Լրահոս
Օրվա լրահոսը

Այսինքն՝ Խորհրդային Միության գոյության ընթացքում մեր սահմանազատվող հատվածներում հերթապահության գործընթաց անցած, այսինքն՝ դե յուրե վերջնականորեն հիմնավորված այլ քարտեզ պարզապես գոյություն չունի. Փաշինյան

Մայիս 16,2024 16:08

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացին: Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Հարգելի գործընկերներ,

Ինչպես տեղյակ եք, երեկ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովները՝ ի կատարումն ապրիլի 19-ի համատեղ նիստի ընդունած արձանագրության, համաձայնեցրել են Հայաստանի Հանրապետության Բաղանիս, Ադրբեջանի Հանրապետության Բաղանիս Այրում, Հայաստանի Հանրապետության Ոսկեպար, Ադրբեջանի Հանրապետության Աշաղ Ասկիպարա, Հայաստանի Հանրապետության Կիրանց, Ադրբեջանի Հանրապետության Խեյրեմլի, Հայաստանի Հանրապետության Բերքաբեր, Ադրբեջանի Հանրապետության Կըզըլ Հաջիլի գյուղերում սահմանային նախանշված հատվածները և ստորագրել են այդ սահմանային հատվածների նկարագրություն-արձանագրությունները:

Ուզում եմ ասել, որ տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն: Ինչո՞ւ եմ համարում մեծ հաջողություն՝ երկու պատճառով: Առաջինը՝ մեր ինքնիշխանության և անկախության հետագա զարգացման և ամրապնդման համար դրվել է մի շատ կարևոր անկյունաքար: Երկրորդը՝ մեր հանրապետությունն անկախությունից ի վեր առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման, որն այս փաստով էականորեն մեծացնելու է անվտանգության և կայունության մակարդակը ոչ միայն նշված գյուղերի հատվածում, այլև ընդհանրապես՝ ամբողջ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով:

Եվ նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով կառավարական հանձնաժողովին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ և բոլոր անդամներին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի բոլոր անդամներին, ովքեր այս ողջ գործընթացում, ըստ էության, ամենօրյա ռեժիմով ներգրավված են եղել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև ձեզ՝ բոլոր ներկաներիդ, որովհետև պարբերաբար ես տեղեկատվություն եմ տվել, թե ինչ է կատարվում սահմանազատման գործընթացի շուրջ:

Մեկ-երկու դետալի վերաբերյալ ուզում եմ լրացուցիչ մեկնաբանություն անել: Համոզված եմ՝ երեկ տեսել եք Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխաններն «Արմենպրես»-ի հարցերին և նկատել եք, որ արձանագրված է, իհարկե, նաև հանձնաժողովների համատեղ հայտարարության մեջ է արձանագրված, որ սահմանազատումը տեղի է ունեցել 1976 թվականի քարտեզներով, որոնք հերթապահության գործընթաց են անցել 1979 թվականին:

Դուք գիտեք, որ մեզ համար սկզբունքային էր, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման ստեղծելու, այլ նախկինում Ալմա- Աթայի հռչակագրով վերահաստատված սահմանները վերարտադրելու գործընթացը: Այսինքն՝ մենք ասում ենք, որ սահմանազատման ընթացքում մենք ոչ թե պետք է սահման ստեղծենք, այլ պետք է վերարտադրենք այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին և ունեն դե յուրե իրավական նշանակություն: Սրա համար մենք նախ հղում էինք անում Ալմա-Աթայի հռչակագրին, և ապրիլի 19-ին դա ամրագրվեց, արձանագրվեց, ընդ որում՝ որպես սահմանազատման ողջ գործընթացի բազային սկզբունք: Հիմա նաև մենք քարտեզների հղումն ունենք, և դրանք Խորհրդային Միության դե յուրե իրավական նշանակություն ունեցող վերջին քարտեզներն են:

Եվ պարզաբանելով «հերթապահության գործընթաց» արտահայտությունը, ուզում եմ նկարագրել պրոցեսը՝ խորհրդային հանրապետությունների միջև, ըստ էության, եթե չասենք անընդհատ, պարբերաբար սահմանային հարցերի ճշգրտումներ են եղել հանրապետությունների ներքին օրենսդրությունների և գործընթացների գործելակարգերի համաձայն, իհարկե, Խորհրդային Միության օրենսդրության շրջանակներում: Իսկ այդ, արդեն իսկ հաստատված գործընթացներին քարտեզագրական մակարդակով վերջնական իրավական ուժ հաղորդել է գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտում Խորհրդային Միության լիազոր մարմինը, որը պարբերաբար, ժամանակ առ ժամանակ հանրապետություններից հավաքել է արդեն իսկ հանրապետություններում իրավական ուժ ստացած որոշումները, ընդ որում՝ ամբողջական կամ հատվածական, այսինքն՝ ինչ տեղեկություն այդ ընթացքում կա, որ իրավական ուժ ունի, հավաքվել են, դրանք վերստուգվել են: Սա շատ կարևոր հանգամանք է, այսինքն՝ ոչ միայն տեղեկությունները հավաքվել են, այլև լիազոր մարմինը ետ է գնացել՝ պարզելու, թե իր ստացած տեղեկությունը, իսկապես, ինչքանով է իրավական հիմնավորված: Եվ, ահա, այս բոլոր տեղեկությունների հիման վրա հաստատել է խորհրդային հանրապետությունների միջև սահմանային գծի քարտեզագրական հիմքը:

