Հայաստանը երրորդ հազարամյակի առաջին հարյուրամյակում
(Հայաստանը Քրիստոսի երկրորդ գալստյանն ընդառաջ)
Հայաստանը եւ Քրիստոսի երկրորդ գալուստը
Քանի որ հայ ժողովրդի լինելիությունը սկսվում է Աստծու արարչագործությունից, հետեւաբար նրա ապագան նույնպես կապված է Աստծո երկրորդ գալստյան հետ: Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակի մասին որեւէ մեկը չի կարող իմանալ, որի մասին ասաց Ինքը, մեր Տէր Հիսուս Քրիստոսը, այլ միայն Հայր Աստված, ինչպես նաեւ պատվիրեց ամեն ժամ պատրաստ լինել, ուստի մենք պետք է էլ ավելի ջանասիրաբար պատրաստվենք, որպեսզի Հայաստանը՝ հայ ժողովուրդը փրկության հույս ունենա (Տէ՛ր, Հա՛յր մեր, փրկի՛ր մեզ, որովհետեւ սկզբից ի վեր մեզ վրայ է քո անունը: Եսայի 63.16) եւ արժանի լինի արժանավորույնս դիմավորելու մեր Տէր Հիսուս Քրիստոսին: Սովորաբար, մարդը ինչպե՛ս է դիմավորում թանկագին հյուրի, մեծ պատրաստություններ է տեսնում:
Կարդացեք նաև
Մենք, հայերս, դիմավորելու ենք մեր Տէր Աստծուն, Նրա, մեզ տված տանը, ուստի առավել եւս պետք է պատրաստ լինենք, քանի որ Նրա երկրորդ գալուստը տեղի է ունենալու Հայաստանի երկնքում, ինչպես կանխատեսել են ընդհանրական եկեղեցու հայրեր՝ Սբ. Գրիգոր Աստվածաբանը եւ Սբ. Բարսեղ Մեծը:
Աստվածաշունչը հայտնում է.
Մատթէոս 24-30. Եւ ապա երկնքի վրայ մարդու Որդու նշանը պիտի երեւայ, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն եւ պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զօրութեամբ եւ բազում փառքով:
Մարկոս 13-26. Եւ այն ժամանակ պիտի տեսնեն մարդու Որդուն՝ եկած ամպերի վրայով՝ զորու-թեամբ եւ բազում փառքով:
Ղուկաս 21-27. Եւ այն ժամանակ պիտի տեսնեն մարդու Որդուն եկած՝ ամպերի վրայ, զորութեամբ եւ մեծ փառքով:
«Բարսեղ Մեծի եւ Գրիգոր Աստվածաբանի հարցմունքները» խորագրով ձեռագիր մատյաններում, որոնք պահվում են մատենադարանում եւ Վենետիկի Մխիթարյան միաբանությունում Հայաստանը ներկայացվում է որպես «Արեւելք եւ Դրախտի գտնվելու տարածք եւ Տիրոջ երկրորդ փառավոր գալստյան վայր» (Աշոտ դպիր Արեւշատյան. Հայաստան. Արարչագործությունից մինչեւ Երկրորդ Գալուստ: Հատոր 1, 2015)
Ինչպիսին է լինելու Հայաստանը Քրիստոսի երկրորդ գալստից առաջ: Կարելի է ենթադրություն անել: Քանի որ Քրիստոսի երկրորդ գալուստը տեղի է ունենալու Հայաստանի երկնքում, ըստ եկեղեցու հայրերի, ապա տրամաբանական է, որ Հայաստանը բոլոր առումներով՝ հավատքի, տարածքային, քանակական, իր սկզբնական տեսքի՝ որպես դրախտավայր, որպես մարդկության առաջին եւ երկրորդ ծնունդի եւ բազմացման, առաջին մարդու ստեղծման եւ ջրհեղեղից հետո բազմացման վայր, որպես աստվածային լեզվի՝ հայոց լեզվի պահապան ազգ եւ երկիր, որպես Աստծուն հավատարիմ ազգ եւ Քրիստոսի եկեղեցու պահապան, պետք է պատրաստ լինի, հետեւաբար, նրա հոգեւոր վերածննդի, զորացման եւ հզորացման ժամանակը մոտեցել է:
Չնայած որ հայ ժողովրդի շուրջ 95 տոկոսը իրեն համարում է քրիստոնյա, սակայն գերակշիռ մասը բավականին հեռու է ճշմարիտ հավատքից, ուստի, Հայաստանը ազգովի, ճշմարիտ հավատքով պետք է կրկին դարձի գա ի Քրիստոս, այդ նպատակով պետությունը պետք է մեծ ջանքեր գործադրի, որդեգրի օրենքների հիմքում դնել քրիստոնեական արժեքները, կյանքի բոլոր ոլորտներում ներդնել քրիստոնեական կենցաղակերպ, առաջնահերթ՝ մատաղ սերնդի դաստիարակման առումով, առավել եւս կառավարման համակարգում՝ չպետք է լինեն ղեկավարներ եւ ենթականեր, այլ մարդիկ՝ ժողովուրդ եւ նրանց ծառայողներ, եւ փոխել պետության կառավարման համակարգը, այն դարձնել երկու մասից՝ հոգեւոր եւ աշխարհիկ:
Աշխարհիկ մասի կառավարումը իրականացնել ժողովրդի կողմից ընտրվող խորհրդարանի կամ նախագահի միջոցով, իսկ հոգեւոր մասի ղեկավարումը, ինչպես նախնյաց շրջանում, կրկին պետք է ստանձնի եւ իրականացնի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին (ներկայացրել եմ սահմանադրական փոփոխությունների առաջարկություններ, երկրորդ անգամ՝ 30.09.2021թ.):
Նյութականացած աշխարհ
Այս աշխարհը ամբողջովին նյութականացած է: Ուշադրություն դարձրեք կառավարությունների ծրագրերին, ընդունած օրենքներին եւ այլ միջացառումներին, մարդկանց մեծամասնության մտածելակերպին եւ գործելակերպին, ամբողջի կենտրոնում փողն է, որքան փող պետք է աշխատեն եւ կուտակեն, եւ ոչինչ չեք գտնի հոգեւոր արժեքների մասին՝ բացառությամբ եզակի դեպքերի: Այսինքն, փողը դարձել է պաշտամունքի առարկա՝ ոսկե հորթ, որից այն կողմ աշխարհը փուչ է, այսպիսին է այսօրվա մարդկության մեծամասնության փիլիսոփայությունը: Փոքր ի շատե պատմություն իմացող մարդուն հայտնի է, որ հազարավոր տարիների ընթացքում ստեղծվել են նյութական հարստություններ, նյութապես՝ տնտեսապես հզոր պետություններ եւ հետագայում անհայտացել աշխարհի երեսից, սակայն ի հակադրություն դրան, մնացել են ազգերի այն արժեքները, որոնք ստեղծվել են հոգեւորի հիման վրա: Ուրախությամբ պետք է նշեմ, որ այդ եզակիների շարքում է հայ ազգը: Չնայած վերջին հարյուրամյակում աշխարհի թիվ մեկ չարիքը՝ թուրքը, փորձում է վերացնել մեր ստեղծած հոգեւոր արժեքները եւ այդ ուղղությամբ բավականին “հաջողությունների հասել է, գրեթե ամբողջովին վերացրել է Արեւմտյան Հայաստանի՝ մեր հայրենիքի մեծ մասում, հազարավոր տարիների ընթացքում մեր ստեղծած հոգեւոր-մշակութային արժեքները: Արեւելյան Հայաստանում կիսատ թողածը այժմ փորձում է շարունակել՝ վերացնել արեւելյան Թուրքիան՝ Ադրբեջան կոչված անվանումով պատուհասը՝ իր տիրապետության տակ անցած հայկական տարածքներում: Նախիջեւանում գրեթե ամբողջովին վերացրեց մեր հարուստ ժառանգությունը, նույնիսկ Նոյի գերեզմանը ավերեցին:
Հոգեւորը եւ նյութականը
Ինչպես հայտնի է Աստծուն չհավատացողներին նույնպես, մարդը ոչ միայն երեւացող, տեսանելի մարմնականն է, այլեւ աներեեւույթը՝ հոգեւորը, որում եւ արմատացած է աստվածայինը: Ինչպես սովորեցնում է Աստված «Հոգին է կենդանարար. մարմինը ոչ մի բան չի կարող անել: Այն խօսքը, որ ես ձեզ ասացի, հոգի է եւ կեանք:» ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 6.64: Այս երկուսը` մարմինը եւ հոգին մշտապես պայքարի մեջ են, ինչպես ասում է Սբ. Պողոս առաքյալը (Գաղատացիներ 5. 16,17): Ով սպանում է նյութականը՝ մարմնական հաճույքներով ապրելը միակ նպատակ դարձնելը եւ նրա գերին դառնալը, նա գտնում է Աստծուն եւ Աստծուց ստացած շնորհները հաջողությամբ իրականացնում կյանքում եւ հասնում մեծ բարձունքների:
Հայ ազգի Ազգագիրը (Տիտղոսը)
Հայ ազգի Ազգագիրը` Տիտղոսը գրվել է Աստծո կողմից աշխարհստեղծումից առաջ, երբ ծրագրում էր ստեղծել աշխարհը եւ մարդուն: Հայը հավատարիմ մնաց Աստծուն նաեւ ջրհեղեղից հետո, մարդկության բազմացումից եւ սփռվելուց հետո, երբ կրկին սկսեց տիրել անաստվածությունը՝ հանձինս Բելի, եւ մարդկության առաջին պատերազմում հանուն Աստծու՝ Հայկ Նահապետի ձեռամբ հաղթեց անաստվածին՝ Բելին:
Հայ ազգի Ազգագիրը երկու բաղադրիչ ունի. առաջին՝ հոգեւոր եւ երկրորդ՝ տարածքային: Հայ ազգի հոգեւոր Տիտղոսը Աստվածպաշտությունն է, որը Աստված հաստատեց հայ ազգին տված սահման-ներում՝ հիմնելով դրախտը եւ այնտեղ բնակեցնելով առաջին մարդուն՝ Ադամին: Երկրորդը՝ տարածքայինը՝ հայկական լեռնաշխարհն է՝ հայկական բարձրավանդակը, շուրջ հինգ հարյուր հազար քառակուսի կիլոմետր, պարփակված Սեւ, Կասպից եւ Միջերկրական ծովերով: Այդ Տիտղոսը մեզնից կարող է վերցնել միայն Աստված, քանի որ նա է ամեն ինչի տերը եւ այդ տարածքները Նա է պարգեւել մեզ: Մեր մեղքով, այդ տարածքները առայժմ փոքրացել են, սակայն Տիտղոսը մնում է: Ինչպես ամեն ինչ այս աշխարհում ժամանակավոր է, այնպես էլ հայ ժողովրդի տիտղոսային տարածքները ժամանակավորապես են այլոց մոտ, շուտով կվերադարձվեն տիրոջը: Իսկ Աստվածպաշտությունը կարող է վերանալ միայն հայ ժողովրդի ոչնչացման դեպքում, ինչը բացառ-վում է, քանի որ այս աշխարհում մշտական են միայն Աստծո ժողովուրդը՝ քրիստոնյաները եւ հայ ազգը, որի մասին խոստացավ մեր Տէր Հիսուս Քրիստոսը Ս. Թադեոս Առաքյալին եւ Ս. Գրիգոր Լուսավորչին:
Աստծո պարգեւները հայ ազգին
Մենք դեռեւս չենք կարողացել թոթափել համայնավարական անաստվածության ժամանակա-շրջանի հոգեւոր ավերածությունները եւ ըմբռնել, գիտակցել, թե Աստված ինչպիսի պատվի է արժանացրել մեզ՝ հայերիս: Ստիպված եմ թվարկել այդ պարգեւները՝ իմ իմացության սահմաններում (ՄԳ):
Մեզ, հայերիս.
- հատկացրած հայրենիքում ստեղծեց մարդուն՝ Իր նմանությամբ եւ պատկերով, 2. տվեց աստվածային հայոց լեզուն, որով խոսում էր Ադամի հետ, 3. հիմնեց դրախտը՝ Հայաստանի սրտում՝ չորս` Փիսոն-Ճորոխ, Գեհոն-Երասխ-Արաքս (պարսիկները 19-րդ դարում դեռեւս Երասխ-Արաքս գետը անվանում էին Ջիհոն-Արաքս), Տիգրիս եւ Եփրատ գետերի ակունքում, 4. տվեց Աստվածային Սուրբ լեռը՝ Արարատը, Նոյան տապանի հանգրվանը, 5. ջրհեղեղից հետո նոր մարդկության բնօրրան դարձրեց մեր հայրենիքը, 6. արժանացրեց հանուն Իր անվան մղել առաջին պատերազմը, պարգեւելով մեր Հայկ Նահապետին հաղթանակ, 7. արժանի արեց Հայկ Նահապետի (Մելքիսեդեկ) միջոցով քահանայությունը փոխանցել իր ընտրյալ Աբրահամին, 8. արժանի արեց Իր կենդանության օրոք իրեն ճանաչել Աստված՝ հայոց Եդեսիայի Հայկ-Արտաշեսյան Աբգար թագավորի միջոցով, 9. արժանի արեց իր երկու առաքյալներին ուղարկել Հայաստան, որպեսզի դարձի գանք՝ վերադառնանք ճշմարիտ հավատի՝ Միակ ճշմարիտ Աստվածպաշտության, 10. արժանի արեց պահապան լինել իր Սուրբ գերեզմանին, Սուրբ Ծննդի տեղոյն եւ մյուս Տէրունական վայրերին, 11. արժանացրեց առաջինը պետականորեն ընդունելու քրիստոնեությունը որպես պետական կրոն, 12. մատնացույց արեց այն տեղը, որտեղ պետք է կառուցվեր Աստծո առաջին տունը՝ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը, որը արդեն 17 դար պահում է անսասան, 13. տվեց այնպիսի այբուբեն, որը արդեն 1600 տարուց ավելի մեր հարատեւության ուղեցույցն է, 14. պահեց մեր լեզուն՝ հայերենը եւ հասցրեց մինչեւ այսօր, որով խոսում է իր ժողովուրդը շուրջ յոթ հազար տարի, 15. շուրջ հինգ հազար տարվա պետականության պատմության ընթացքում, ընդամենը հարյուր-ամյակներ ենք պետականությունից զրկվել, Աստծո Աջի հովանին մշտապես մեզ է ուղեկցում եւ առաջնորդում դեպի հավերժություն:
Հայ ժողովուրդը եւ պատերազմները
Մարդկության պատմությունը առաջին՝ Հայկի եւ Բելի պատերազմից սկսած, պատերազմների պատմություն է: Հայ ժողովուրդը պատերազմում է շուրջ հինգ հազար տարի: Մեր պատմությունը հիմնականում հաղթանակների պատմություն է: Եղել են կարճատեւ ժամանակաշրջաններ երբ անհաջողությունն է ուղեկցել մեզ: Այդպիսի ժամանակաշրջան է նաեւ ներկան, քանի որ չկարո-ղացանք գնահատել Աստծու տված հաջողությունը՝ 1990-ականների հաղթանակը: Ներկայումս նույնպես մեր ժողովուրդը ցանկանում է պաշտպանել իր հայրենիքը, թշնամուն քշել իր տարածք-ներից, իսկ իշխանության գլխին եղածները հակառակ կարծիքի են եւ մտածում ու գործում են հաղթողի՝ թուրքական թելադրանքին համընթաց: Հայաստանի անկախությունը վերականգնելուց հետո, 1990-ականների սկզբին իշխանության վերին օղակներում ընդգրկված ղեկավարները ի պատասխան մեր՝ այն ժամանակվա ընդդիմության (ՄԳ) պահանջներին բանակ ստեղծելու հրատապության մասին, սկզբնական շրջանում հայտարարում էին “մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանության մեջ է”: Այդ նույն մտածելակերպը եւ գործելակերպը որդեգրել է նաեւ այս իշխանությունը (2018-2022թ.): Պարզվում է սրանք նրանց հոգեզավակներն են եւ ոչ միայն նրանց զավակները կենսաբանորեն:
Հայ ժողովուրդը եւ արտագաղթը
2020 թ. պատերազմի ակտիվ մարտական գործողություններից հետո, մեր պարտությունից եւ հրադադար կնքելուց հետո, հայ ժողովրդի կյանքում ծանր շրջան սկսվեց: Այդ իրավիճակը հանգեցրեց արտագաղթի մեծացմանը: Արտագաղթի պատճառները մի շարք բաղադրիչներից է կազմված, կարծում եմ հիմնականը երկուսն են. երկրում տիրող անարդարությունը եւ իշխանության անկարողությունը երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու՝ զինված ուժերը արդիականացնելու եւ ժողովրդին պատրաստելու պատերազմի եւ հաղթանակի: ժողովրդին պատերազմի չպատրաստելը մարդկանց մոտ առաջացնում է վախի հոգեբանություն, դա սովորական մարդկային հոգեվիճակ է, եթե դու պատրաստված չես կռվելու, ապա դու վախենում ես եւ պարտված ես:
Շարունակելի
Մեխակ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.05.2024