«Խաղաղություն»` մեզ «թշնամի» անվանողի հե՞տ
«Ղազախի օկուպացված հողերի վերադարձը, մեր պայմաններով սահմանազատումը եւ սահմանագծումը մեր հերթական հաղթանակն է», օրերս հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, շեշտելով. «Ղազախի հողերը վերադարձվում են մեզ առանց մեկ կրակոցի»: Ալիեւն այդ մասին խոսեց Շուշիում հաստատված ադրբեջանցիների առաջին խմբի հետ հանդիպմանը։ Ծավալուն ելույթի ընթացքում նա կրկին ռազմատենչ հայտարարություններ եւ սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի ու միջազգային հանրության հասցեին։
Երեւանի հետ ընթացող խաղաղության բանակցություններին զուգահեռ նա Հայաստանի մասին խոսելիս օգտագործում էր «թշնամի» եզրույթը. «Մենք թշնամուն իր տեղը ցույց տվեցինք, եւ այսօր թշնամին ուժասպառ է մեր առաջ։ Այսօր առանց այլ միջոցների դիմելու անհրաժեշտության, բացառապես մեր պահանջով՝ վերադարձվում են Ղազախի չորս գյուղերը։ Վերադարձվում են մե՛ր պահանջով, տեսնում եք ինչպես պետք է լինի։ Այսուհետ այդպես է լինելու», – պնդեց Ալիեւը՝ առանց որեւէ բառ ասելու հայկական կողմի պահանջների մասին՝ արդյո՞ք Բաքուն էլ իր հերթին պատրաստ է Հայաստանին վերադարձնել իր կողմից օկուպացրած տարածքները: «Ղազախի օկուպացված հողերի վերադարձը, մեր պայմաններով սահմանազատումն ու սահմանագծումը մեր հերթական հաղթանակն է»,- ասել է Ալիեւը։
Ավելին, Ալիեւի խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո Բաքուն Հայաստանի իշխանություններին առաջարկել է սահմանը որոշել, ապա` սպառնացել է. «Եթե չեք ուզում, ուրեմն մենք կասենք՝ սահմանը կլինի այնտեղ, որտեղ մենք կցանկանանք»։
Կարդացեք նաև
Ալիեւի դժգոհությունը Ֆրանսիայից եւ ԱՄՆ-ից. «Նրանք խոստացել են այս հողերը հայերին», եւ ոչ մի «թթու» խոսք` պուտինյան ՌԴ-ի հասցեին
Այնուհետեւ Ալիեւը մեղադրանքների սլաքն ուղղեց Հայաստանին աջակցող երկրներին. «Թե՛ Հայաստանը, թե՛ նրա ետեւում կանգնած օտարերկրյա շրջանակները, որոնք սուտ խոստումներ են տալիս, կզղջան, եթե մեզ հետ չպայմանավորվեն»: Որ հարցի շուրջ է նա պահանջում, որպեսզի իր հետ «պայմանավորվեն»` Ալիեւը չմանրամասնեց:
Այսպես, նա կրկին բանակով սպառնալով` նաեւ միջազգային հանրությանն էր անուղղակի իր խոսքն ուղղում. «Բոլորը գիտեն, թե ինչի է ընդունակ Ադրբեջանն ու իր բանակը», «ոչ ոք չի կարող մեզ ինչ-որ բան թելադրել կամ խառնվել մեր ներքին գործերին», «կանենք այն, ինչ անհրաժեշտ ենք համարում»: Նա հստակ խոսքն ուղղում էր երկրներին` «Կովկասում առաջատար պետությունը Ադրբեջանն է, եւ բոլորը պետք է այդ փաստի հետ հաշվի նստեն»:
Ալիեւը Շուշիում կրկին հպարտությամբ արձանագրեց՝ Բաքուն հաջողությունների հասավ «ոչ թե բանակցությունների միջոցով, ոչ թե ոմանց զիջումների հաշվին, այլ` մարտի դաշտում» եւ չմոռացավ նաեւ հղում կատարել ՀՀ իշխանությունների հրապարակած տեղեկությունների վրա` հայտարարելով, որ «ի տարբերություն հայկական բանակի՝ ադրբեջանցի գեթ մեկ զինվոր չի լքել մարտի դաշտը»:
Ադրբեջանի նախագահը հրապարակավ քննադատեց Ֆրանսիային եւ Միացյալ Նահանգներին, մասնավորապես դիմելով Փարիզին՝ նշեց, թե տարածաշրջանում առանց Բաքվի կամքի հարց չի կարող լուծվել. «Եթե մենք կրկին տեսնենք, որ Հայաստանում ռեւանշիստները գլուխ են բարձրացնում, Ֆրանսիան Հայաստանին մահաբեր զենք է տալիս, եւ եթե տեսնենք, որ այս սպառազինությունը հասնում է կրիտիկական կետի, թող ոչ ոք մեզնից չնեղանա»։
