Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ուզում եմ ունենալ կայուն հայրենիք, որտեղ կապրենք առանց վախենալու, որ մի օր կգան ու կհանեն մեր տնից». քաղաքացի

Մայիս 16,2024 17:45

Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը շարունակում է պայքարը Տավուշում սահմանազատման եւ սահմանագծման ապօրինի գործընթացը չեղարկելու եւ Հայաստանում ազգային իշխանություն ձեւավորելու համար։

Aravot.am-ը մայրաքաղաքում հարցախույզ անցկացրեց՝ իմանալու հանրության կարծիքը շարժման մասին։ Տեսակետները տարբեր են, բայց նկատելի է հատկապես 44-օրյա պատերազմի եւ դրան հաջորդած ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձություններից մարդկանց հիասթափվածությունը։

Եվ այսպես «Ի՞նչ հույս ունեք շարժումից» հարցին քաղաքացիներից մեկը պատասխանեց. «Շատ քիչ, եթե շարունակվի այս տեմպով։ Կոտրված է ժողովուրդը։ Չեն հավատում։ Մարդիկ շատ լավ գիտակցում և հասկանում են, որ վտանգը մի օր էլ մտնելու է իրենց տուն։ Բայց ո՞վ Է ղեկավարը եւ ի՞նչ ծրագրով է ղեկավարվում, դա մեծ հարց է»:

Հարցին, թե Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումն ի՞նչ ծրագրով է առաջնորդվում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Բագրատ սրբազանին շատ երկար տարիներ ճանաչում եմ դեռ Կանադայից։ Շատ սիրում եւ հարգում եմ։ Միայն ես չէ, ամբողջ Կանադայի համայնքն է նրան հարգում։ Բայց սրբազան լինելը եւ քաղաքական շարժում ղեկավարելը տարբեր բաներ են»:

Նկատեցինք, որ Բագրատ սրբազանը նաեւ Հայաստանի քաղաքացի է ու բազմիցս է հայտարարել, որ որեւէ պաշտոն զբաղեցնելու հավակնություն չունի։

«Բոլորս էլ հայ ենք, բայց ես տրակտորիստ եմ, չեմ կարող լինել նախարար։ Նիկոլ Փաշինյանն էլ, որ գալիս էր՝ հայտարարում էր, թե ոչ մի պաշտոնի չի ձգտում։ Այդ հետո էր, որ զգաց, որ արդեն հաղթում է, հայտարարեց. «Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա»,-ասաց մեր առաջին զրուցակիցը։

Մեկ այլ քաղաքացի «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասին ասաց. «Կան երկրի համար սրտացավ ազնիվ մարդիկ, բայց կան նաեւ պղտոր ջրում ձուկ որսացողներ։ Իսկ շարժման առաջնորդության մասին կասեմ, որ կրոնական գործիչները պետք է կրոնով զբաղվեն, իսկ քաղաքականությամբ քաղաքական գործիչները»:

Կեսկատակ դիտարկմանը, թե պատգամավորներն արդյոք ավարտել են, ասենք, ԵՊՀ պատգամավորության ֆակուլտետը, իսկ նախարարները՝ պոլիտեխնիկի նախարարության ֆակուլտետը, քաղաքացին արձագանքեց. «Դեպուտատական ֆակուլտետ չկա, բայց պետք է քաղաքական միտք ունենալ, քաղաքական ասելիք ունենալ։ Կրոնական գործիչը կարող է քաղաքական գործունեություն ծավալել, բայց պետք է վեղարը հանի, կուսակցություն բացի, մտնի կուսակցական պայքարի մեջ ու ասի իր քաղաքական միտքը, թե հետագայում ինչ է լինելու։ Ինչպես Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, հոգեւորականը նույնպես ունի քաղաքական միտք արտահայտելու իրավունք, բայց որպես քաղաքացիական անձ։ Ինձ թվում է, որ վեղարը խախտում է քաղաքականության եւ կրոնի տարանջատման սկզբունքը»,-ասաց մեր զրուցակիցը, որն ապագայի հետ կապված բազմաթիվ հարցեր ունենալով հանդերձ՝ գերադասում է զինվելը։

Տիկինը, որը մեր երրորդ զրուցակիցն էր, ասաց, որ չի ուզում մեր հողերը կորցնել, եւ որպեսզի դրա համար ամեն ինչ արվի. «Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման մասին ոչինչ ասել չեմ կարող, քանի որ չեմ տեսել, չեմ ճանաչում իրեն։ Ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով։ Մենք պետք է ունենանք ուժեղ կառավարություն, որը կզբաղվի քաղաքականությամբ, պետք է ունենանք սրբազաններ, որոնք պետք է զբաղվեն հոգեւոր գործերով։ Դա է ճիշտը։ Բայց այս պարագայում մարդիկ հուսահատված են։ Ես չեմ կարող ոչ մեկին մեղադրել, քանի որ բոլորս ենք շատ մտահոգված։ Ես ուզում եմ ունենալ կայուն հայրենիք, որտեղ մենք կապրենք առանց վախենալու, որ մի օր կգան ու կհանեն, որ մի օր մեզ հետ մի բան կլինի»:

Մանրամասն տեսանյութում

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031