Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եմ՝ ծրագիրը իսկապես շատ լավն է». բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցություն կտրամադրվի ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին

Մայիս 16,2024 16:43

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրը հաստատել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկերը: Որոշման նպատակը բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության տրամադրումն է Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմից, ինչպես նաև 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին։ Որոշման ընդունումը պայմանավորված է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին տրամադրվող աջակցության միջոցառումների շրջանակի ընդլայնմամբ։

Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ծրագիրն ունի երեք բաղադրիչ. «Առաջինը՝ բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերումն է՝ հավաստագրի տրամադրման միջոցով: Երկրորդը՝ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրումը, և երրորդը՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցությունը: Հավաստագրերն ունեն տարբեր արժեքներ ընտանիքի մեկ անդամի հաշվով և տարբեր բնակավայրերում: Առաջինը՝ 5 մլն դրամ թվով 242 քաղաքային և գյուղական բնակավայրերում իրացնելու դեպքում է տրամադրվելու: Երկրորդը՝ 4 մլն դրամ թվով 148 քաղաքային և գյուղական բնակավայրերում իրացնելու դեպքում: 3 մլն դրամ՝ մնացած բոլոր բնակավայրերում, բացի Երևանի 1-ին և 2-րդ գոտիներից, և 2 մլն դրամ, եթե արդեն ունի հիփոթեք, կրկին բացառությամբ Երևանի առաջին և երկրորդ գոտում գտնվող գույքից»:

Նախարարը ներկայացրել է ծրագրի հիմնական պայմանները. ««2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքը համարվում է շահառու, եթե ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահասները, ունեն կամ ստացել են ՀՀ քաղաքացիություն: Ձեռք բերվող տան բնակմակերեսը չպետք է լինի պակաս 12 քմ-ից ընտանիքի մեկ անդամի հաշվով, ձեռք բերվող տան արժեքը չի կարող գերազանցել 55 մլն դրամը: Ծրագրի ֆինանսավորումն իրականացնելու ենք գործընկեր բանկերի կողմից, սակայն ծրագրի իրականացման ընթացքում աջակցության գումարի և դրա տոկոսագումարները վճարելու է ՀՀ կառավարությունը: Եթե հավաստագրի իրացման արդյունքում գումար է մնում՝ դրական մնացորդ, ապա մենք առաջարկելու ենք և հնարավորություն ենք ստեղծելու, որպեսզի կարողանան այդ դրական մնացորդն ուղղել այս երեք ուղղություններով՝  գյուղնշանակության հողամասի գնում մինչև 5 մլն դրամ,  հնարավորություն կտանք, եթե ձեռք բերված անշարժ գույքը ունենա վերանորոգման կարիք, վերանորոգել մինչև 4 մլն դրամի սահմաններում, ինչպես նաև կահույքի և կենցաղային տեխնիկայի գնման հնարավորություն մինչև 2 մլն դրամի սահմաններում: 

Որ ընտանիքները շահառու չեն լինի.  2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ԼՂ- ից բռնի տեղահանված ընտանիքների մասին է խոսքը, բացառությամբ Քաշաթաղի ծրագրի շահառուների՝ անկախ իրավունքի իրացման փաստից. այս ծրագիրը ԼՂ առանձին շրջաններից տեղահանված մեր հայրենակիցներին տրամադրված ծրագիրն է, որն ընթացքի մեջ է: Ընտանիքի անդամներից առնվազն մեկը 19.09.2023 թվականին կամ դիմելու օրվա դրությամբ ՀՀ-ում ունի սեփականության իրավունքով բնակարան կամ բնակելի տուն, բնակելի տան կառուցման առանձնահատկություններ են: Շահառուն բնակելի տան կառուցման համար պետք է ընտրի բացառապես նախապես մշակված և հրապարակված տիպային նախագծերից որևիցե մեկը: Բնակելի տան կառուցումն իրականացվում է միայն ՀՀ-ում լիցենզավորված ցանկացած շինարարական կազմակերպության կողմից: 

Եթե շահառուն չունի անհատական բնակելի տուն կառուցելու նշանակությամբ հողատարածք, ապա մենք հնարավորություն ենք տալիս այս աջակցության գումարից մինչև 3 մլն դրամ ուղղել հողատարածքի ձեռքբերմանը, որի մակերեսը չպետք է լինի նվազ, քան 400 քմ-ը»:

Ծրագրից բխող կարգը կհաստատվի մինչև հունիսի 15-ը, ընդ որում՝ կարգը հաստատվելու պահից կգործի տան ձեռքբերման աջակցության բաղադրիչը, հունիսի 15-ից՝ անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչը, և օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման բաղադրիչը: Ծրագիրն իրականացվելու է 3 փուլով. առաջին փուլում կընդգրկվեն 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 2 անչափահաս ունեցող ընտանիքները, տարբեր խոցելի խմբեր ունեցող ընտանիքները, գործող հիփոթեք ունեցող ընտանիքները կամ ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և աջակցության առնվազն 50 տոկոս լրացուցիչ վարկ կստանան բանկից:

Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ 2-րդ փուլում կընդգրկվեն 2 անչափահասով ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 1 անչափահասով ընտանիքները. մեկնարկը՝ ոչ ուշ, քան 2026 թ. հունվարի 1-ը, 3-րդ փուլում կընդգրկվեն ցանկացած կազմով ընտանիքներ, մեկնարկը՝ 2027 թ. հունվարի 1-ը:

Նշվել է նաև, որ ծրագիրը մշակվել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ գործող միջգերատեսչական խմբի քննարկումների արդյունքում և կմտնի գործնական փուլ մինչև հունիսի 15-ը կարգի հաստատումից հետո:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Աշխատանքային խումբն իսկապես շատ մեծ և շատ ծավալուն աշխատանք է կատարել, որովհետև արդեն զեկույցից, կարծում եմ, պարզ եղավ, թե ինչքան մանրամասներ կան: Եվ նախ ուզում եմ աշխատանքային խմբին՝ պարոն Խաչատրյանի գլխավորությամբ, շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար: Բայց նաև ասել, որ այս մանրամասները պետք է այսօրվանից սկսած շատ պատշաճ լուսաբանվեն, որպեսզի մարդիկ այդ հարցերի պատասխանները ստանալու համար ստիպված չլինեն գերատեսչությունից գերատեսչություն գնալ, տարբեր տեղեր զանգել, տարբեր տեղեր դիմել»:

Վարչապետն այդ համատեքստում  կարևոր արձանագրում է արել՝ կառավարությունը հրաժարվել է համահարթեցման տրամաբանությունից և մի բանաձև ու մի սկզբունք որդեգրելու տրամաբանությունից. «Կարծում եմ՝ ծրագիրը իսկապես շատ լավն է: Կրկին՝ մենք նույն մարտահրավերի հետ ենք բախվելու, որպեսզի  կարողանանք տեղ հասցնել մարդկանց, թե այս ինչ է և ինչի մասին, կարողանանք բացատրել նաև, թե այս 242 բնակավայրն ինչ սկզբունքով է ընտրվել, հաջորդ 145 բնակավայրն ինչ սկզբունքով է ընտրվել: Այդտեղ մենք նաև փորձել ենք համադրություններ անել կառավարության այլ ռազմավարական ծրագրերի հետ՝ դպրոցների և մանկապարտեզների կառուցման: Մենք տեղեր ունենք, որ դպրոցները կառուցվել ենք ոչ թե արդեն իսկ գյուղում կամ դպրոցի ունեցած աշակերտների թվով, այլև պոտենցիալը հաշվի առնելով: Եվ հիմա, եթե մեր քույրերը և եղբայրները կգնան բնակվելու այդ համայնքներում, սա նշանակում է, որ կառավարության ծրագրերը կհամադրվեն իրար հետ, և ինչ-որ առումով սիներգիայի էֆեկտ կունենանք»:

Թեմայի առնչությամբ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է. «Մենք գնահատել էինք, որ այս ծրագրի շահառու կարող է դառնալ մինչև 25 հազար ընտանիք, և եթե պարզ հաշվարկով մտածենք, որ դա միջին հատուցման չափով կարող է լինել, ապա 500 մլրդ դրամ կարող է կազմել այդ տների կամ բնակարանների կառուցման կամ ձեռքբերման արժեքը, բացի այն տոկոսային ծախսերից, որոնք ամբողջ ժամանակահատվածում կվճարենք այն ֆինանսական կազմակերպություններին, որոնք կիրականացնեն այս ծրագիրը: Ամենահամեստ հաշվարկներով՝ 700-800 միլիարդը գերազանցող ծախս է»:

Կապահովվի  պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայության տրամադրումը

Կառավարությունն ընդունել է որոշում՝  առողջապահական համակարգի կազմակերպություններին ֆինանսական աջակցության հատկացմամբ ծախսերի փոխհատուցմամբ, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման առավել արդյունավետ կազմակերպման ապահովմամբ պայմանավորված: Որոշման  նպատակը մատուցված/մատուցվելիք բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների ամբողջական կատարումն է և շահառուներին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունն ապահովելն է, ինչպես նաև ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված հերթագրման ոչ ենթակա ծրագրերի, միջոցառումների շրջանակներում մատուցվող ծառայությունների փոխհատուցման անընդհատության ապահովումը։ Արդյունքում ակնկալվում է բնակչությանն ապահովել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայություններով՝ պահպանելով ներդրված պայմանագրային գումարի չսահմանափակման սկզբունքով փոխհատուցման տրամաբանությունը։

Ինչպես նշել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որոշմամբ առաջարկվում է 3 մլրդ դրամի վերաբաշխում իրականացնել և ավելացնել առողջապահական ծառայությունների ծավալների ֆինանսավորումը: Ծրագրերը հետևյալն են՝  «Շտապ օգնության ծառայություններ» ՝ 400 մլն  դրամ,  «Հեմոդիալիզի և պերիտոնիալ դիալիզի անցկացման ծառայություններ»՝ 500 մլն դրամ, «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ»՝ 300 մլն դրամ,  «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնություն»՝ 1 մլրդ 500 մլն դրամ, «Փոխպատվաստման ծառայություններ»՝ 200 մլն դրամ, «Ինֆեկցիոն հիվանդություններ»՝ 100 մլն դրամ:

 

«Այս ավելացումներով մենք շարունակում ենք հանձնառությունը տարեցտարի ավելացնելու բժշկական օգնության հասանելիությունը մեր բնակաչությանը: Մի քանի տվյալներ ներկայացնեմ, թե ինչպես են աճել թե՛ սպասարկման դեպքերի, թե՛ ֆինանսավորման ծավալները վերջին տարիներին:  2018 թավելացող միայն երկու ծրագրերի մասով սոցանապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց և դժվարամատչելի հետազոտությունների մասով, մենք 28 հազար 973 դեպքի փոխարեն, 2023 թ.-ին սպասարկել ենք 46  հազար 401 դեպք, 2024 թ.-ին՝ 84 հազար 374 դեպք:  2018-ից 2024 թ. համեմատականը 55 հազար դեպքով ավելի է կազմում: Սրանք միայն առաջին եռամսյակի տվյալներ են: Ավելացման միտումը երկրորդ եռամսյակի՝ մի փոքր ավելի է լինելու: Վեց ամիսների տվյալները ևս շուտով կհրապարակենք: Ընդհանուր առմամբ, առողջապահության բոլոր ծրագրերի մասով կատարողականները 2018 թ. առաջին եռամսյակի մասով կազմել է ընդամենը 14 մլրդ դրամ, 2023 թ.՝ 24,7 մլրդ դրամ, 2024 թ.՝ 30 մլրդ դրամ», -ասել է նախարարը:

Ըստ Անահիտ Ավանեսյանի՝  այս ավելացումները կապված են մի շարք հանգամանքների հետ. «Առաջին հերթին՝ մեր ենթակառուցվածքների և ընդհանուր առմամբ ծառայությունների ցանկի ավելացումն է բերում դեպքերի ավելացման: Երկրորդ՝ դրանք ֆիզիկապես ավելի մատչելի են դառնում նաև մարզային բժշկական օգնություն տրամադրող կենտրոններին, ինչը բերում է նաև փաստացի դեպքերի և դրանցից օգտվելու դիմելիության աճին: Այս ավելացումները կապված են նաև ԼՂից բռնի տեղահանված քույրերի և եղբայրների բժշկական օգնության հավելյալ ծավալներն ապահովմամբ: Շարունակելով մեր քաղաքականությունը՝ ի վերջո ներդնելու ենք առողջապահության ապահովագրություն, բայց չսպասելով դրան, տարեցտարի ավելացնում ենք հասանելիությունը մեր բնակչության համար»:

 

Նախարարը տեղեկացրել է նաև, որ  ավելացած դեպքերը ոչ միայն քանակական աճ են ապահովել, այլև՝ որակական փոփոխություն:  Այսինքն՝  տարեցտարի ներդրվում են նաև  նոր ծրագրեր և ծառայություններ:

 

Վարչապետը կարևորել է որոշումը և նշել, որ բուժծառայություններից օգտվողների թիվն ավելացել է այն բանից հետո, երբ 2018 թ.-ից որդեգրվել է այն քաղաքականությունը, որի համաձայն՝  բուժման կարիք  ունեցող ոչ մի քաղաքացի առանց բուժծառայության չպետք է մնա: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է պետպատվերը վերջանալուն նվիրված հրապարակումներին. «Բնականաբար, այդ թեման ինձ շատ էր հուզում և հուզում է, ինձ համար խնդիր էր հասկանալ, թե ինչ է կատարվում: Եվ մենք պարզեցինք հետևյալը, օրինակ՝ 2017 թ. պետպատվերի համար դրվում է իքս գումար, և ամբողջ պետական համակարգը աշխատում էր այնպես անել, որ այդ գումարից ավելի կարիք ունեցող չհասնի հիվանդանոց: Այսինքն՝ ուղեգրման ճանապարհին  մարդուն այստեղ այնտեղ էին ուղարկում և այդպիսով կառավարում էին գործընթացը: 2018 թ, հետո մենք պետպատվերի ֆինանսավորումը և մեխանիզմները լավարկել ենք և արդեն 2023 թ. ֆինանսավորումը համարյա կրկնապատկել ենք՝ 176 տոկոսով ավելացրել ենք»:

 

Կառավարության ղեկավարի դիտարկմամբ՝  տարեցտարի ավելացվող գումարները չեն բավականացնում, քանի որ այդ ծառայություններն իսկապես հասանելի են դարձել բնակչության համար: Ըստ վարչապետի՝ այդ համակարգը կառավարելու մեխանիզմների լավարկվել են և այժմ դրվել է օֆերտա բոլոր պետպատվերի ձևերի և ուղղությունների համար, ինչը նշանակում է, որ եթե նախկինում մարդու հնարավորությունը  ինչ-որ ձևով կապվում էր կոնկրետ որոշակի հիվանդանոցների հետ, որոշակի չափաբաժիններով, ապա հիմա շահառուն ինքն է որոշում ուր գնալ: «Մարդիկ այդ ծառայություններից ռեալ օգտվում են, և այդ վերնագրերը մի բանի մասին են վկայում, ինչն  արտահայտվում  է այս թվերով, որ նախկինի համեմատ կրկնապատկվել է պետպատվերով բուժծառայություններից օգտվողների թիվը», ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետը նշել է նաև, որ կառավարությունը հանրապետությունում  պատրաստվում է ներդնել առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգ: «Քննարկումների արդյունքում, ամենամեծ մտավախությունն այն է, որ մենք կարող է ծավալների մասին պատկերացում չունենք, որ  կարող է մտնենք այդտեղ և պարզվի, որ բեռն այնքան մեծ է, որ անգամներով տարբերվում է մեր պատկերացումից: Հիմա այս մեխանիզմով մենք փուլփուլ հասկանում ենք, թե ինչ ծավալի հետ գործ ունենք:

 

Այս որոշմամբ վերաբաշման միջոցով ավելացնում ենք պետպատվերի ֆինանսավորումը: Դրանով, առաջին՝ առողջապահական  բիզնեսում հնարավորինս արդար մրցակցային դաշտ ենք ստեղծում, երկրորդ՝ մարդկանց իրական կարիքներն ավելի շատ ենք սպասարկում, և հաջորդը՝  ստանում ենք պատկերացում, թե ինչ ծավալի հետ ենք գործ ունենալու առողջապահության ապահովագրության համակարգը ներդնելու պարագայում: Կարծում եմ, որ կան կարիքներ, որոնց ապահովելու առումով չի կարելի ասել՝ փող չկա, որովհետև այսպիսի բան ասել, նշանակում է ասել, որ մենք ոնց որ թե այնքան էլ պետություն չենք: Չկա՝ եկեք աշխատենք ստեղծենքԴրա համար ենք մենք վերադառնում հարկերին: Երբ մեր սիրելի հայրենակիցներն ասում են՝ վայ, մեզ ուզո՞ւմ  հարկեք, պետք է ասենք՝  այո՛,  ձեզ ուզում ենք հարկենք, որովհետև դուք այս 84 374 քաղաքացիներից մեկն եք»:

 

Հայաստանում գերնպատակ պետք է լինի ապրելը, ստեղծագործելը, հարստանալը և հարստացնելը, այլ ոչ թե տառապելը. վարչապետ

 

Նիկոլ Փաշինյանն այսօրվա կառավարության նիստում մեկ անգամ ևս անդրադարձել է հարերի վճարմանը և ընդգծել դրա կարևորությունը. «Հարկն այն չէ, որ մարդն իր գրապանից հանում և դնում է ուրիշի գրպանը, այլ մարդն իր մի գրպանից հանում է և դնում մյուս գրպանը: Եվ սա պետական ընկալում է, որը մենք պետք է խորացնենք: Մարդիկ չպետք է պոկեն իրենցից հարկ վճարելիս, մարդը պետք է հասկանա, որ հարկ վճարելով իր, իր երեխաների և նույնիսկ չծնված թոռների, ծոռների բարեկեցությունն ու անվտանգություն է ապահովում, իհարկե, չմոռանալով կառավարության պարտավորությունը՝ այդ հավաքված գումարները ծախսել հնարավորինս արդյունավետ»

 

Այդ համատեքստում վարչապետը կարևորել է նաև  կրթության բարեփոխումների  իրականացումը. «Կրկին պետք է վերադառնանք կրթության բարեփոխումներին: Ինչ ենք մենք սովորում և ինչ ենք սովորեցնում մեր երեխաներին: Մենք սովորեցնում ենք գիտելիքներ, որոնք սովորեցնում են ոչ թե ապրել, այլ՝ չապրել: Այն սովորեցնում է ոչ թե ապրել և վայելել կյանքը, այլ՝ տառապել: Մեր կրթական ավանդույթի մեխն այդ է, որ մենք պետք է սովորեցնենք երեխաներին ինչպես տառապել, նույնիսկ այն պայմաններում, երբ չկա տառապանքի պատճառ՝ դու պարտավոր ես գտնել տառապելու պատճառ: Դա է այն հիմանական նպատակը, որ դնում ենք մեր առաջ և հաջողությամբ իրագործում: Այդտեղ է, որ մենք անգերազանցելի հաջողություններ ունենք: Բայց մեր քաղաքական թիմի փորձը և տառապանքի փորձը պետք է մեզ ասի, որ մենք պետք է ստեղծենք պետություն, որտեղ տառապելը գերնպատակ չի: Ու մենք հիմա դրանով ենք զբաղված: Սահմանազատումը դրա համար էայն մասին է, որ տառապելը ՀՀում պետք է չլինի գերնպատակ, ապրելը, ստեղծագործելը, հարստանալն ու հարստացնելը, զարգանալը և զարգացնելը պետք է լինի ՀՀում գերնպատակ: Եվ սա է, որ մենք պետք է դարձնենք պետական գաղափարախոսություն: Ու մենք սա անում ենք և անելու ենք, ու այս ճանապարհին մեզ չեն կանգնեցնի, սրանում վստահ եղեք»:

 

Կստեղծվի Սպորտի կառավարման կենտրոն. կիրականացվեն մարզման չափորոշիչներին համապատասխան ուսումնամարզական  ծրագրեր

 

Կառավարության որոշմամբ կստեղծվի  «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ: Կենտրոնի հիմնումը հնարավորություն կտա մշակել և կազմակերպել մարզման չափորոշիչներին համապատասխան ուսումնամարզական ծրագրեր: Ընկերությունը կիրականացնի սպորտի զարգացմանը միտված տարբեր ծրագրեր: Ներկայումս Հայաստանում պետական և համայնքային ենթակայությամբ գործում է ընդհանուր թվով 174 մանկապատանեկան մարզադպրոց՝ այդ թվում 4 մարզական ՀԿ՝ իրենց ենթակառուցվածքներով: Սակայն դրանք որպես ՄՀԿ-ների մարզադպրոցներ, ՊՈԱԿ-ներ և ՀՈԱԿ-ներ չեն կարող կառավարվել ընկերության կողմից: Ընկերությունը կհանդիսանա հենց այն միասնական մասնագիտացված կառավարչական կենտրոնը, որը կկառավարի հանրապետությունում կառուցվող և կառուցվելիք մարզակառույցները: Կստեղծվի կառավարման խորհուրդ, որի կազմում կընդգրկվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, նախարարի սպորտի ոլորտը համակարգող տեղակալը, մեկական ներկայացուցիչ  ֆինանսների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններից և մարզաշխարհից: Խորհուրդը կընտրի գործադիր մարմնի ղեկավար և նրան կտա կոմերցիոն գործունեություն ծավալելու քվոտա:

 

Կստեղծվի 5 հոգանոց կազմով խորհուրդ, որում կընդգրկվեն ԿԳՄՍ նախարարության, ՏԿԵՆ նախարարության, Ֆինանսների նախարարության և մարզաշխարհի ներկայացուցիչ: Խորհուրդը կամրագրի սպորտային ենթակառուցվածքների օգտագործման կանոնակարգը:

 

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ Սպորտի կառավարման կենտրոնին կհատկացվի այս պահին երկու մարզահամալիր՝  Երևանի Մանանդյան փ.  41 հասցեում գտնվող «Միկա» մարզահամալիրը, ինչպես նաև Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ գյուղի Իսահակյան փողոցի 5 հասցեում կառուցված Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզակառույցը: Հետագայում այս կառույցի կառավարմանը կհանձնվեն նաև շինարարության ընթացքում գտնվող մյուս մարզակառույցները:  Կենտրոնում նախատեսվում է պետական նշանակության միջոցառումներն իրականացնել անհատույց կամ ինքնարժեքով, ինչը հնարավորություն կտա խնայել պետական միջոցները։ Բացի այդ, նախատեսվում է, որ 2025 թ.-ից կենտրոնը կիրականացնի նաև սպորտային միջոցառումների կենտրոնացված կառավարումը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ տնօրինել պետական գույքն ու միջոցները:

 

Վարչապետը կարևորել է ընդունված որոշումը և նշել՝ քանի որ սպորտի ոլորտում մեծ ներդրումներ են արվում, այս որոշմամբ հնարավորություն է ստեղծվում, որ ներդրումները կառավարվեն մի կենտրոնից: «Մենք այս ՓԲԸ-ին պետք է հստակ ուղերձ տանք՝  կառավարել սպորտային ենթակառուցվածքը նշանակում է նաև լավ կառավարիչ գտնել։ Ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել, մեր աշխատանքային քննարկումներում հնչած մտքին և մտահոգությանը, որ շատ մարզական կառույցների պետք է արտապատվիրակենք մասնավոր ընկերություններին, և նրանց հետ նաև պետություն-մասնավոր գործընկերության սխեմաներ ներդնենք: Սա շատ կարևոր է, հակառակ դեպքում, համոզված եմ, որ մենք կձախողենք գործը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Արձագանքելով՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ  մասնավորի հետ համագործակցության նոր ձևաչափեր պետք է ներդնել. «Մասնավորի կողմից բավականին մեծ հետաքրքրություն կա, մասնավորապես, մարզերում տիպային մարզահամալիրների կառուցման մասով: Մասնավոր ոլորտի մասնագիտացված ընկերություններ պատրաստակամ են նաև համաֆինանսավորման եղանակով մասնակցելու կառուցման բուն գործընթացին և հետո ամբողջությամբ ներգրավվել կառավարման գործընթացում»:

 

Միջազգային համագործակցություն. Կիպրոսում ՀՀ  դեսպանություն կստեղծվի

 

Կառավարության որոշմամբ Կիպրոսի Հանրապետությունում կստեղծվի ՀՀ դեսպանություն (նստավայրը` Նիկոսիա): Ըստ հիմնավորման՝ Հայաստանը և  Կիպրոսը միմյանց ընկալում են որպես ավանդական բարեկամ երկրներ: Անցած տասնամյակների ընթացքում Հայաստանին և Կիպրոսին հաջողվել է զարգացնել ամուր միջպետական հարաբերություններ: Երկու երկրների միջև ներկայումս էլ ընթանում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, առկա է բազմաոլորտ երկկողմ օրակարգ։ Հայ-կիպրական հարաբերությունների շարունակաբար զարգացումը ընդգծվել է բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելություններով, լայն իրավապայմանագրային դաշտի ստեղծմամբ, երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական ակտիվ երկխոսությամբ: Ներկայումս երկու երկրների դեսպանությունները գործում են համատեղության կարգով՝ Կիպրոսում Հայաստանի դեսպանության նստավայրը Աթենքում, իսկ Հայաստանում Կիպրոսի դեսպանությունը` Մոսկվայում: Կիպրոսում դիվանագիտական ներկայությունը կնպաստի Հայաստան–Կիպրոս հարաբերությունների էլ ավելի զարգացմանը։

 

Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության շենք ձեռք բերելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: Առաջարկվող շինությունը տեղակայված է Փարիզի 16-րդ թաղամասում, ունի պատմական արժեք, քանի որ 1956 թ.-ից այն պատկանել է Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստենին։ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երկարատև բանակցությունների արդյունքում վաճառող կողմը համաձայնել է վաճառել այն 23,000,000 եվրոյի դիմաց, մինչդեռ հեղինակավոր գնահատող կազմակերպությունների գնահատականների համաձայն՝ շինության իրական արժեքը զգալիորեն գերազանցում է այդ գումարը: Նշված գումարին ավելանում է նաև նոտարական ծառայությունների վճարը՝ շենքի արժեքի շուրջ 1.1%-ը (շուրջ 253 հազ. եվրո): Կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ վաճառքի մտադրության մասին համաձայնագիրը ստորագրելու պահին հայկական կողմը, կառավարության փետրվարի 15-ի որոշմամբ հատկացված գումարով փոխանցել է կանխավճար՝ ընդհանուր գումարի 10%-ի չափով (2.3 միլիոն եվրո)։ Գնման վերջնական պայմանագիրը նախատեսված է ստորագրել ս.թ. մայիսի 22-ին, որից 3 օր առաջ պետք է փոխանցվի շենքի ձեռքբերման գումարի մնացած մասը։ Կառավարության այսօրվա որոշմամբ առաջարկվում է շենքը ձեռք բերելու համար նախատեսված գումարի մնացած մասի՝ 20,947,470 եվրոյին համարժեք դրամի տրամադրում: Վերոնշյալ գումարը ներառում է գործարքի իրականացման համար անհրաժեշտ նոտարական ծառայությունների վճարը՝ շենքի արժեքի շուրջ 1.1%-ը։

 

2024թ. 1-ին եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու 433 անձնագիր

 

Գործադիրի որոշմամբ նախատեսվում է տրամադրել ՀՀ քաղաքացու անձնագրեր օտարերկրյա պետություններում՝ առանց պետտուրք գանձելու: Ըստ հիմնավորման՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը: 2024թ. 1-ին եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 433 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության (243 գործ) և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (190 գործ) կողմից, տվյալ քաղաքներում ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար:

 

Վարժական հավաքներ՝ հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ

 

Գործադիրի որոշմամբ հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը, ներառյալ` կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Վարժական հավաքներին նախատեսվում է ներգրավել մինչև 5151 քաղաքացու: Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով: Վարժական հավաքների ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից նախատեսվում է ներգրավել մինչև 45 միավոր ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոց:

 

Հաստատվել են բուհերի և գիտական կազմակերպությունների 2024/2025 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը

 

Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2024/2025 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը: Ըստ հիմնավորման՝ 2023/2024 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության մրցույթի արդյունքում համապատասխան չափանիշներին բավարարող դիմորդներ (որոշ մասնագիտությունների գծով ընդհանրապես չեն դիմել) չլինելու պատճառով թափուր է մնացել (այդ թվում նաև բնագիտական և տեխնիկական ոլորտների մասնագիտություններով) 66 տեղ (2022/2023 ուսումնական տարում թափուր էր մնացել 40 տեղ /24 առկա և 16 հեռակա/), որից 46-ը առկա և 20-ը հեռակա ուսուցման համակարգում:

Հետբուհական կրթության քաղաքականության թիրախային խնդիրներից են պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների երիտասարդացումը, երիտասարդ մասնագետների կրթության շարունակականության ապահովումը, նրանց ներգրավումը գիտական աշխատանքներում, այդ ուղղություններով երկար տարիների ընթացքում ստեղծված բարձրակարգ գիտական դպրոցի պահպանումն ու հետագա զարգացման ապահովումը: Առաջարկվող կարգավորման նպատակը ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները (ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական տեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական գիտություններ), ինչպես նաև բուհերի և գիտական կազմակերպությունների ամբիոնները համապատասխան մասնագետներով ապահովելն է: ՀՀ-ում 2024/2025 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերն՝ ըստ մասնագիտությունների ձևավորելիս հաշվի է առնվել նաև             նախորդ տարիներին հատկացված տեղերի և փաստացի ընդունելության արդյունքների վերլուծությունը, մրցույթի արդյունքում թափուր տեղերի առաջացման պատճառները: 2024/2025 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության համար նախատեսվում է հատկացնել 270 անվճար տեղ, որից 180-ը առկա և 90-ը հեռակա: Ըստ այդմ՝ ավելացվել են հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելության տեղերը, սակայն այն լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավվման անհրաժեշտություն չի առաջացնի, քանի որ հեռակա ուսուցմամբ սովորող ասպիրանտները կրթաթոշակ չեն ստանում: 2023/2024 ուսումնական տարում ԵՊՀ-ին «Աշխարհագրություն», իսկ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին և Հայաստանի ազգային ագրարային համալսարանին «Գեոդեզիա, ներառյալ քարտեզագրություն և կադաստր» մասնագիտություններով հատկացվել են 1-ական անվճար տեղեր՝ համատեղ հետբուհական փորձնական կրթական ծրագիրն իրականացնելու համար: Արդյունքում՝  կապահովվի անձի հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունքը՝ նպաստելով պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող ոլորտներում հիմնարար ու կիրառական գիտական հետազոտություններ իրականացնելու նպատակով երիտասարդ մասնագետների ներգրավմանը, ինչպես նաև գիտության ոլորտում սերնդափոխությանը և գիտական ներուժի զարգացմանը:

 

Կապահովվի Մարմաշեն վանական համալիրի անվտանգ պահպանությունն ու  պատշաճ սպասարկումը

 

Կառավարությունն ընդունել է որոշում՝ Մարմաշեն վանական համալիրի անվտանգ պահպանությունն ապահովելու և նպատակային օգտագործելու, պատշաճ սպասարկում իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ Հայաստանյայց Առաքելական  Սուրբ եկեղեցուն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնված հուշարձանի նկատմամբ առ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը գույքային իրավունքի պետական գրանցումը չի կատարել և լիարժեք չի օգտագործում հոգևոր նպատակներով: Որոշումը  հնարավորություն կտա հուշարձանը և դրա տարածքը ամրացնել ԿԳՄՍ նախարարության Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայությանը՝  իրականացնելու հուշարձանի և դրա տարածքի պահպանությունը, պատշաճ օգտագործումը և սպասարկումը: Այդ առումով հնարավոր կլինի նաև ապահովել մշտական հսկողություն հուշարձանի պահպանության վիճակի նկատմամբ: Արդյունքում՝ կապահովվի հուշարձանի և տարածքի լուսավորության հարցը, հուշարձան այցելող զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման խնդիրը, բարենպաստ պայմաններ կստեղծվեն բարեկարգված տարածքներում ենթակառուցվածքների գործունեությունն ապահովելու ուղղությամբ, գիշերային լուսավորության առկայությունը կնպաստի հուշարձանի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը։

 

Կառավարությունը հաստատել է նաև «Հատիս հրաբուխ» բնության երկրաբանական հուշարձանի սահմանները և ընդհանուր տարածքի չափը, ինչպես նաև որպես նվիրաբերություն ընդունել Ակունք համայնքի Ակունք, Զովաշեն, Հատիս և Կոտայք բնակավայրերի վարչական սահմաններում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը: Բնության հուշարձանի անձնագրի հաստատմամբ կամրագրվի նաև վերջինիս պահպանությունն իրականացնող սուբյեկտի վերաբերյալ տեղեկատվությունը: Տվյալ դեպքում՝ պահպանության սուբյեկտ է հանդիսանալու Ակունք համայնքը, որն իր միջոցների հաշվին կիրականացնի համայնքի վարչական սահմաններում գտնվող բնության հուշարձանի առանձնացված երկրատեղանքների պահպանությունը:

 

Կբարելավվեն գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրի պայմանները

 

Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում ներգրավված վարկերի սպասարկման բեռը որոշակիորեն թեթևացնելու և ծրագրի պայմանները բարելավելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է որոշում: Այն պայմանավորված է վերջին շրջանում ՀՀ դրամի փոխարժեքի կտրուկ արժևորման հետևանքով արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակներում ստացվող վճարումները ՀՀ դրամով փոխանակելու դեպքում տնտեսավարողների մոտ առաջացող վնասների հետևանքով: 2023 թ. սեպտեմբերի 8-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը վարկերը տրամադրվել են մինչև 5 տարի մարման ժամկետով, սուբսիդավորվել է 11 տոկոսային կետը, իսկ վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվել է ոչ ավելի, քան 24 ամիս: Նշված ժամանակահատվածում խաղողի մթերման ուղղության համար ներգրավվել է շուրջ 6.3 մլրդ դրամ վարկ։ Էկոնոմիկայի նախարարություն են դիմել խաղողի մթերումներ իրականացնող առանձին տնտեսավարողներ, որոնք խնդրել են աջակցել վարկերի սպասարկման գործընթացում առաջացած դժվարությունները մեղմելու հարցում: Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրում կատարել համապատասխան լրացում, ըստ որի՝ ծրագրի շրջանակում խաղողի մթերման ուղղության համար 2023 թ. տրամադրված վարկերի համար ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ կարող են տրամադրվել վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ մինչև 12 ամսով լրացուցիչ ժամկետներ և մինչև 12 ամսով  երկարաձգվել վարկերի մարման ժամկետները, ընդ որում տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորվող 9 տոկոսային կետը մնում է անփոփոխ։

 

Կդյուրանա մշակույթի  ոլորտի կառավարումը,  կբարձրանա ֆինանսական, գույքային և կադրային կառավարման արդյունավետությունը

 

