ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հայելի» ակումբում խոսել է ապօրինի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի մասին Տավուշի մարզի Կիրանց գյուղից ստացվող վատ լուրերի շուրջ։
«Նման զարգացումը սպասելի էր։ Կհիշեք, մեր նախորդ զրույցի ժամանակ ես նշեցի, որ Աստված չանի, եթե գործընթացը կանգնի, երեք օրվա մեջ այս իշխանությունները հանձնելու են բոլոր հնարավոր ու անհնարին համարվող տարածքները, զիջումներն իրականացնելու են։
Այս ընթացքում գործընթացը մի քիչ հապաղեց զուտ ընդհանուր ըմբոստության եւ դիմադրության արդյունքում։ Սակայն քանի որ այս իշխանությունը իր հանձնառությունն է իրականացնում արեւմտյան եւ թուրք-ադրբեջանական իրենց փաստացի տերերի հանդեպ, նա ցանկություն եւ հնարավորություն չունի հետ կանգնելու։ Նա պարտադրված է դա իրականացնել։
Զարմանալի չէ, որ այսպիսի շտապողականություն է ցուցադրվում, քանի որ աշխարհաքաղաքական զարգացումներն են թելադրում նման հապճեպությունը։ Արեւմուտքը փորձում է մի վերջին ճիգով ինչ-որ մի հաջողություն գրանցել եւ արդյունք ստանալ։
Կարդացեք նաև
Վրաստանում զարգացումները ցույց են տալիս, որ Արեւմուտքը էլ ավելի է կորցնում իր լծակները։ Նրանց համար ավելի ողբալի կլինի այստեղ կորցնել իրենց դրածո իշխանությանը, որը հստակ հանձնառությունով եկել եւ իրականացնում է հակառուսական եւ ապագայում հակաիրանական ծրագրերի իր խոստումները։ Այս իշխանություններն ամբողջաբար գտնվում են իրենց ձեռքում թե տարբեր խոստումների, թե տարբեր կոմպրոմատների, ակնհայտորեն տարբեր ֆինանսական միջոցների տիրապետման առումով։ Դրանք գտնվում են արեւմտյան տարբեր բանկային համակարգերում, ինչը եւս արեւմտյան կողմն օգտագործում է որպես լծակ։
Պատահական չէ, որ օրերս բարձրաստիճան պաշտոնյաների այց եղավ Դանիա անհասկանալի բովանդակության կոնֆերանսի մասնակցելու, որը որեւէ հեղինակավոր կազմակերպություն կամ ձեւավորված կառույց չէ։ Ընդամենը մեկ հանդիպում եղավ Դանիայի վարչապետի հետ, ինչը դատել է տալիս, որ այնտեղ այլ կարգի հանդիպումներ են եղել։
Մեր հանրությանը պիտի հորդորեմ, որ հանկարծ չմտածեն, որ այս շարժումը եթե չհաջողի, ինչ-որ մի բան մնալու է այն վիճակում, ինչ վիճակում մենք կանք։
Սա գրեթե մեր վերջին հնարավորությունն է կասեցնելու այն աղետալի եւ կորստաբեր ընթացքը, որն սկսել է այս իշխանությունը։ Մենք արդեն գտնվում ենք այդ կորստաբեր ծրագրի վերջին գլխում եւ թերթ առ թերթ հերթական հանձնառությունը օրինականացնելով առաջ ենք գնում։
Մենք մի խնդիր ունենք այսօր։ Եվ այդ խնդիրը հայրենիքը պահելն է, հայրենիքի համար պայքարելն է։ Պայքարելու համար մեզ անհրաժեշտ է միասնություն։ Միասնության համար անհրաժեշտ է համերաշխության հասնել։ Իսկ համերաշխության համար բոլորը պիտի գիտակցեն, որ առանց պայքարի եւ առանց համառ եւ կազմակերպված ջանքերի որեւէ հաջողության հասնել հնարավոր չէ այն փաստացի համակարգի դեմ, որը սպասարկում է օտարի շահը եւ մեր թշնամու ծրագիրը»,-ասաց տիկին Աղաջանյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