդ տա, մեկ է, այն, որ հրթիռը գլխիդ վրա թռնում է, ով ինչ ուզում է անի, ասի, մարդիկ սթրեսներ են ապրում ու դա տարիներ է, ամիսներ, շատ ահավոր է»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.05.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031