Ալիեւը չշրջանցեց նաեւ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի այցը Շուշի։ Պատմական այցից ընդամենը երեք օր առաջ դեսպան Մարկ Լիբբին հայտարարել էր, թե պատրաստ չէ մեկնել Շուշի: Նկատենք, որ անցած ամիսներին Ադրբեջանի իշխանությունները կոշտ քննադատություն էին հնչեցնում Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դեսպանների հասցեին, որոնք հրաժարվում էին մեկնել այդ տարածքներ: Ալիեւը ոչ ավել, ոչ պակաս մեղադրեց ԵԱՀԿ Մինսկի խմբին` հայերի օգտին աշխատելու մեջ: Ալիեւի գնահատականներով` ԵԱՀԿ Մինսկի խմբի 28-ամյա գործունեությունն ուղղված էր ադրբեջանցի ժողովրդի դեմ եւ որ նրանք, ըստ Ալիեւի` չէին ուզում լուծել «այս հարցը», քանի որ` «խոստացել էին այդ հողերը հայերին»։
Ուշադրություն դարձնենք Ալիեւի ելույթի այս խիստ ուշագրավ հատվածին. «Մենք երբեք պատերազմ չենք ցանկացել, եւ չենք ուզում դա այսօր: Մեզ պատերազմ պետք չէ, մեզ մեր հողերն էին պետք: Մինսկի խմբի 28-ամյա գործունեությունն ուղղված էր ադրբեջանական ժողովրդի դեմ: Պատահական չէին նրանց սուտ խոստումներն ու անգործությունը։ Նրանք չէին ուզում լուծել այս հարցը։ Նրանք խոստացել են այս հողերը հայերին։ Ինչպես խորհրդային տարիներին հայամետ Գորբաչովը, իսկ հետո՝ Ելցինը խոստանում էին այս հողերը հայերին, այնպես էլ Ֆրանսիան ու Ամերիկան էին նրանց նման խոստումներ տալիս»: Ալիեւը բավական հստակ նշել է, որ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը «գլխավոր դեր են խաղում նրանց մեջ, ովքեր զենք են վերցրել ընդդեմ Ադրբեջանի»։ Այնուհետեւ նա շարունակել է. «Պետք է բացահայտ ասել, որ ամենամեծ բաժինն ունի Ֆրանսիան։ Եվ նրանք պետք է իմանան, որ այս տարածաշրջանում ոչ մի հարց մեր կամքին հակառակ չի լուծվելու։ Որեւէ դեսպանի` Շուշի մեկնելը մեզ չպետք է որպես լավություն մատուցել: Եթե ուզում է գա, թող գա, եթե չգա, կարիք չկա: Ասես նրանց ճանապարհորդությունը ինչ-որ բան է փոխում։ Բացարձակապես ոչինչ չի փոխում։ Այստեղ՝ այս երկրի վրա, ընտրելու իրավունքը պատկանում է մեզ։ Մեր քաղաքականությունը հիմնված է միջազգային իրավունքի եւ արդարության վրա»:
Նկատվո՞ւմ է Ալիեւի նույնքան թշնամական վերաբերմունքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից հատկապես` Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի նկատմամբ…
Հետաքրքրական է, որ ոչ մի «թթու» խոսք Ռուսաստանի ներկայիս իշխանության հասցեին Ալիեւը չի ասել, չէ՞ որ ՌԴ-ն եւս ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետություն է եղել տարիներ շարունակ: Բայց ինչպես դեռ 2020 թվականից առաջ էր Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի ղեկավար Էրդողանն ասում` «Լեռնային Ղարաբաղի խնդիրը մենք պետք է Ռուսաստանի հետ լուծենք», ի վերջո` «լուծեցին», փակեցին: Սակայն «լուծելուց» հետո էլ դեռ Ալիեւի թշնամական վերաբերմունքը հատկապես Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի նկատմամբ դեռեւս չի մեղմվել: Ավելին, նա օրերս արդեն երկրորդ անգամ պահանջեց` ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը:
Վաշինգտոնը` Բաքվի կոշտ քննադատության ներքո
Ադրբեջանական իշխանական մամուլում թույնով լի հոդվածներ են հրապարակվում ԱՄՆ-ի վերաբերյալ, որոնցում Վաշինգտոնը մեղադրվում է «երկերսանիության» մեջ: Ահա իշխանական Caliber.Az-ում մեկ ամիս առաջ հրապարակված հոդվածներից մեկը` «Վաշինգտոնի կեղծավորությունը» վերնագրով: Հակաամերիկյան հերթական հոդվածի առիթը` ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերման առիթով Վաշինգտոնի գնահատականներն էին:
