«Այսօր Երեւանի պետական համալսարանի հիմնադրման 105-ամյակն է: 105 տարի առաջ ստեղծվեց Մայր բուհը, որից սկիզբ են առել Հայաստանի մնացած բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները»,- նշեց ՀՀ նախագահի խորհրդական, ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը՝ Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵՊՀ-ին հատուկ կարգավիճակ շնորհելուն:
«Մեր անկախության շրջանում ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 1992թ օգոստոսի 31-ին հրամանագիր էր ստորագրել, որով պետք է հատուկ կարգավիճակ տրվեր համալսարանին, ինչը պետք է սահմանվեր օրենքով: Իմ հիշողության մեջ մենք միշտ ձգտել ենք դրան, բայց ցավոք այդ հրամանագիրը տարբեր պատճառներով չվերածվեց օրենքի: 1992 թվականը նախ բարդ շրջան էր, հետ փոխվեց իշխանությունը, կառավարություններ փոխվեցին… Ես երկար ժամանակ եղել եմ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում, տարիներ շարունակ պաշտոնավարել եմ որպես դեկան, շփվել եմ այլ դեկանների, ամբիոնի վարիչների, ԵՊՀ ազդեցիկ մտավորականների հետ, ու միշտն առիթն օգտագործվել է, որ երկրի ղեկավարության առջեւ բարձրացնենք այդ հարցը, Երեւանի պետական համալսարանին օրենքի ուժով տրվի հատուկ կարգավիճակ, որովհետեւ Մայր բուհն ավելին է, քան սովորական կրթական հաստատությունը, այն բացառիկ գիտակրթական մշակութային արժեք է:
Ցավոք, 1992 թվականից այդ հարցը լուծում չէր ստանում, ասում էին՝ ի՞նչ տարբերություն բուհերի միջեւ, խնդիրը տանում էին ֆորմալ դաշտ, իրավակազմակերպական ձեւեր, մինչդեռ խոսքը պարզ իրավակազմակերպական ձեւի մասին չէր, այլ բովանդակության, իսկ բովանդակությունն անհամեմատելի է»,-ասաց Վահրամ Դումանյանը:
Aravot.am-ի դիտարկմանը, որ իր նախարար եղած տարիներին հարցը կրկին արծարծվել է, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Երբ ԿԳՄՍ նախարար նշանակվեցի, կարեւորագույն հարցերի թվում էր նաեւ ԵՊՀ-ին հատուկ կարգավիճակ շնորհելու հարցը: Ես վարչապետին ներկայացրի իմ առաջարկը, եւ իր աջակցությամբ այդ հարցը մեկ կետով ներառվեց Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքում: Գործընթացը միարժեք չէր, քանի որ ինչպես ընդդիմադիր, անգամ իշխանական պատգամավորներից մարդիկ կային, որ համաձայն չէրն այդ մտքին: Թեման վերջին շրջանում այնքան էր պարզունակացվել՝ թե ի՞նչ տարբերություն ԵՊՀ-ի ու մեկ այլ բուհի միջեւ, հաշվի չէին առնում բովանդակությունն ու պատմությունը:
Կարդացեք նաև
Եվ սա այն դեպքում, երբ ամեն անգամ աշխարհի տարբեր երկրների ղեկավարներ ու հեղինակավոր մարդիկ են գալիս Հայաստան, նրանք Երեւանի պետական համալսարան են այցելում: Կրկնում եմ՝ վարչապետի անձնական մասնակցությամբ լուծվեց հարցը, օրենքն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ: Իհարկե, հետո նախագահ Արմեն Սարգսյանը դիմեց ՍԴ՝ օրենքում հոգաբարձուների խորհրդի ձեւավորման վերաբերյալ կետի մասով, որը ԵՊՀ կարգավիճակի հետ կապ չուներ, ու օրենքը ճանաչվեց ոչ սահմանադրական, բայց ամեն դեպքում այդ կետն առանձին վերցրած ԱԺ-ում երկու անգամ անցավ»:
Վահրամ Դումանյանը հավելեց. «Համալսարանական իմ շատ գործընկերներ, որ քանիցս բաժակ են բարձրացրել ու խմել ԵՊՀ կենացը, երազել ու բարձրաձայնել այն հարցը, որ համալսարանին պետք է տալ հատուկ կարգավիճակ՝ հիմք ընդունելով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագիրը, երբ օրենքը ընդունվեց, զարմանալիորեն նրանից որեւէ մեկը բառ անգամ չասաց, հանրային տիրույթում չբարձրաձայնեց այն մասին, որ վերջապես ԵՊՀ-ն ստացել է հատուկ կարգավիճակը: Ամեն դեպքում ես մնացել եմ նույն տեսակետին՝ Մայր բուհի առաքելությունն ավելի է, քան զուտ կրթական որակյալ հաստատություն լինելը:
Շնորհավոր Երեւանի պետական համալսարանի 105-ամյակը: Համալսարանը պետք է քայլի վստահ՝ աշխարհի լավագույն բուհերի հետ նույն շարքում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