ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն մայիսի 10-ին հրապարակել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո պարտավորությունների կատարման վերաբերյալ եզրահանգումները։
Հրապարակված զեկույցով Կոմիտեն խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակում Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ ու ծանր խախտումների մասին հաղորդումների վերաբերյալ։ Դրանք իրականացվել են ազգային ու էթնիկ պատկանելությամբ հայ ռազմագերիների և այլ պաշտպանվող անձանց նկատմամբ, այդ թվում՝ արտադատական սպանությունները, խոշտանգումները և վատ վերաբերմունքի այլ դրսևորումները, ինչպես նաև հանցագործությունների ձայնագրման և տեսանյութերի տարածման գործողությունները։
Ըստ կոմիտեի, դրանք պատկերում են սարսափելի գործողություններ՝ ներառելով ողջ անձանց գլխատման, դիակների պղծման եւ անդամահատման դեպքեր, այդ թվում՝ դրանք կատարվում են տեսախցիկի առաջ այնպես, որ ենթադրվում է կատարողների մոտ պատասխանատվության ենթարկվելու վախի իսպառ բացակայությունը։
Կարդացեք նաև
«Սա Ադրբեջանի 5-րդ պարբերական զեկույցի քննարկումն էր՝ ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի կողմից՝ ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոնվենցիայի հիման վրա իրավունքների ապահովման եւ Ադրբեջանի պարտավորությունների համատեքստում»,-Մեդիա կենտրոնում թեմայի վերաբերյալ քննարկման ժամանակ նշեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Արաքս Մելքոնյանը: Նրա խոսքով. «Չորրորդը եղել էր 2015թ, այսինքն` բավական մեծ ժամանակահատված Ադրբեջանը չէր ներկայացրել 5-րդ պարբերական զեկույցը, որի հիման վրա կոմիտեն պետք է գնահատեր գործողությունները: Այս տարի եղել են քննարկումներ, լսումներ, նաեւ քաղաքացիական հասարակությունը հնարավորություն է ունեցել ներկայացնելու այլընտրանքային զեկույցներ, ինչը եւ մենք ենք արել, եւ Արտակ Բեգլարյանն՝ այլ խմբով:
Ներկայացրել ենք շեշտադրումներ դեռեւս 2016, 2020, 2021, 2022 թվականների ադրբեջանական հանցագործությունների, ինչպես նաեւ տարբեր ժամանակահատվածներում քաղաքացիական անձանց նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ, նաեւ ատելության խոսքի մասին, որի հիման վրա կատարվում են ահասարսուռ հանցագործությունները եւ առհասարակ հայատյացության քաղաքականությունն Ադրբեջանում»:
Արաքս Մելքոնյանի խոսքով. «Ադրբեջանն ամբողջությամբ անպատժելիություն է ապահովում իր ներկայացուցիչների կողմից ազգային եւ էթնիկ հիմքով հայերի հանդեպ իրականացված հանցագործությունների համար: Մենք մեր զեկույցում անդրադարձել էինք նաեւ Արցախի շրջափակմանը եւ դրա հետեւանքներին»:
Եզրահանգումների հրապարակմանը նախորդել էին քննարկումներ, որոնց Ժնեւում մասնակցել է նաեւ «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ, Արցախի նախկին ՄԻՊ և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Մի քանի այլընտրանքային զեկույցներ էլ են ներկայացվել տարբեր ՀԿ-ների, այդ թվում՝ նաեւ ոչ հայկական կազմակերպությունների կողմից: Զեկույցների հիմնական մասը վերաբերում էր հակամարտության պայմաններում հատկապես հայերի հանդեպ տեղի ունեցած խոշտանգումների կամ անմարդկային վերաբերմունքի դեպքերին: Այս քննարկումը բավական ուշացումով է տեղի ունեցել, հավանաբար քովիդի պատճառով էր հետաձգումը, բայց ֆորմալ առումով քննարկվում էր 2016-19թթ շրջանը: Անձամբ իմ սպասումն այն էր, որ կոմիտեի անդամները կարող են սահմանափակվել այս ժամանակահատվածով, այնինչ քննարկման եւ հարցուպատասխանի ժամանակ հարցերի ճնշող մեծամասնությունը վերաբերում էր վերջին տարիներին եւ ներկա ընթացքին, ինչն ուրախալի է»,-նշեց Արտակ Բեգլարյանը:
Նրա խոսքով. «Մեր ներկայացրած զեկույցում, իմ եւ գործընկերների ելույթներում կարմիր թելի պես անցնում էր հետեւյալ շեշտադրումը՝ քանի որ 2016-19թթ եւ նախընթաց շրջաններում տեղի ունեցած խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի դեպքերը պատշաճ պատժի ու միջազգային ուշադրության չեն արժանացել, հետագա տարիներին՝ 2020, 2021, 2022, 2023թթ ունեցել ենք ավելի դաժան հանցագործություններ: Այստեղից բխեցրել ենք, որ նույնիսկ հիմա խնդիրը վառ արտահայտված է, որովհետեւ այնտեղ ունենք առնվազն 23 հաստատված պատանդներ կամ գերիներ, որոնց հանդեպ հանցագործությունները շարունակվում են: Այդ օրերին Ռուբեն Վարդանյանը դեռեւս հացադուլի մեջ էր, դրա մասին էլ ենք խոսել: Շատ պարզ օրինակ է՝ մարդը հացադուլ է հայտարարել, երկու շաբաթ շարունակ ընտանիքը, փաստաբանները տեղյակ չէին, հետո տեղեկացանք, որ ուղղակի արյան ճնշումն են ստուգել, ինչը խոշտանգման ենթարկվելու եւ անմարդկային վերաբերմունքի հստակ ապացույց է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