Սոնայի հետ այս անգամ լոսանջելեսյան Սան Մարինոյի բուսաբանական այգի գնացինք: Այն 1910 թ. հիմնել էին Հենրի Էդվարդ Հունթինգթոնը եւ նրա կինը՝ Արաբելա Դուդալ Հունթինգթոնը: Ընդհանրապես, Լոս Անջելեսի տարածքը կիսանապատային է, ու բոլոր անտառները, բույսերը արհեստական են: Այստեղ այգուց բացի հիմնվել են գրադարան եւ Արվեստի թանգարան: Իսկ 300 ակր տարածքը բաժանված է չինական, խառը, ճապոնական, սուբտրոպիկ, ջունգլիների, վարդերի այգիների:
Չինական այգին ձեւավորված է չինական դիզայնով ու շինություններով: Հաճախ են հանդիպում տարբեր վայրերում տեղադրված քանդակներ: Առանձնապես հետաքրքիր էր կլոր կակտուսների բաժինը:
Այսքան բազմազանություն եւ աշխարհագրական լայնություններին յուրահատուկ բուսական աշխարհը ճիշտ հասկանալու համար բուսատեսակների հավաքածու ստեղծելը հսկայական աշխատանք ու նվիրում էր պահանջում: Այգում շատ ուշադիր էին նոր տնկիների խնամքի նկատմամբ, որը այգու տեսքն ու իմաստը պահպանելու համար շատ կարեւոր էր: Մարդիկ այս գաղափարին են նվիրաբերել ոչ միայն իրենց միջոցները, այլեւ համբերատար աշխատանքն ու սերը բնության նկատմամբ:
Իսկ Էդուարդ Բադունցը իր սովորության համաձայն չէր զգուշացնում, թե ուր ենք գնալու: Միայն ճանապարհին աջ կողմի այգու մասին պատմեց, որ 1930-ականներին Գրիֆիտն է հիմնել ու ժառանգություն թողել իր որդիներին, որ աչքի լույսի պես պահպանեն այն ու թույլ չտան օբյեկտներ կառուցելու, քանի որ այն հանրության հանգստին պետք է ծառայի: Նրա ժառանգները սրբությամբ հետեւում են իրենց նախնու պատգամին:
Կարդացեք նաև
Երբ մեր առջեւ հայտնվեց շենքի ճակատին «Գրիֆիտի աստղադիտարան» գրությունը, հասկացա, որ Բադունցն ուղղել է իր նախորդ անհաջողությունը: Սակայն դժվարությամբ տեղ գտանք կանգառի համար: Լուսանկարվեցինք բարձունքի դոշին «HOLLIVUD» գրության ֆոնին, պտտվեցինք աստղադիտարանի շուրջն ու վերադարձանք՝ պայմանավորվելով, որ հաջորդ oրը Լոս Անջելեսի պատկերասրահ ենք գնալու:
Մենք հայտնվեցինք Փասադենայի Վեստ Կոլորադո Բուլեվարդի Նորտոն Սիմոն թագարանի մուտքում, որտեղ մեզ դիմավորեց ֆրանսիացի քանդակագործ Ավգուստ Ռոդենի «Կալեի քաղաքացիները» արձանախումբը: Սա արդեն վկայում է թանգարանի լուրջ հավաքածուի մասին:
Առաջին սրահում գետնին նստած չինացի երեխաների խմբի անդամները արտանկարում էին Ռաֆայելի աշխատանքը: Այս սրահը նվիրված է 14-16-րդ դարի եվրոպական արվեստի վարպետներին՝ Ջիովանի դի Պաոլո, Ջակոպո Բասսանո, Բոտչելլի, Ռաֆայել, գերմանացի Լուկաս Կրանախ:
Հաջորդ սրահում 17-18-րդ դարերի վարպետներն են. Մուրիլլոն, Ռուբենսն ու Զուրբարանը, ինչպես եւ Գոյան, Փուսսինը, Ռեմբրանդտը: Էդուարդ Բադունցին հիշեցրի հայ մեծահարուստ Գյուլբեկյանի հավաքածուի մասին, որտեղ հոլանդացի մեծ վարպետի 25 նկար կար, ու այդ ամենը նրա օգնականը տարավ իր հայրենիքը՝ Պորտուգալիա:
Այս սրահին հաջորդում է իմպրեսիոնիստների՝ 19-րդ դարի ֆրանսիացի վարպետներ՝ Պոլ Սեզանի, Էդգար Դեգաի, Էդուարդ Մանեի, Վինսենթ վան Գոգի սրահը: Ինձ համար հետաքրքրական էր Ֆրանցիսի, Վասիլի Կանդինսկու, Հենրի Մատիսի, Պաբլո Պիկասոյի եւ Դիեգո Ռիվերայի կտավներին հանդիպելը: Ինձ համար ամենատպավորիչը Վան Գոգի ինքնանկարն էր: Հոլանդացին նկարը ստեղծելիս քիչ էր մտածում, թե ինչ կստացվի, նրա համար կարեւորը գործընթացն էր, խելահեղ երակի բռնելն ու վերարտադրելը, այնպես որ, նկարը դիտողը եւս զգա, ինքն էլ ապրի այն, ինչ ինքն է ապրել…
