ՀՀ կենտրոնական բանկը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի CyHub Armenia կիբեռանվտանգության նախաձեռնությունը եւ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը կազմակերպում են Կիբեռանվտանգության շաբաթ, որն այս տարի տեղի կունենա մայիսի 18- 26-ը։ Նպատակն է երիտասարդ մասնագետների շրջանում խթանել գիտելիքի, հմտությունների եւ փորձի փոխանակումը, խրախուսել կիբեռանվտանգության ոլորտում նոր կապերի ձևավորումը։ Կիբեռանվտանգության շաբաթը կմեկնարկի «BSides Yerevan 2024» կիբեռանվտանգության ոչ ֆորմալ համաժողովով, որը տեղի կունենա մայիսի 18-19-ը՝ Երեւանում:
Թեմայի վերաբերյալ Մեդիա կենտրոնում կայացած «Կիբեռանվտանգության շաբաթ 2024. երիտասարդ մասնագետների հզորացում» խորագրով ասուլիսի ժամանակ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը նշեց, որ արդեն քանի տարի է` նման միջոցառում է իրականացվում Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ, բայց նախկինում համաժողովի ձեւաչափով, ու քանի որ մասնակիցների եւ համագործակցողների թիվը գնալով ավելացել է, խնդիրը բարձրացրել են ազգային մակարդակի:
Երիցյանի խոսքով. «Մեկ շաբաթ շարունակ կկայանան տարբեր միջոցառումներ, որոնք էլ ավելի կընդլայնեն մեր ընկալումը կիբեռանվտանգության վերաբերյալ: Կարեւոր ուղերձը հատկապես երիտասարդների առումով այն է, որ երբեմն մեզ թվում է, թե կիբերանվտանգության խնդիրները ինչ-որ մեկը պետք է մեզ համար լուծի: Մոռանում ենք, որ կիբերանվանգությունը սկսվում է հենց մեզանից, նույնիսկ սովորական հասարակ քաղաքացուց: Անհատական տվյալների, կիբերհարձակումներից պաշտպանության խնդիրն անընդհատ բարձրանում է, բայց մենք պետք է կարողանանք հասկանալ, որ դա բարդ տեխնոլոգիաների հետ չի կապվում, այլ ընդամենը մաքրության հարց է, որը պետք է կարողանանք անհատական մակարդակով հասկանալ» :
Ներսես Երիցյանն ընդգծեց, որ մեկ շաբաթվա ընթացքում կայանալիք միջոցառումներն այնպես են ընտրվել, որ եւ մասնագետները, եւ ոչ մասնագետները, եւ այս համակարգում իրենց ապագան տեսնող մարդիկ կարողանան իրենց համար կիբեր անվտանգության միֆերը վերացնել:
Կարդացեք նաև
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի CyHub Armenia նախաձեռնության ղեկավար Մարի Բարսեղյանը նշեց, որ ուրախ են BSides կոնֆերանսի՝ Երեւանում կազմակերպվելու համար. «Դա շատ հայտնի կոնֆերանս է, որի նպատակը Հայաստանում համայնքի շուրջ մասնագետներին հավաքելն է»: Ասաց նաեւ, որ հետաքրքիր խոսնակներ կունենան:
Մարի Բարսեղյանը տեղեկացրեց, որ Bsides-ն անցկացվում է աշխարհի 60 երկրի շուրջ 200 քաղաքներում, այն հրաշալի հնարավորություն է, որ մարդիկ իրենց տեխնիկական հարցերը քննարկեն համայնքում: «BSides Yerevan-ը Հայաստանը դնում է մեծ քարտեզի վրա»,-ասաց CyHub Armenia նախաձեռնության ղեկավարը:
Հավելենք, որ Կիբեր անվտանգության շաբաթը կշարունակի «CyberGEN 2024» համաժողովը, որը տեղի կունենա մայիսի 22- 24-ը՝ ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում: «CyberGEN 2024»-ը կներառի երկու հիմնական ուղղություն՝ կառավարման, ռազմավարական և կիբեռանվտանգության ռիսկերի շուրջ, ինչպես նաև խորը տեխնիկական թեմաներ։ Միջոցառման 3-րդ օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի Expo-ի շրջանակում ոլորտի տարբեր առաջատար կազմակերպությունների կողմից նոր լուծումների, համակարգերի, գործիքակազմերի եւ պրոդուկտների ներկայացմանը։ CyberGEN համաժողովին սպասվում են խոսնակներ այնպիսի հայտնի կազմակերպություններից, ինչպիսիք են` Trellix, AWS, SimSpace, OpenText Cybersecurity, Google Cloud, CQURE, Kaspersky, F5 և այլն:
Կիբեռանվտանգության շաբաթը կեզրափակի «Bug Bounty» մրցույթը, որի նպատակն է խրախուսել ինչպես երիտասարդ, այնպես էլ փորձառու մասնագետներին՝ իրենց գիտելիքներով ու փորձով նպաստել Հայաստանում թվային լուծումների անվտանգ զարգացմանը: Մասնակից հաքերների թիմերը պետք է փորձեն մուտք գործել և գտնել տրամադրված համակարգերի խոցելիությունները: Լավագույն երեք թիմերը կստանան մրցանակներ։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի