Իշխանական մեդիա-ռեսուրսները՝ հղում անելով Կանադայում լույս տեսնող Armenian Mirror-Spectator շաբաթաթերթի 2013 թվականի հունիսին լույս տեսած մի հրապարակման՝ նշում են, որ իբր Բագրատ սրբազանը ժամանակին Կանադայի թեմը ներքաշել է ֆինանսատնտեսական գործունեության մեջ, որի արդյունքում գոյացել են հսկայական պարտքեր, նույնիսկ փորձել է գրավ դնել Քվեբեքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:
Այս թեզը տարածում են ոչ միայն իշխող ուժի, այլեւ նրանց սատարող տարբեր գործիչները: Սակայն ժամանակի մամուլը այլ բան է ասում:
2013թ հունիսի 26-ին Կանադայի Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդները հույս էին հայտնել, որ Բագրատ սրբազանին կրկին կտեսնեն Հայ Առաքելական եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդ, ինչին ժամանակին անդրադարձել է նաեւ հայաստանյան մամուլը, այդ թվում՝ 168.ժամը:
Կարդացեք նաև
«Հետքը» նույնպես 2013 թվականին անդրադարձել է թեմային, հրապարակելով ծավալուն հարցազրույց «Դեպի Հայք» հիմնադրամի Կանադայի ներկայացուցիչ Րաֆֆի Քիոհնիլիանի հետ, ըստ որի՝ Հայ առաքելական եկեղեցու այս թեմի ընտրությունները կեղծված են եղել, ժողովուրդը շատ սիրել է Բագրատ Սրբազանին, նրա ձեռնարկներին ավելի շատ մարդիկ են մասնակցել: Նաեւ անուններ է նշել, թե ովքեր էին կազմակերպել նրա դեմ այդ արշավը:
Կանադահայոց թեմը մայիսի 14-ին հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է, որ հետեւում է հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին ու մեծ համախմբում բերած «Տավուշը հանուն հայրենիքի շարժմանը»: Հայտարարության մեջ փաստվում է, որ Տավուշի թեմի ներկայիս առաջնորդ Գերաշնորհ տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անձի վերաբերյալ, որը եղել է Կանադահայոց թեմի առաջնորդը, հաճախ անտեղի ակնարկներ են արվում:
«Գերաշնորհ տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2003-2013 թթ պաշտոնավարել է որպես Թեմի երրորդ առաջնորդ: Կանադահայոց թեմն անցել է կազմավորման հաջորդական բազում դժվար հանգրվաններով, որոնցից է նաեւ, անկասկած, Բագրատ Սրբազանի պաշտոնավարության շրջանը: Հեշտ է ազատորեն կատարել լուրջ զրպարտություններ ու քննադատություններ Թեմը գլխավորած Առաջնորդի հասցեին՝ առանց ունենալու արծարծվող խնդիրների բոլոր մանրամասնությունները: Իրականում Բագրատ Սրբազանն իր տասը տարիների պաշտոնավարման շրջանում, բացի թեմական ընթացիկ աշխատանքներից՝ տքնաջան գործունեություն է տարել հաջողության հասցնելու հատկապես եկեղեցաշինական աշխատանքը:
Անարդար է հետ դարձ կատարել այդ օրերի հարցերին եւ երեւույթներին՝ առանց մանրամասնելու բոլոր տվյալները: Վստահաբար կարող ենք շեշտել, որ Գերաշնորհ տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը տքնաջան աշխատել է՝ լավագույն լուծումներին հասնելու համար»,-ասված է Կանադահայոց թեմի տարածած հայտարարության մեջ:
Ինչ վերաբերվում է Սրբազանի վարած թանկարժեք մեքենային,որի վերաբերյալ նույնպես շահարկումներ եղան, այդ մասին էլ ասվում է. «Ինքնաշարժը պատկանում է թեմին, ոչ թե անձնապես առաջնորդին, եւ արժեքը որոշվում ու հաստատվում է թեմական կարգավորումներով: Կանադահայոց թեմի կանոնադրության համաձայն՝ Թեմի վարչական եւ ֆինանսական հարցերի մասին որոշումները կայացնում է Թեմական խորհուրդը, ոչ թե առաջնորդը, ուստի վերագրել Առաջնորդին զանցանքներ, որոնց իրավասությունը նա չի ունեցել կանոնադրության համաձայն, հերյուրանք է եւ զրպարտություն: Ահա թե ինչու անտեղի եւ անարդար վերագրումներ են կատարվում Բագրատ սրբազանի հասցեին:
Մեր պահանջն է, որ Մայր աթոռ սուրբ էջմիածինն ու նրա գահակալ ամենայն Հայոց Հայրապետը վեր պահվին բոլոր հակամարտություններից: Մյուս թեմերի կողքին Կանադահայոց թեմը նույնպես ամբողջովին զորակցում է նրանց առաքելության ու անսասանության»:
Իր մասին հերյուրանքներին անդրադարձել է նաեւ Բագրատ սրբազանը: «Ամոթ էլ չունեն։ Սրանց համար երեւի նոր մակարդակով, նոր էտապով դժոխք է ստեղծվելու։ Սովորական դժոխքում չեն էլ հայտնվելու, չգիտեմ՝ ինչ է լինելու սրանց վերջը։ Մարդասպան են, մարդուն սպանում են, պրոֆիլ են ստեղծում, զրկում են ինքնությունից, ասում են՝ հիմա ինչ-որ բան գրի ինչ որ մեկի մասին, եւ իրենց էդ օրգանները․․․ ծառայող են սրան, նրան, փող կտան՝ կգրեն, փող չեն տա՝ չտվողների դեմ կգրեն»,-ասել էր Սրբազանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