Գործադիրը հավանություն է տվել «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են նաև ՀՀ-ում գործող պետական մշակութային կազմակերպությունների կառավարման մոդելների կատարելագործման և ֆինանսավորման նոր մոդելների ներդրման, ստեղծարար ոլորտի զարգացման, ինքնազբաղ արվեստագետների գործունեության համար բարենպաստ միջավայրի ձևավորման անհրաժեշտությամբ։ Բարենպաստ միջավայրի ձևավորումը ենթադրում է հավասար մրցակցային դաշտի ապահովում, օրենսդրական դաշտի կատարելագործում, հեղինակային իրավունքների պաշտպանություն, ստեղծած մշակութային բարիքների ներկայացում Հայաստանում և արտերկրում և այլն։ Փոփոխությունները վերաբերում են Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեությանն ու գործառույթներին, «ինքնազբաղ արվեստագետ» և «մշակութային գործունեությամբ զբաղվող անձ» եզրույթների հստակեցմանը, մշակութային կազմակերպություններին «պետական» կարգավիճակ շնորհելու գործընթացի արժևորմանը, պետության կողմից ստեղծարար ոլորտի խթանման և զարգացման համատեքստում մշակույթի ոլորտում անվանական թոշակների սահմանմանը։ Մասնավորապես, օրինագծով  առաջարկվում է սահմանել նաև «Մշակութային գործունեությամբ զբաղվող անձ» հասկացությունը, որը նշանակում է որևէ մշակույթի ոլորտում գործունեություն  իրականացնող կամ մշակութային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակում ներառված ֆիզիկական անձ, ով զբաղվում է ստեղծագործական գործունեությամբ։ Մեկ այլ լրացումը ամրագրում է, որ Մշակույթի զարգացման հիմնադրամը կոչված է ներդնելու թանգարանների արդյունավետ կառավարման, թատերահամերգային կազմակերպությունների առաջխաղացման մեխանիզմներ, իրականացնելու լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման և ՀՀ-ում ու միջազգային հարթակներում հայ մշակույթի հանրահռչակմանն ուղղված գործառույթներ: Այդ նպատակով, նշյալ հիմնադրամը իրականացնելու է գովազդատեղեկատվական աշխատանքներ, ներգրավելու է լրացուցիչ ֆինանսական միջոցներ, իրականացնելու է դաշտի մշտադիտարկում և վերլուծություն, որի հիման վրա առաջարկելու է զարգացման հեռանկարային ծրագրեր, կազմակերպելու և համակարգելու է արտերկրում հայկական մշակույթը ներկայացնելու գործընթաց, ՀՀ-ում և միջազգային այլ հարթակներում հայ մշակույթի հանրահռչակմանն ուղղված այլ աշխատանքներ։ Օրենքի լրացումները ընդունվելուց հետո, ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի նաև «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչների անվանական թոշակի վճարման կարգը և չափերը հաստատելու մասին» որոշման նախագիծը։ Այս կարգի ընդունումը ոչ միայն նպատակ ունի խրախուսելու մշակույթի ոլորտի ներկայացուցիչների մասնակցությունը միջազգային հեղինակավոր մրցույթներին և փառատոներին, որն իր հերթին կնպաստի հայ մշակույթի հանրահռչակմանը, այլև  միտված է պետության կողմից արվեստագետների կատարած աշխատանքի և ձեռքբերումների արժևորմանը։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտություն է առաջացել «Պետություն», «Պետական» և «Պետականություն» բառերի ավելի արժևորման նպատակով կանոնակարգելու «Պետական» բառի օգտագործումը։ Առաջարկվում է «Պետական» անվանումը շնորհել միայն այն կազմակերպություններին, որոնք ունենք համապետական նշանակություն, «մարզային» անվանումը՝ մարզային նշանակություն և գործառույթներ իրականացնող կազմակերպություններին և, համապատասխանաբար, «Համայնքային» անվանումը շնորհել համայնքային գործունություն ծավալող և նշանակություն ունեցող կազմակերպություններին։ Անցումային դրույթներով նաև սահմանվում է, որ մշակութային հաստատությունների անվանումների համապատասխանեցումները կավարտվեն 2025 թ.ի դեկտեմբերի 25-ին։ Արդյունքում՝ կկանոնակարգվի մշակույթի օրենսդրական դաշտը, կդյուրանա ոլորտի կառավարումը և կբարձրանա ֆինանսական, գույքային և կադրային կառավարման արդյունավետությունը:

 

Այլ որոշումներ. կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

 

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել  անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Արդյունքում՝ 24 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության ՝ ամսական 300 000 դրամ, տրամադրման  ժամկետը կերկարաձգվի հունիս ամիսը ներառյալ:

 

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է պետբյուջեից հատկացնել  459 450 000 դրամ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 8789 անձանց 2023թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների սոցիալական աջակցության գումարները՝ ամսական 50000 դրամ, տրամադրելու համար:

 

Կառավարությունը վերաբաշխման միջոցով 206,179.8 հազար դրամ կհատկացնի

Արմավիրի մարզի Փշատավան համայնքում ներկայումս կառուցվող «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր–մանկապարտեզի կառուցման, ինչպես նաև նոր «Մոդուլային» տիպի թվով 3 դպրոցի և 4 կրթահամալիրի նախագծման համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031