Եվ ահա, մեր սահմանազատվող հատվածում 1979 թվականին հերթապահության գործընթաց անցած, այսինքն՝ դե յուրե հաստատված քարտեզներն այդպիսի վերջին քարտեզներն են Խորհրդային Միության օրոք: Այսինքն՝ Խորհրդային Միության գոյության ընթացքում մեր սահմանազատվող հատվածներում հերթապահության գործընթաց անցած, այսինքն՝ դե յուրե վերջնականորեն հիմնավորված այլ քարտեզ պարզապես գոյություն չունի:

Եվ այս սկզբունքը, որ պետք է սահմանների վերարտադրություն տեղի ունենա, մեզ համար չափազանց կարևոր է: Եվ ավելի պարզ լեզվով ասած՝ մենք որդեգրել ենք սկզբունք, որ սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է: Ես ուզում եմ այս նրբությունը մենք բոլորս արձանագրենք՝ սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է: Եվ սա նույնպես չափազանց կարևոր սկզբունք է: Ինչո՞ւ, որովհետև եթե մենք գնայինք այն տրամաբանությամբ, որ այս սկզբունքից շեղվելով՝ մենք պետք է նոր սահմանագիծ ստեղծենք, դա ի՞նչ կնշանակեր, դա կնշանակեր, որ ստեղծում ենք էսկալացիայի և ռազմական բախումների ուղղակի հարատև աղբյուր: Այս մեր գործընթացով, ես, իհարկե, չեմ ուզում մենք գերագնահատենք տեղի ունեցածը, բայց չեմ էլ ուզում՝ թերագնահատենք, այս սկզբունքի ամրագրմամբ, երբ մենք ասում ենք՝ սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է, մենք, ըստ էության, էսկալացիոն կոնտեքստը եթե դուրս չենք բերել, առնվազն էականորեն նվազեցրել ենք: Եվ նաև այս առումով ես տեղի ունեցածը համարում եմ շատ կարևոր և էական հաջողություն:

Հիմա սահմանազատման կոնկրետ արդյունքների վերաբերյալ: Տեսեք՝ մենք ասում ենք, որ օրինակ՝ Բերքաբեր գյուղի հատվածում խնդիր չկար, արդյունքում էլ խնդիր չկա: Մենք ասում ենք, որ Բաղանիս-Ոսկեպար գյուղերի հատվածներում հնարավոր էին խնդիրներ, բայց գործնականում պարզվեց, որ խնդիր չկա, մասնավորապես, գիտեք, որ այնտեղ շատ զգայուն հարցեր կային՝ կապված Սուրբ Աստվածածին եկեղեցու հետ, Ոսկեպարի և նաև Ոսկեպար-Բաղանիս, ինչպես ժողովուրդն ասում է, հին ճանապարհի հետ: Նրանք, ովքեր այդ ճանապարհով երթևեկել են, երբ Ոսկեպար գյուղը կամ հակառակ կողմից Բաղանիս գյուղն անցնում էինք, կար ցուցանակ՝  «Դիտարկվող տեղամաս»: Եվ հիմա՝ սահմանազատման արդյունքում, այդ ճանապարհը ոչ միայն ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության արդեն իսկ դե յուրե հաստատված, վերահաստատված ինքնիշխան տարածքում է, այլև ըստ էության, նոր հանգամանքների բերումով այդ ճանապարհը երթևեկության համար այլևս  անվտանգ է:

Եկեղեցու հատվածում մենք որևէ խնդիր չունեցանք, որովհետև ոչ միայն բուն եկեղեցու առումով, այլ նաև սահմանային գծի եկեղեցուց հեռավորության առումով, որովհետև եթե չեմ սխալվում, համենայնդեպս ինձ ասել են, որ բավականին մեծ տարածություն կա եկեղեցու և սահմանային գծի հատվածում: Հիմա ինչո՞ւ խնդիր չկա Ոսկեպար-Բաղանիս հատվածում և խնդիր չկա Բերքաբերի հատվածում, որովհետև մենք որդեգրել են այդ սկզբունքը՝ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է:

Եվ ինչո՞ւ մենք որոշակի խնդիրներ կարող ենք ունենալ և ունենք Կիրանցի հատվածում, նորից նույն պատճառով, որովհետև մենք որդեգրել ենք սկզբունք, որ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է: Եվ այս սկզբունքն, ընդ որում, շատ կարևոր է: Այս քարտեզագրական, քաղաքական և իրավական հիմքերի արձանագրումը շատ կարևոր է, որ ինքն, ըստ էության,  գործուն է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի բոլոր տեղամասերի և հատվածների համար: Ընդ որում՝  ուզում եմ ասել, որ սա կարևորագույն շարժառիթներից մեկն է մեզ համար, որ մենք համաձայնվել ենք այս սկզբունքը որդեգրելիս, որովհետև մենք հաշվի ենք առել, որ հիմա ստեղծում ենք ոչ միայն նախադեպ, այլև ստեղծում ենք սահմանազատման բանաձև, որը պետք է գործի սահմանազատման հետագա ամբողջ գործընթացի համար: Եվ սա  նշանակում է, որ և՛ Ադրբեջանի, և՛ մեզ համար սահմանազատման գործընթացը դառնում է մաքսիմալ կանխատեսելի:

Իհարկե, նորից եմ ասում, այնտեղ, որտեղ կողմերը կհամարեն, որ որոշակի կոմպրոմիսների անհրաժեշտություն կա, դա էլ մեր օրենսդրություններին, ընթացակարգերին համապատասխան նույնպես կարող է քննարկվել: Բայց այս փուլի ամենակարևոր արձանագրումն այն է, որ ձևավորվել և հաստատվել է սկզբունք, որը գործելու է Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ամբողջ երկայնքով և ամբողջ երկայնքով մենք գնալու ենք գոյություն ունեցած, Խորհրդային միության փլուզման պահին իրավական ուժ ունեցած սահմանը վերարտադրելու ճանապարհով:

Այն հատվածներում, որտեղ խնդիր ունենք, որոշակի խնդիրներ կարող են ծագել, կառավարությունը բոլոր այդ խնդիրները հետևողականորեն կլուծի: Արդեն ասել ենք, որ այդ խնդիրները մեր խնդիրներն են, դրանք Կիրանցի ժողովրդի կամ մի քանի ընտանիքների խնդիրներ չեն, դրանք մեր խնդիրներն են և մեր կառավարության խնդիրն է, իմ խնդիրն է, և մենք այդ խնդիրները հետևողականորեն կլուծենք:

Եվ ուզում եմ ուղղակի կիսել իմ համոզմունքը, ես ուղղակի համոզված եմ, որ մենք կայացրել ենք մի որոշում, որն անկյունաքարային է դեռևս 2019թ. մեր հայտարարած ռազմավարական նպատակն իրագործելու ճանապարհին, իսկ այդ ռազմավարական նպատակը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, անկախ պետության գոյության հարատևության համար պայմաններ ստեղծելն էր: Այսօր այդ պայմաններից կարևոր մեկն ապահովված է, իհարկե այն մասով, ինչ մասով հայտարարված է, բայց կարևոր է նաև, որ  հետագայի համար բացվել է որոշակի հորիզոն, որը մեզ համար մաքսիմալ կանխատեսելի կարող է լինել: Այսքանն էի ուզում ասել, պարոն Գրիգորյան ունե՞ք որևէ բան ավելացնելու:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան – Ոչ պարոն վարչապետ, ուղղակի ավելացնեմ, որ երեկ հանդիպման ընթացքում նաև շարունակվել են քննարկումները կանոնակարգի հետ կապված, կարծես համաձայնություն կա, որ այս գործընթացում որդեգրած սկզբունքներն արտացոլվելու են կանոնակարգի մեջ և նախագծի վրա աշխատանքներն ինտեսիվ շարունակվելու են: Նաև ուզում եմ վերահաստատել, որ ադրբեջանական կողմը նույնպես հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով, նույն ալգորիթմով, որն այս անգամ մենք կիրառեցինք: Շնորհակալություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ, իհարկե մենք նաև առաջիկա 8-10 օրերի ընթացքում պետք է արդեն կայացրած որոշումներն իրագործելու հարցով զբաղվենք, չնայած պետք է ասեմ, օրինակ՝ արդեն մի շաբաթից ավելի կամ նույնիսկ 10 օր Բաղանիս-Ոսկեպար հատվածում Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերն իրականացնում են ծառայություն, այսինքն՝ այն պահից, երբ սահմանային ձեզ հայտնի սյուները տեղադրվեցին, այսինքն՝ այդ հատվածում սյուների տեղադրման աշխատանքներն ավարտելուց անմիջապես հետո սահմանապահ զորքերը տեղակայվել են, հիմա ուսումնասիրում են տեղանքը, որպեսզի արդեն այդտեղ մշտական ծառայություն իրականացնեն: Մյուս հատվածներում նույնպես այդ նույն գործընթացը տեղի կունենա»:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031