Իսկ հաջորդ սրահը արդեն անակնկալ էր: Այստեղ ցուցադրվում էին Հարավային ու Հարավարեւելյան Ասիայի երկրներից ինչ-որ կերպ բերած քանդակների հավաքածուներ: Է. Բադունցը արդեն չզսպեց իրեն եւ սկսեց բողոքել, թե ինչո՞ւ են թույլ տվել, որ թալանեն այդ երկրների գանձերը: Դրանք Հնդկաստանի, Պակիստանի, Նեպալի, Տիբեթի, Կամբոջայի, Թաիլանդի, Բանգլադեշի, Չինաստանի, Ինդոնեզիայի, Մյանմարի, Շրի Լանկայի ու Վիետնամի սրբարաններից ձեռք բերած քանդակներ են, որոնցից յուրաքանչյուրը անկրկնելի գլուխգործոց է: Հայտնի է, որ արեւելքի գանձերի մեծ մասը, հիմնականում գլուխգործոցները բրիտանական, ֆրանսիական եւ ռուսական թանգարաններում են: Սակայն ինձ համար հայտնություն դարձավ, որ ԱՄՆ-ը իր թալանով ոչ պակաս հաջողությամբ մրցակցում է այդ թանգարանների հետ:
Գտնում եմ, որ այդ թանգարանները պարտավոր են իրենց եկամուտ բերող այս գլուխգործոցների համար մշտապես վարձահատույց լինեն դրանք ստեղծող ժողովուրդների սերունդներին, այլ ոչ թե այն ժողովրդին, որը գրավել է տարածքն ու դոմինանտ դիրքում է այդ երկրում: Ասենք՝ նրանք պետք է վճարեն ղպտիներին եւ ոչ թե արաբներին:
Ետ վերադարձին հանդիպեցինք Էդուարդի որդուն՝ Էրիկ Բադունցին: Նա հոր հետ էին աշխատեցնում իրենց ստուդիան, պատվերներ ընդունում, նկարահանումներ կատարում եւ մոնտաժում ֆիլմերը: Էրիկը իր տուն հրավիրեց: Նա ապրում էր հինգ հարկանի պետության կառուցած թաղամասի տանը: Այստեղ ամեն հարկում լողավազան եւ զույգ ջակուզի կար: Բնակարանն ընդարձակ էր ու հարմարավետ: Նա ընկերուհի ուներ, սակայն չէին շտապում իրենց կապը հաստատել օրենքի ուժով: Էրիկն առաջարկեց լողանալ կամ ջակուզի ընդունել, որը մերժեցի:
Նա տունը սեփական դարձնելու համար ամսավճար էր մուծում:
Վահե Մեսրոպյանը առաջարկեց Բրենդ գրադարանի մոտ բժիշկների թանգարան գնալ: Սկզբում գրադարան մտանք, որտեղ մի խումբ քանդակագործների, դիզայներների ու նկարիչների գործեր են ցուցադրված: Ինչ խոսք, որ շատ ցուցանմուշներ ուղղակի թեթեւ ժպիտ են առաջացնում: Որոշ լուսանկարներ այդ ցուցադրությունից առաջարկում եմ «Առավոտի» ընթերցողներին:
Այնուհետեւ հայտնվեցինք Բժիշկների տան մոտ: Կազմակերպիչները առաջարկեցին գրքում գրառում անել: Ես հայերեն գրեցի, ու հայերեն ասացի՝ խնդրեմ: Չէ՞ որ պատմության ընթացքն այլ կերպ պտտելու դեպքում հայերս կարող էինք ոչ թե անընդհատ իր տարածքները կորցնողի դերում հայտնվել, այլեւ աշխարհում տիրապետողի դերում լինել, եթե, իհարկե, Աստված մեզ հոտային զգացումով օժտեր, ու բոլորը ոչ թե անգլերեն, այլեւ հայերեն կխոսեին, մենք էլ ստիպված չէինք լինի օտար լեզու յուրացնել:
Բժիշկների մի ամբողջ տոհմ, իրար փոխանցելով այդ հրաշալի մասնագիտությունը, ի վերջո, ամեն ինչ՝ տունը, տան իրերը, արխիվը, բժշկական իրերը, որոնք պատմություն են, շրջապատի հողերի հետ նվիրեցին քաղաքին:
Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ԱՄՆ, Լոս Անջելես, Գլենդել
«Առավոտ» օրաթերթ
16.05.2024