Հիշեցնենք, ԱՄՆ Պետքարտուղարությունն արձագանքել էր Արցախից ռուս խաղաղապահ զորախմբի վաղաժամ հեռացմանը։ ԱՄՆ փոխխոսնակ Վեդանտ Պատելին հարց էին ուղղել, որ ռուսները սկսել են իրենց ուժերը դուրս հանել եւ տեղակայել Ուկրաինայում, դա ի՞նչ հետեւանքներ կունենա Հարավային Կովկասում։ «Մենք բանակցված եռակողմ պայմանավորվածության կողմ չենք, որը 2020-ին վերջ դրեց Լեռնային Ղարաբաղում պատերազմին եւ այդ տարածաշրջանում ռուսական զորքեր տեղակայվեցին։ Անկեղծ ասած, մենք չենք տեսել որեւէ բան, որը ցույց տա, թե Ռուսաստանի զինված ուժերը նպաստում են ավելի խաղաղ եւ կայուն Հարավային Կովկասի տարածաշրջանին. անցած աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները դա են ցույց տալիս, դա եւս մեկ կարեւոր օրինակ է, թե ինչպես Ռուսաստանը վստահելի դաշնակից կամ գործընկեր չէ»,-ասել էր Պետդեպարտամենտի փոխխոսնակը:
Ահա, վերոնշյալ հայտարարության հիմքով մի ամբողջ հոդված ադրբեջանական իշխանական լրատվականը նվիրվել էր ԱՄՆ-ի քննադատությանը: Հոդվածում արձանագրում էին. «Ամերիկացիներին դուր չի գալիս, որ Բաքուն եւ Մոսկվան Ադրբեջանի տարածքից խաղաղապահ առաքելության վաղաժամկետ դուրսբերման հարցը լուծեցին հանգիստ եւ խաղաղ ճանապարհով։ ԱՄՆ-ն, անշուշտ, ցանկանում էր, որ դրա հիմքում վատթարանան Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունները, իսկ դա տեղի չունեցավ…»:
Այնուհետեւ ավելի ուշագրավ գնահատականներ էին արվում. «Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի մեղադրանքները Ռուսաստանին՝ 2023թ. սեպտեմբերին հակաահաբեկչական միջոցառումներին չմիջամտելու պատճառով, ցույց են տալիս նաեւ ամերիկյան քաղաքականության երկերեսանիությունը։ Պարադոքսն այն է, որ ԱՄՆ-ը, որպես «համաշխարհային ժողովրդավարության» գլխավոր պահապան, կշտամբում է Ադրբեջանին այն բանի համար, որ նա կարողացավ վերականգնել ինքնիշխանությունը՝ վերադարձնելով իր նախնիների տարածքներն իր օրինական վերահսկողության տակ։ Հայաստանի եւ նրա հովանավորների բոլոր փորձերը՝ պահպանել Ղարաբաղում կեղծ սուբյեկտի մնացորդները եւ բանակցային գործընթացը տեղափոխել ինչ-որ կարգավիճակի քննարկման համատեքստ, լիովին ձախողվել են։ Բաքվի վճռական գործողությունները Ղարաբաղում դժգոհություն առաջացրեցին Վաշինգտոնում»:
Հոդվածից նկատվում է, թե ինչպիսի բացասական «նստվածք» էր թողել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հայտարարությունը` սեպտեմբերյան «ռազմական օպերացիայի» վերաբերյալ, երբ ԱՄՆ-ն խորը մտահոգություն հայտնելով` կոչ արեց Բաքվին անհապաղ դադարեցնել այդ գործողությունները: Վաշինգտոնին մեղադրելով «երկակի ստանդարտների կիրառման մեջ», իշխանական լրատվականի հեղինակն այսպես էր ամփոփում հոդվածը. «Այժմ քննադատելով Ռուսաստանին Ադրբեջանի զինված ուժերի հակաահաբեկչական միջոցառումներին չմիջամտելու համար, ամերիկացիները, փաստորեն, կասկածի տակ են դնում 44-օրյա պատերազմի եւ Ադրբեջանի` Ղարաբաղի շրջանում հակաահաբեկչական գործողության արդյունքները, միեւնույն ժամանակ մեր երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ստացվում է, որ Վաշինգտոնին ձեռնտու էր, որ Ադրբեջանի մարմնի վրա մնար թարախակույտը՝ անջատողական սուբյեկտի մնացորդների տեսքով։ Եվ հիմա Ամերիկան սկսել է Հայաստանը զենքով եւ ռազմական տեխնոլոգիաներով ինտենսիվ մղելու գործընթացը՝ դրանով իսկ աջակցելով Երեւանի ռեւանշիստական եւ ագրեսիվ քաղաքականությանը։ Կեղծավորությո՞ւն։ Երկակի ստանդարտնե՞ր: Միանշանակ»:
