Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ բողոքելով սահմանազատման գործընթացի դեմ, ինչը մարդիկ իրականում միակողմանի զիջում են համարում։
Այսօր առավոտից Կիրանցի բնակիչները իրենց դժգոհությունն են հայտնում այս գործընթացի եւ երեկ ստորագրված արձանագրությունների դեմ։
Կիրանցի բնակիչները, որոնց տները կանցնեն ադրբեջանական վերահսկողության տակ, առավոտյան եկել են գյուղապետարան։ Գյուղացիները նաեւ հայտարարել են, որ իրենց փոխհատուցում պետք չէ, իրենք ուզում են անվտանգ ապրել իրենց գյուղում։
Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը բնակչությանն ասել է, որ այսօր ԱԱԾ-ից եկել են Կիրանց՝ զորքերի տեղակայման մասին խորհրդակցելու։ «Փոխհատուցման մասին ոչ մի բան չի քննարկվել նրանց հետ, միայն քարտեզն ենք ցույց տվել ԱԱԾ ներկայացուցիչներին»,- ասել է համայնքի ղեկավարը։
Կարդացեք նաև
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են Կիրանց` իրավիճակին տեղում ծանոթանալու համար:
Պարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը փորձել է համոզել Կիրանցի բնակիչներին բացել ճանապարհը:
Կիրանցեցի Գոհար Վարդանյանն էլ հավելում է` Ադրբեջանին է անցնում 2 մարդու տուն, կամուրջը, ճանապարհը, որը երբեք Ադրբեջան չի եղել:
Կիրանցեցիները պահանջում են հանդիպում ՄԻՊ–ի և Տավուշի մարզպետի հետ:
Լուսանկարը՝ Գոհար Վարդանյանի ֆեյսբուքյան էջից