Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ բողոքելով «սահմանազատման գործընթացի» դեմ, ինչը մարդիկ իրականում միակողմանի զիջում են համարում։
Այսօր առավոտից Կիրանցի բնակիչները իրենց դժգոհությունն են հայտնում այս գործընթացի եւ երեկ ստորագրված արձանագրությունների դեմ։
Ոստիկանության ներկայացուցիչները Կիրանցում են, Պարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը դիմեց բնակիչներին․
Կարդացեք նաև
«Ճանապարհ ես փակել, քո պահանջն ի՞նչ է»։
«Մեր պահանջն այն է, որ մեր տները, մեր հողը անցնում է թուրքին։ Վկայական ունենք, բայց վկայականը մարդու ձեռքին, տունն անցնում է թուրքին»,- ասաց գյուղացիներից մեկը։
«Մեկ ամսից թուրքը գալու է այս ճանապարհը փակի, էլի գալու եք բացեք, եթե գալու եք բացեք, ես հիմա կբացեմ»,- ասաց Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը։ Նա նշեց, որ պահանջում են, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանը գա Կիրանց ու արձանագրի, որ մարդկանց իրավունքները ոտնահարվում են։
«Այստեղ 57 մարդու վկայական կա, երկու մարդու տուն՝ Կադաստրի վկայականով իրեն պատկանող, անցնում է Ադրբեջանին իրենց հրապարակած քարտեզով։ Այս ճանապարհը երբեք Ադրբեջան չի եղել, հիմա մենք փակել ենք ճանապարհը, որպեսզի ՄԻՊ-ը, մեր սիրելի մարզպետը բոլորը գան, մեր հարցերին պատասխան տան»,- հավելեց նա։
Արթուր Մկրտչյանն ասաց, որ ճանապարհը փակելու իմաստը չի տեսնում, Տավուշի մարզպետը պատրաստ է հանդիպել բնակչության հետ։ Պայմանն այն է, որ լրատվամիջոցները չպետք է ներկա լինեն այդ հանդիպմանը։
«Ինքը Կիրանց գյուղի շնչառությունը փակել է, Հայաստանի շնչառությունը փակել է այդ մարդը։ Հայտարարություն է արել, որ կամուրջը տվել է Ադրբեջանին»,- ասաց գյուղացիներից մեկը։
Բնակիչներից մեկն էլ նշեց․ «Սոցցանցերում տարածել են, որ իբր 25 հա հողատարածքը վերադարձրել են կիրանցիներին։ Այդ 25 հեկտար հողատարածքը պատկանում է մեզ, ականապատ հողատարածք է, որը մեր հսկողության տակ է։ Այդ ո՞նց վերադարձրին մեզ»։
Գյուղացիներն ասում են, որ եթե հղում են անում 1976 թվականի քարտեզներին, ըստ այդ քարտեզների՝ կամուրջն էլ է Հայաստանի տարածքում, ճանապարհն էլ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կիրանցով ստուգում են Սյունիքի մասնատման մոդելը:
Եվրոպական և ռուսական մամուլը շեշտը դնում է նրա վրա, որ Կիրանցում կարևորագույն ստրատեգիկ նշանակություն ունեցող զիճումներ են տեղի ունենում (Լե Ֆիգարո, Կոմմերսանտ,…): Հուշում են, որ նույն ձևակերպումով արվելու են զիճումներ Սյունիքում;
Պահեք կատարվողի այս պատկերը` Կիրանցով փորձարկում են Սյունիքի մասնատումը: