Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեղեցկության մրցո՞ւյթ եք անցկացնում, ի՞նչս պիտի ուսումնասիրեն». մրցույթի մասնակիցը՝ Փորձաքննությունների ազգային բյուրոյի մրցույթի մասին

Մայիս 16,2024 21:44

Առաջիկայում  կկայանան ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի ընտրությունները, եւ այդ պաշտոնի հավակնորդներն են՝ փաստաբան Հայկ Ծատուրյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինը՝ նախկին զինդատախազ, «Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ-ի նախկին իրավաբան Գեւորգ Մարգարյանը, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Աղաբեկյանը, ինչպես նաեւ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանը:

Aravot.am-ի հետ զրույցում թեկնածուներից պրոֆեսոր Գարիկ Աղաբեկյանը հետեւյալը տեղեկացրեց. «Ինչպես հարկն է դիմել եմ մրցույթին, ներկայացրել բոլոր փաստաթղթերը, ու ինձ ասել են՝ սպասիր: Երկար ժամանակ սպասեցի, ու ի վերջո էլեկտրոնային փոստիս նամակ եկավ, որ դուք մայիսի 17-ին ժամը 12-ին պետք է գաք Փորձաքննությունների ազգային բյուրո՝ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող անձնակազմի ժողովին, որի շրջանակում տեղի է ունենալու թեկնածուների նախնական քննարկում եւ փակ գաղտնի քվեարկություն: Ի դեպ, Փորձաքննությունների ազգային բյուրոյի հեռախոսը ոչ մի կերպ չի պատասխանում, ստիպված զանգահարեցի ակադեմիա, որպեսզի հարցնեմ՝ արդյոք կանոնադրությամբ այդպե՞ս է նախատեսված:

Յոթ տարի առաջ նույն հիմնարկում նույն պաշտոնի համար դարձյալ մասնակցել եմ մրցույթի, ու ինչպես վարչապետն էր նշում, թե նախկինում մրցույթները նշանակովի էին կամ փողով, այդպես էլ եղավ: Ես զանգեցի ԳԱԱ՝ իրավաբանին, հարցրի՝ կանոնադրությամբ ինչպե՞ս է, վաղը ինձ հրավիրել են ժողովի: Ասաց՝ ձեզ պետք է ուսումնասիրեն, պետք է ծանոթանան: Ես ասացի՝ ինչ է, գեղեցկության մրցո՞ւյթ եք անցկացնում, իմ ինչը պետք է ուսումնասիրեն: Հարցրի՝ իսկ մրցույթը ե՞րբ է լինելու, ասաց՝ մրցույթը հետո է լինելու, իրենք կասեն:

Մի խոսքով, եթե կանոնադրությամբ այդպես է, եւ երկու փուլով եք մրցույթն  անցկացնում, ես չեմ հասկանում մի բան. բյուրոյի տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրացել է, ինքը ժամանակավոր պաշտոնակատար է: Կարծում եմ՝ նրան ԳԱԱ նախագահը պետք է ազատեր աշխատանքից, ոչ թե նրան պետք է ժամանակավոր պաշտոնակատար նշանակեր, այլ այլ մեկ ուրիշին, որն էլ կնախապատրաստեր մրցույթի անցկացումը:

Ես ուղղակի վստահ եմ, որ վաղվա ժողովին նախապես պատրաստված հարցեր են տալու մրցույթի մասնակիցներին, չեմ բացառում, որ ի վերջո քվեարկելու են հենց գործող պաշտոնակատարի օգտին»:

Գարիկ Աղաբեկյանն ասաց, որ չի պատրաստվում վաղվա ժողովին մասնակցել. «Երբ բուն մրցույթը կլինի, երեւի էլի նամակ կուղարկեն, կասեն մրցույթի օրն ու ժամը, բնականաբար կգնամ, ու ինչ հարց ուզում է, թող հանձնաժողովն ինձ ուղղի, եւ թող ուժեղագույնը թող հաղթի, ես խնդիր չունեմ: Ավելին՝  առաջինը կսեղմեմ հաղթողի ձեռքը եւ կշնորհավորեմ: Նորից եմ կրկնում՝  ես չեմ հասկանում վաղվա ժողովի իմաստը: Ի՞նչ է  նշանակում՝ պետք է գաք գիտատեխնիկական գործունեություն իրականացնող անձնակազմի ժողովին: Ես բավականին մեծ աշխատանքային փորձ ունեմ, շատ մրցույթների եմ մասնակցել, ինքս եմ մրցույթների անցկացրել, բայց նման բան առաջին անգամ եմ տեսնում, որ սկզբից աշխատողների հետ ծանոթանաս, աշխատողները քեզ հարցեր տան, հետո նոր՝ հանձնաժողովի անդամների մոտ գնաս»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031