Փարիզը Ալիեւից զիջումներ է ակնկալում, իսկ` Փաշինյա՞նը
Անցյալ շաբաթ Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին «Ազատությանը» ծավալուն հարցազրույց էր տվել, որում նա խիստ ուշագրավ գնահատականներ է հնչեցրել: Մասնավորապես, Փարիզի առաջին արձագանքը Տավուշ-Ղազախ հատվածում սկսված սահմանազատմանն այսպիսին է` Հայաստանը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա որոշակի զիջումների գնալու պատրաստակամություն է հայտնել, եւ «մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնպես կգնա զիջումների», «Ադրբեջանը ներկայումս Հայաստանի տարածքից մեծ կտորներ է օկուպացրել, եւ այն պետք է դուրս գա այդ տարածքներից»։
Կամ` դեսպանի խոսքի այս հատվածը. «Մենք անհամբեր սպասում ենք, որ սահմանազատումը շարունակվի այն սկզբունքների շրջանակում, որոնց շուրջ Ադրբեջանը եւ Հայաստանը համաձայնել են Պրահայի հռչակագրով։ Դա Ալմա-Աթայի հռչակագիրն է, որով սահմանվում են նախկին խորհրդային հանրապետությունների միջազգային սահմանները, եւ կողմերը հարգում ու ճանաչում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։
«Ազատության» հարցին, թե` տպավորություն է, որ Ալիեւը փորձում է չվերահսկվող գերիշխանություն ունենալ այս տարածաշրջանում, դա ընդունելի՞ է Ֆրանսիայի համար, դեսպանը պատասխանել է. «Մեզ համար ընդունելի է այն, ինչ մենք անում ենք Հայաստանի հետ։ Մենք Հայաստանի հետ նախաձեռնել ենք պաշտպանության ոլորտում համագործակցություն, որը նորություն է մեր հարաբերություններում, ու որը մեծ թափ է հավաքում։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում երկու երկրների միջեւ եղել են մի շարք պայմանավորվածություններ՝ երեք ուղղություններով։ Նախ՝ Հայաստանին պաշտպանական զինատեսակներ տրամադրել՝ իր բնակչությանը, իր տարածքը, իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Երկրորդ՝ Հայաստանի զինված ուժերի ուսուցում Հայաստանում կամ Ֆրանսիայում, ինչպես նաեւ խորհրդատվություն Հայաստանի պաշտպանության նախարարությանը»։
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի` Հայաստան կատարած այցի, նոր հնարավոր պայմանավորվածությունների մասով Դեկոտինյին ասել է. «Ինչպես անցած հոկտեմբերին, այնպես էլ պաշտպանության նախարարի այցի ընթացքում հայտարարվել է մի շարք պայմանավորվածությունների մասին։ Ու մենք ականջալուր ենք մեր հայ ընկերների կարիքներին»։ Որո՞նք են այդ կարիքները: Դեսպանը պատասխանել է. «Պաշտպանական զենքեր՝ Հայաստանի տարածքը պաշտպանելու համար»։
Պակաս կարեւոր չէին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի դիրքորոշումներն արցախահայության` հայրենիք վերադառնալու թեմայով: Օլիվյե Դեկոտինյին նշել է. «Կա մեկ դրական զարգացում։ Մենք այդ հարցը քննարկելու իրավական հիմք ունենք ոչ միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, այլեւ ցանկացած միջազգային ֆորումում, քանի որ կա Արդարադատության միջազգային դատարանի որոշում, որը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը: Սա ամուր եւ օրինական հիմք է, շատ մանրամասն որոշում։ Եվ այս որոշումը պարտադիր է։ Դա պարզապես դատարանի կարծիքը չէ։ Դա պարտադիր է Արդարադատության միջազգային դատարանի բոլոր անդամների, այդ թվում՝ Ադրբեջանի համար։ Ինչ վերաբերում է Անվտանգության խորհրդին, ապա Ֆրանսիան երեք անգամ Անվտանգության խորհրդում բարձրացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցը՝ ինչպես շրջափակման ժամանակ, այնպես էլ Ադրբեջանի հարձակումից հետո: Անվտանգության խորհրդում մեկ երկիր, Անվտանգության խորհրդի մեկ մշտական անդամ, ինչպես Ֆրանսիան, կարող է արգելափակել տեքստը, բայց մի երկիր չի կարող տեքստ պարտադրել»։
Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպանը իր հարցազրույցում ասել էր, թե հայ ժողովուրդը կարող է կապող օղակ հանդիսանալ նույնիսկ երբեմն հակադիր շահեր ունեցող երկրների միջեւ, ներկայիս դեսպանին լրագրողը հարց էր ուղղել` դեռ տեսնո՞ւմ եք այս հնարավորությունը։ «Կարծում եմ՝ Հայաստանը շատ հետաքրքիր իրավիճակում հայտնված երկիր է… դա շատ հետաքրքիր աշխարհաքաղաքական դիրք է: Բայց դա նաեւ մի դիրք է, որը մարտահրավերներ է իր հետ բերում: Այսօր մարտահրավերները գերակշռում են, բայց հնարավորությունները կարող են նորից աճել»։
Այնուհետեւ դեսպանն ակնարկել էր` Հայաստանն է, որ պետք է հստակեցնի իր դիրքորոշումը, գալով հարցին, թե որտե՞ղ է նա տեսնում Հայաստանը՝ ԵՄ անդամության թեկնածո՞ւ, որպես մի պետություն, որը սերտորեն համագործակցում է ԵՄ ընտանիքի հե՞տ, թե՞ գուցե մեկ այլ տեղ: «Դե, դա Հայաստանը պետք է ասի, թե որտեղ է կանգնած այդ հարցում»:
Դեսպանի վերոնշյալ գնահատականներում թաքնված, բայց միեւնույն ժամանակ բավական թափանցիկ ենթատեքստերի մասով հարցերը պետք է ուղղել Հայաստանի իշխանություններին` ունենալով ԵՄ անդամ միջուկային պետության կողմից նման աջակցություն, նման առաջարկներ, պաշտոնական Երեւանը Փարիզի ընձեռած գործունեության այս լայն դաշտից ինչո՞ւ չի ցանկանում օգտվել: Հարցն առավել քան հստակ է` ինչո՞ւ չի պաշտոնական Երեւանն այսօր օգտվում Փարիզի ու Վաշինգտոնի` Հայաստանի հանդեպ խիստ բարյացակամ, նույնիսկ կարելի է անկաշկանդ ասել` հայանպաստ քաղաքական դիրքորոշումից ու պահվածքից…
Հայաստանի իշխանության քայլերը լիովին այլ բան են ապացուցում. պաշտոնական Երեւանն ամբողջապես նվիրվել է Բաքվի պահանջների բավարարմանը, առանց լսելու Ալիեւի ռեժիմի սպառնալիքների շարանը, որից բացարձակապես խաղաղության «հոտ» չի գալիս:
Հետեւաբար, չպետք է զարմանալ այն փաստից, որ Արեւմուտքն էլ կամաց-կամաց սկսեց «ողջունել» Ադրբեջանի հետ Փաշինյանի սկսած «առանձին» գործընթացը, մի պարզ պատճառով` Արեւմուտքը «չի կարող Փաշինյանից ավելի հայամետ լինել»: Այս վերջին արտահայտությունն, ի դեպ, Արցախում եւ Հայաստանում Մոսկվայի քաղաքականությունն արդարացնողներն են շարունակ պնդում, որոնք պուտինյան Ռուսաստանի կողմից հայանպաստ գոնե մեկ հայտարարություն կամ քայլ այդպես էլ չկարողացան ներկայացնել մեր հանրությանը այս ողջ ընթացքում: Մինչդեռ ՌԴ իշխանությունների կողմից արտահայտած ադրբեջանանպաստ գնահատականներ ու քայլեր կարելի է ներկայացնել հատորներով:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.05.2024
Հր․ Մաթեվոսյան , “Ծառերը”
Լա՛վը չես, խեղճ ես, լավը չես․․․ մեջդ վրե՛ժ չկա:
․․․․Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ:
Հիշողությունը դրած է անասունի և մարդու արանքում:
Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես – հիշողության մեջ չես՝ հրե՜ն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների,
իսկ հորթին երեկ են մորթել…