Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման պատասխանատուները ամփոփեցին պայքարի այսօրվա օրը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասաց. «Կիրանց համայնք էին այսօր այցելել որոշակի մարդիկ, որոնք կիրանցիներին առաջարկել էին իրենց տան, այգիների, սրբավայրերի դիմաց կաշառք տալ, գումարով փորձել են այսպես ասած գնել եւ ի պատիվ կիրանցիների, այդ մարդկանց ուղարկել են համապատասխան տեղը: Մեր տեղեկություններով՝ ասել էին՝ գինը թղթի վրա գրեք:
Մարդիկ արժանի պատասխան են տվել, ասել են՝ ուրեմն դուք գին ունեք, այդ մարդիկ անգին են: Եթե դուք, սրիկաներ, մտածում եք, որ այդ մարդիկ, որոնք ամենաթանկն են տվել այդ հողերի համար, իրենց զավակներին, հայրերին, 90-ականերից մինչ օրս ցույց են տվել բարձր բարոյական ու մարդկային արժեքներ, դուք մտածում եք փչացածության ձեր աստիճանով:
Տարբեր կալիբրի չինովնիկներ են այցելում կիրանցիներին, բայց նրանք անսասան կանգնած են: Քիչ հետո կգնանք եւ տեղում կաջակցենք մեր քույրերին ու եղբայրներին: Այս մարդկանց օրակարգը շարունակում է մնալ փողով հայրենավաճառությունը, իրենք, որ գումարով հայրենիք են վաճառում, մտածում են մարդիկ փողով հայրենիքը կվաճառեն»:
Կարդացեք նաև
Գառնիկ Դանիելյանը նաեւ նշեց, որ այս ընթացքում փորձել են մոլորեցնել մարդկանց, թե՝ գյուղը չի կիսվում, կամուրջը չի անցնում. «Գիշերը դավադրաբար հանձնվել է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, կամուրջի հատված այս պահի դրությամբ հանձնվում է թշնամուն, գյուղը կիսվում է ու դրա հետ հայ ժողովուրդը չի կարող հաշտ լինել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