Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՊ-ականներից ովքեր ուզում են թուրքի հետ ապրել, թող գան Տավուշ, մարդիկ պատրաստ են իրենց տները հատկացնել»․ Միհրան Մախսուդյան

Մայիս 16,2024 16:19

«Երեւանում քայլելն այն օգուտը տվեց, որ ժողովուրդը համախմբվեց, հայ ազգը վերջնականապես արթնացավ, տեսավ, թե ինչ է կատարվում սահմաններում»,- Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը՝ անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործողություններին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ բողոքելով սահմանազատման գործընթացի դեմ, ինչն իրականում մարդիկ միակողմանի զիջում են համարում։

Միհրան Մախսուդյանը նշեց․ «Մենք չէինք իմանում, որ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը հերթական անգամ կարող է սեփական ժողովրդին խաբել, ասել՝ գործընթացը կասեցված է, բայց այլ բան անել»։

Նա նշեց, որ այս գործընթացի հենց առաջին օրերին Տավուշում մարդիկ դեմ են եղել միակողմանի սահմանազատմանը։ «Հասանք Երեւան, ասացին, որ սառեցնում են, փափուկ բարձ դնելով ժողովրդի գլխի տակ, նորից սկսեցին ժողովրդի հետեւից գործել։ Մենք ակնհայտ տեսանք, որ ստի ու կեղծիքի մեջ ենք, նորից ժողովրդին խաբում են։ Եվ այսօր ես Երեւանից հասել եմ այստեղ՝ իմ ժողովրդի մոտ կանգնելու»,- ասաց նա։

Մախսուդյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե երեկվա արձանագրությունների ստորագրումից հետո ի՞նչ քայլեր կանի շարժումը։ «Շարժումից կսպասենք քայլեր, հավատացած եղեք, որ լավ է լինելու, ժողովուրդն արթնացել է, ժողովուրդը վստահում է մեկ մարդու՝ սրբազան հորը։ Մարդիկ այսօր սրբազանի կողքին կանգնած են։ Դուք երեկ ինքներդ տեսաք, թե քանի հազար ոստիկանական ուժեր էին բերել կուտակել։ Ես ուղղակի ուզում եմ ոստիկանությանն ասել՝ 2020 թվականի պատերազմում կարմիր բերետավորները, սեւ բերետավորները որտե՞ղ էին։ Ես մարդ էի ուզում ինձ հետ տանել կռվին մասնակցելու, աջ թեւը փակելու, ոստիկանության զորքերը թող բերեիք այնտեղ, ոչ թե սեփական ժողովրդի դեմ ոստիկանական զորքեր կիրառեք։ Ոստիկանության զորքերն այդքան ուժեղ են, կիրառեք սահմանին, Ալիեւն ամեն օր մատ է թափ տալիս մեզ վրա, Ալիեւի դեմ կիրառեք, ոչ թե սեփական ժողովրդի դեմ»,- ասաց նա։

Միհրան Մախսուդյանը նշեց, որ Տավուշի ժողովուրդը հերոս ժողովուրդ է, թույլ չեն տա, որ պատմությունը պղծվի, այսօր իրենք հողի վրա ամուր կանգնած են՝ պաշտպանելու իրենց սեփական տունը, իրենց ազատագրած հողը։ «Այս մարդիկ պատրաստ չեն թուրքի հետ ապրելու, եթե ինչ-որ մեկը կա, որ թուրքի հետ ուզում է ապրել, թող գա ապրի։ Կիրանցին էլ, ոսկեպարցին էլ պատրաստ են իրենց տները հատկացնեն նրանց, ովքեր ուզում են թուրքի հետ ապրել։ ՔՊ-ականներից ովքեր ուզում են թուրքի հետ ապրել, թող գան ապրեն այստեղ, ոչ թե ժողովրդին ասեն՝ հանգստացեք, դա ադրբեջանական հող է։ Դուք ադրբեջանական հող տեսնո՞ւմ եք, մարդկանց տներ են տալիս»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031