ՀՀ փոխվարչապետներն ընդունել են Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի, առևտրի հարցերով հանձնակատարի գլխավորած պատվիրակությանը
Կառավարությունում փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանն ընդունել են Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, առևտրի հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկման կարևորությունը: Անդրադարձ է կատարվել Եվրոպական տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված ծրագրերի ընթացքին: Այս համատեքստում հայկական կողմը կարևորել է եվրոպական ֆինանսական կառույցների ներգրավվածությունը ծրագրերի արդյունավետ կազմակերպման և իրականացման գործում:
Կարդացեք նաև
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային ենթակառուցվածքային խոշոր ծրագրերում Հայաստանի ներգրավվածության կարևորության վերաբերյալ: Հայկական կողմը ներկայացրել է տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության հաստատման նպատակով ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և դրա հիմնական բաղադրիչները:
Հանդիպմանն ընդգծվել է նաև Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի և երկրում որակի ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը, քննարկվել այդ ուղղությամբ ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները:
ՀՀ կառավարություն